Մատչելիության հղումներ

Ռոբերտ Մաթոսյանի «Տասը օր Անրի Վեռնոյի հետ» գրքույկը սպասում է իր հրատարակչին


Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված երևանյան միջազգային կոնֆերաստի պաստառը։
Անրի Վեռնոյի 100-ամյակին նվիրված երևանյան միջազգային կոնֆերաստի պաստառը։

2020 թվականի հոկտեմբերի 15-ին լրացավ ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վեռնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանը, որին նվիրված միջոցառումները թե' Ֆրանսիայում, թե' Հայաստանում համավարակի պատճառով տեղի ունեցան այս տարի։ Անրի Վեռնոյը մոտ 5 տասնյակ ֆիլմի հեղինակ է և աշխարհում ամենաշատ հանդիսատեսը ունեցած ֆրանսիացի կինոռեժիսորը։

Նրա նկարահանած առաջին ֆիլմը նվիրված էր անվանի գրող Ավետիս Ահարոնյանին և կոչվում էր «Հայոց վշտի և ազատության երգիչը», իսկ վերջին ֆիլմերից են ինքնակենսագրական, իրենց՝ Մալաքյան ընտանիքի օրինակով Հայոց ցեղասպանության և դրանից մազապուրծ, Ֆրանսիայում փրկություն գտած հազարավոր հայ ներգաղթյալների մասին պատմող, իր իսկ «Մայրիկ» վեպի հիման վրա նկարահանած հանրահայտ համանուն ֆիլմը և «Պարադի փողոց, տուն 588» (Մալաքյան ընտանիքի այդ հասցեում է ապրել Մարսելում) ֆիլմը։

Այս ֆիլմերը հուզել են հազարավոր մարդկանց, իսկ ֆրանսիական ամսագրերից մեկը «Մայրիկ» ֆիլմը կոչել է «եվրոպական կինոյի ամենաթանկ կտորը»։

Ուշագրավ է, որ Ռոդոսթոյում ծնված և մեկ տարեկանում ընտանիքի հետ Ֆրանսիայում բնակություն հաստատած Աշոտ Մալաքյանը՝ հետագայում Անրի Վեռնոյը ողջ կյանքի ընթացքում միայն մեկ անգամ է այցելել Հայաստան՝ 1980 թվականին։ Այդ այցելության ժամանակ նրան անընդմեջ ուղեկցել է այն ժամանակ «Ֆիլմ» թերթի գլխավոր խմբագիր, իսկ հետագայում «Պլյուս կինո» ամսագրի երկարամյա գլխավոր խմբագիր Ռոբերտ Մաթոսյանը։

«Տասը օր միակ մարդ եմ եղել, որ Հայաստանում նրան ուղեկցել է 1980 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ չգիտեինք, որովհետև սովետական պրոկատում մեկ կամ երկու ֆիլմ կար։ Ես միայն գիտեի նրան մամուլից, ֆիլմերը չէի նայել։ Եվ բնականաբար, այդ տասը օրվա ընթացքում շփվեցինք, հաղորդակցվեցինք, և իմ առջև բացվեց մի փայլուն անհատականություն։ Գուցե Հայաստանն էլ բացվեց իր աչքի առջև», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Մաթոսյանը։

«Ես հիշում եմ, երբ որ օդանավը վայրէջք կատարեց, - շարունակեց նա, - Ֆրունզե Դովլաթյանը ինձ ներկայացրեց, Անրի Վեռնոյը առանց հարց տալու ասաց՝ հիմա ժուռնալիստը կհարցնի՝ ի՞նչ կարծիքի եք Հայաստանի մասին, ասեմ՝ մարմինս եկած է, հոգիս դեռ չի եկել։ Իսկ ճանապարհ դնելիս ասեց՝ կհիշե՞ս ան առաջին օրը ինչ ասացի։ Իհարկե, ասացի։ Ասեց՝ հիմա էլ մարմինս գնում է, հոգիս այստեղ է մնում»։

Հարցին, թե ինչպես ստացվեց, որ ինքն էր ուղեկցում Վեռնոյին, Մաթոսյանը պատասխանեց. - «Բանն այն է, որ այդ ժամանակ մի երեք-չորս հոգի էլ դրսից կային, անվտանգության մարմիններից, բան։ Հետո երբ որ եկանք հյուրանոցի սրահը, ժամը գիշերվա մեկն էր, սկսեց դիտել ինքը։ Էն ժամանակ «Արմենիա» հյուրանոցում փակած էլ նույնիսկ թերթերն էլ՝ «Սովետական Հայաստան», «Կոմունիստ», էնտեղ նաև «Ֆիլմն» էր։ Ասի՝ էս էլ մեր «Ֆիլմն» է։ Ի՞նչ կըսես, ինչքա՞ն է տպաքանակը։ Ասացի՝ քառասուն հազար։ Օ՜օ... Հետո որ մտանք սենյակ, անվտանգությանը աշխատողը, անունը չտամ, ասեց՝ ինքը դաշնակ ա, գիտեք, իրա մասին չգրեք։ Էդ բանը որ ասեցին, վիրավորված... ինքը որ դուրս եկավ լվացարանից, թողեցի գնացի։ Վաղ առավոտյան գործի տեղն եմ, զանգում ա Ռազմիկ Մադոյանը, Պետկինոյի նախագահի տեղակալը։ Ասում ա՝ արա, ոչ մեկին չի ուզում ինքը, միայն քեզ։ Փայլուն հայերեն գիտեր։ Այդ միակ օրն էր, որ Երևանի կինոյի տանը բոլորը հայերեն էին խոսում»։

Հայաստան այդ միակ այցելությունից տասնմեկ տարի անց Վեռնոյը նկարահանեց «Մայրիկ» ֆիլմը, նշեց Մաթոսյանը. - «Ինքը ինձ ասում էր Ռոբերս, ես իրան ասում էի Աշոտ ջան։ Արդեն մտերմացել էինք։ Հաջորդ օրը դուրս ենք գալիս «Արմենիայից, մեկ էլ խաչմերուկում կարմիրի տակ գնում ա էս մարդը գնում ա, գալիս ա։ Էկավ ասեց՝ Ռոբերս, կտեսնե՞ս այն ոստիկանին, շատ կուզեի, որ հայերեն լեզվով տուգաներ, չտուգանեց»։

Հարցին, թե ինչ տպավորություններով մեկնեց Հայաստանից Վեռնոյը Ռոբերտ Մաթոսյանը պատասխանեց. - «Վայ, շատ մեջ։ Ամեն երեկո մենք զբոսնում էինք Հրապարակում։ Մի օր մի բան ասես, շշմելու էր։ Է, ասում ա, Ռոբերս, աշխարհում շատ ծառեր տեսած եմ, բայց այս Հայաստանի ծառերը որ կտեսնեմ, կարծես էլեկտրական լինեն, դա ինձ համար հրաշք է... պատմություններ շատ կան։ Ես արդեն գրել եմ իմ գրքույկը՝ «Տասը օր Անրի Վեռնոյի հետ»։ Մի երկու-երեք մամուլ բան ա՝ լուսանկարներով։ Կարևորը նա է, որ իրան Հայաստանում ես լուսանկարում էի, միակ մարդ եմ եղել, որ լուսանկարել է»։

Հուսանք, որ ի վերջո ֆինանսավորում կճարվի Անրի Վեռնոյի Հայաստան միակ այցելության մասին գրքույկի հրատարակության համար։

XS
SM
MD
LG