Մատչելիության հղումներ

Լիրայի չդադարող անկման ֆոնին հրաժարական է ներկայացրել Թուրքիայի ֆինանսների նախարարը


Թուրքիա - Ստամբուլի առևտրական թաղամասերից մեկում, նոյեմբեր, 2021թ․
Թուրքիա - Ստամբուլի առևտրական թաղամասերից մեկում, նոյեմբեր, 2021թ․

Ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի չդադարող անկման ֆոնին հրաժարական է ներկայացնում Թուրքիայի կառավարության տնտեսական բլոկի առանցքային պատասխանատուներից մեկը՝ ֆինանսների նախարար Լյութֆի Էլվանը։ Այս մասին հայտնի դարձավ չորեքշաբթի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ լիրան հերթական բացասական ռեկորդը սահմանեց՝ մեկ օրում արժեզրկվելով շուրջ 4 տոկոսով։

Կառավարական Resmi Gazete պաշտոնաթերթի տեղեկություններով՝ Էլվանն ինքն է հրաժարականի դիմում ներկայացրել՝ խնդրելով երկրի նախագահին ազատել իրեն պաշտոնական պարտականությունների կատարումից։

Նախարարի այս որոշումը հրապարակվեց մի իրավիճակում, երբ ընդամենը մեկ շաբաթում Թուրքիայի ազգային տարադրամն արժեզրկվել էր 27 տոկոսով։ Մի շարք արևմտյան և տեղացի փորձագետների համոզմամբ՝ լիրայի չդադարող անկման գլխավոր պատճառը նախագահ Էրդողանի և նրա մերձավոր թիմակիցների որդեգրած տնտեսական քաղաքականությունն է, որի հիմքը բանկային տոկոսադրույքների շարունակական նվազեցումն է։

«Ողջ աշխարհը գիտի, որ ես դեմ եմ բարձր տոկոսադրույքներին։ Ես երբեք դրանց կողմնակիցը չեմ եղել և վաղն էլ իմ այս տեսակետը փոխել չեմ պատրաստվում», - երեկ Անկարայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Ի դեպ, իր այս տեսակետը Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերահաստատել էր նաև երկու շաբաթ առաջ կայացած մեկ այլ նույնանման հավաքի ժամանակ։ Թուրքական լրատվամիջոցները, սակայն, նկատել էին, որ այդ օրը բարձր տոկոսադրույքների անթույլատրելիության մասին հայտարարություններից հետո դահլիճում գտնվող բոլոր պատգամավորներն ու նախարարները ծափահարել էին՝ բացառությամբ ֆինանսների նախարարի։ Այդ դրվագից հետո թուրքական մամուլը եզրակացրել էր՝ Լյութֆի Էլվանի օրերը նախարարի պաշտոնում հաշվված են։ Երեկ արդեն այդ կանխատեսումն իրականություն դարձավ։

Նախարարի պաշտոնում Էլվանին կփոխարինի նրա տեղակալ Նուրեդդին Նեբաթին։ Ի տարբերություն իր նախորդի՝ Նեբաթին ցածր տոկոսադրույքների քաղաքականության հետևողական կողմնակից է և, ըստ տեղական մամուլի, վայելում է Էրդողանի լիակատար վստահությունը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ Նեբաթին բավական մոտ է նաև Էրդողանի փեսայի՝ մինչև 2020 թվականի նոյեմբերը ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Բերաթ Ալբայրաքի հետ, որի պաշտոնավարման օրոք հենց սկսվեց լիրայի կտրուկ արժեզրկումը։

«Մենք հրաժարվել ենք այն դրամավարկային քաղաքականությունից, որի հիմքում բարձր տոկոսադրույքներն էին։ Մենք այն փոխարինել ենք տնտեսական աճին միտված քաղաքականությամբ, որի հիմքում են ներդրումները, զբաղվածության մակարդակի աճը, արդյունաբերության և արտահանման ծավալների խթանումը», - երեկ թուրքական խորհրդարանում հայտարարում էր Էրդողանը՝ բարձր տոկոսադրույքների հաշվին եկամուտ ապահովող տնտեսվարողներին համեմատելով տզրուկների հետ։

Բայց նույնիսկ Էրդողանի մերձավոր թիմակիցները կարծես սկսել են հասկանալ՝ մեկ տարում ազգային տարադրամի գրեթե 70 տոկոսանոց արժեզրկման և 20 տոկոսի հասնող գնաճի պայմաններում դրամավարկային քաղաքականությունը չի կարող շտկումների չենթարկվել։ Թուրքիայի նախագահի անվերապահ վստահությունը վայելող տնտեսական գործիչներից ևս մեկը՝ Կենտրոնական բանկի նախագահ Շահապ Քավջիօղլուն, Dunya պարբերականի փոխանցմամբ, այսօր տեղացի ներդրողների հետ հեռավար խորհրդակցության ժամանակ արդեն իսկ հայտարարել է․ - «Տոկոսադրույքների նվազեցման քաղաքականությունը հիմնականում ավարտված է, և ապագայում նման գործողությունների դիմելու հնարավորությունները սահմանափակ են»։

Երեկ էլ Թուրքիայի Կենտրոնական բանկը ստիպված էր արտարժութային շտապ ինտերվենցիա իրականացնել ֆինանսական շուկայում՝ լիրայի փոխարժեքի անվերահսկելի անկումից խուսափելու համար։

Փորձագետների համոզմամբ, այդուհանդերձ, այս բոլոր քայլերը զուտ իրավիճակային բնույթ ունեն, և թուրքական տնտեսությունը ավելի հիմնարար լուծումների կարոտ է։ Այս առումով, ամենայուրահատուկ գաղափարն առաջ է քաշել Նյու Յորքում գործող Lioness Capital ֆինանսական ընկերության ծագումով թուրք ղեկավարներից մեկը՝ Ասլի Կարահան-Այը։ Politico հանդեսում այսօր հրապարակված հոդվածում ֆինանսիստը կոչ է անում Թուրքիան ներգրավել եվրոյի գոտում՝ առանց այդ երկիրը Եվրամիության լիիրավ անդամ դարձնելու։

«Նման նախադեպ արդեն իսկ գոյություն ունի։ Անդորրան և Սան Մարինոն թեև ԵՄ անդամներ չեն, սակայն որպես ազգային տարադրամ օգտագործում են եվրոն», - նշում է տնտեսագետը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի ընդգրկումը եվրոյի գոտում, մի կողմից, չի խախտի ԵՄ ներսում առկա ուժերի հավասարակշռությունը, մյուս կողմից՝ կկայունացնի Թուրքիայի և հարևան պետությունների ֆինանսական շուկաները։ Բացի այդ, հոդվածագրի համոզմամբ, լիրայի փոխարինումը եվրոյով նոր հնարավորություններ կստեղծի եվրոպական այն ընկերությունների համար, որոնք կցանկանան մուտք գործել թուրքական շուկա։

«Այդ դեպքում եվրոպական ընկերությունները կկարողանան օգտվել Թուրքիայի համեմատաբար էժան, երիտասարդ և արտադրողականության բարձր մակարդակ ունեցող աշխատուժից», - համոզված է Ասլի Կարահան-Այը։

XS
SM
MD
LG