Մատչելիության հղումներ

Հաագայի դատարանը Երևանից ու Բաքվից պահանջեց կանխել ռասայական ատելության հրահրումն ու տարածումը


ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը ներկայացրեց իր որոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի հրատապ միջոց կիրառելու դիմումների վերաբերյալ։

Հայաստանի պահանջներից մեկը գերիների անհապաղ ազատ արձակումն էր:

Թեև դատարանը նշեց, որ միջազգային հումանիտար իրավունքը սահմանում է, որ որևէ պետության կողմից ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված անձինք պետք է ազատ արձակվեն, այնուամենայնիվ դատարանը չհամարեց, որ «գերիներ կամ պահվող անձինք համարվող բոլոր մարդիկ պետք է հայրենադարձվեն», քանի որ Հայաստանը չի ներկայացրել ապացույցներ, որ այս մարդիկ շարունակում են պահվել Ադրբեջանում իրենց ազգության կամ ռասայական ծագման հիմքով։

Հիշեցնենք` Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործերը դատարանը քննում է Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի շրջանակում։

Հաագայի դատարանը, սակայն, համարեց, որ Ադրբեջանում պահվող մարդիկ չպետք է ենթարկվեն անմարդկային կամ ստորացուցիչ վերաբերմունքի իրենց ազգային պատկանելության պատճառով, նրանք պետք է պաշտպանված լինեն բռնությունից և մարմնական վնասվածքներից։

«Ադրբեջանը պարտավոր է ապահովել 2020 թվականի հակամարտության հետ առնչություն ունեցող գերեվարված բոլոր մարդկանց անվտանգությունը, ձեռնարկել բոլոր քայլերը` կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումն ու նպաստումը, այդ թվում` պաշտոնյաների և հանրային ինստիտուտների կողմից, որոնք թիրախավորում են ծագումով հայ մարդկանց, ինչպես նաև ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ կանխելու և պատժելու վանդալիզմի դրսևորումները հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, ներառյալ` պաշտամունքի վայրերի, հուշարձանների, գերեզմանատների և այլն», - ամփոփեց դատավոր, դատարանի նախագահ Ջոան Դոնահյուն։

Փոքր ընդմիջումից հետո Արդարադատության միջազգային դատարանը ներկայացրեց նաև իր որոշումը Ադրբեջանի՝ հրատապ միջոց կիրառելու դիմումի վերաբերյալ։

Բաքուն պնդել էր, որ անգամ պատերազմից հետո Հայաստանը կանխում է էթնիկ ադրբեջանցիների վերադարձը իրենց նախկին բնակավայրեր, քանի որ ականապատել է տարածքները և չի տրամադրում անհրաժեշտ քարտեզները ականազերծման համար։

Դատարանը չի համարում, որ Հայաստանը պարտավոր է ձեռնարկել քայլեր` աջակցելու Ադրբեջանին իրականացնելու ականազերծում, ինչպես նաև Ռասայական խտրականության վերացման հանձնաժողովը չպետք է քայլեր իրականացնի, որ Հայաստանն այլևս չտեղադրի ականներ։

Դատարանը հայտարարեց նաև, որ Ադրբեջանը չի ներկայացրել ապացույցներ առ այն, որ Հայաստանի՝ ենթադրյալ կատարած ականապատումը տեղի է ունեցել «էթնիկ ադրբեջանցիներին իրենց իրավունքներից զրկելու նպատակով»։

Հայաստանի վերաբերյալ դատարանը որոշեց. «Հայաստանը իր ստանձնած պարտավորությունների համապատասխան պետք է բոլոր միջոցները ձեռնարկի՝ կանխելու ռասայական ատելության հրահրումն ու տարածումը, այդ թվում` իր տարածքում գործող կազմակերպությունների և անհատների կողմից՝ ուղղված էթնիկ ադրբեջանցիների դեմ»։

Դատարանն անհրաժեշտ համարեց երկու կողմերին ուղղված լրացուցիչ միջոց ձեռնարկել, որպեսզի ապահովվի նրանց միջև վեճի հետագա չսրումը։

«Երկու կողմերը պետք է ձեռնպահ մնան ցանկացած գործողությունից, որը կարող է սրել կամ երկարացնել վեճը՝ դատարանի համար ավելի դժվարացնելով դրա լուծումը», - հայտարարեց Հաագայի դատարանի նախագահը։

Հաագայի դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի ընդհանուր գործերը դեռ շարունակելու է քննել, և այդ գործընթացը կարող է տևել երկար տարիներ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG