Մատչելիության հղումներ

Անկարայում բազմամարդ ցույցեր են՝ իշխանությունների հրաժարականի պահանջով


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շրջապատված իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներով, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ շրջապատված իր «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներով, արխիվ

Հազարավոր մարդիկ Անկարայում փողոց են դուրս եկել՝ թուրքական արժույթի կտրուկ անկման և գների շարունակական բարձրացման դեմ։ Թուրքական աղբյուրներում տարածվող տեսանյութերում երևում է՝ինչպես են ցուցարարներն անցնում մայրաքաղաքի կենտրոնական հատվածներով՝ պահանջելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հրաժարականը։

Լիրան անցած մեկ օրում արժեզրկվել է ավելի քան տասը տոկոսով և հասել ռեկորդային ցածր ցուցանիշի՝ Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարություններից հետո։ Երեկ երկրի ղեկավարը կրկին աջակցություն էր հայտնել Կենտրոնական բանկի քաղաքականությանն ու պնդել, թե կհաղթի պատերազմում, որ մղվում է հանուն «տնտեսական անկախության»։

«Մենք տեսնում ենք, որ որոշ ուժեր խաղում են՝ արժույթի, վերաֆինանսավորման տոկոսադրույքի ու գնաճի հետ», - կառավարության նիստից հետո հայտարարել էր նա։

Թե ում մասին է խոսքը, Էրդողանը չէր հստակեցրել, բայց պնդել էր՝ կառավարությունը պատրաստ է կամքի ուժը ցույց տալ և «սեփական խաղը խաղալ»։

Ընդդիմախոսներն ու անկախ փորձագետները, սակայն, Էրդողանի լավատեսությունը չեն կիսում․ տարեսկզբից լիրան արժեզրկվել է մոտ 40տոկոսով՝ արձանագրելով վատագույն ցուցանիշը զարգացող երկրների արժույթների շարքում։

Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Սեմիթ Թումենը, որին նախագահ Էրդողանը աշխատանքից ազատել էր անցյալ ամիս, կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուրքական արժույթն ամրապնդելու համար։ «Մենք պետք է վերադառնանք թուրքական լիրայի և մարդկանց բարեկեցությունը պահպանող իմաստալից քաղաքականության», - գրել է նա Թվիթերում։

Եվրոպայի խոշորագույն ֆինանսական կազմակերպություններից մեկի՝ BlueBay Asset Management-ի տնտեսագետներից մեկն էլ աշխատակիցներին հղած նամակում պնդել է՝ ինչ-որ մեկը նախագահական պալատում պետք է թփթփացնի Էրդողանի ուսին, ու ասի՝ «լսիր, ամեն ինչ ձախողել ես, ընդունիր, որ սխալ էիր, մի կողմ քաշվիր, և թույլ տուր, որ մասնագետները ղեկավարեն Կենտրոնական բանկը»։

Ընդդիմախոսները, մասնավորապես, պնդում են, որ Էրդողանը ճնշում է գործադրում Կենտրոնական բանկի վրա՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքները իջեցնելու համար․ Էրդողանի հաշվարկներով, դա պետք է կայունացնի սրընթաց գնաճը, նպաստի ներդրումներին ու խթանի նոր աշխատատեղերի ստեղծումը։ Իրականում, սակայն, վիճակագրությունը հակառակ պատկերն է առայժմ արձանագրում։ Վերջին ամիսներին գները բարձրացել են մոտ քսան տոկոսով՝ էապես հարվածելով շարքային քաղաքացիների գրպանին ու տնտեսությանը։

Գների կտրուկ աճի և լիրայի ռեկորդային անկման ֆոնին՝ անցած շաբաթ, Թուրքիայի ընդդիմությունը հարց էր բարձրացրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին։

«Ներկայիս իշխանությունն ի զորու չէ հաղթահարել տնտեսական խնդիրները», - հայտարարել էր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։

Ռեջեփ Էրդողանը, սակայն, կտրականապես բացառել է արտահերթի գնալու հնարավորությունը։ «Դրանք կանցկացվեն ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2023-ին, և մենք կրկին կհաղթենք», - այսօր ասել է Թուրքիայի 67-ամյա ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG