Մատչելիության հղումներ

«Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն», միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված Անրի Վերնոյի 100-ամյակին


«Ազգային կինո՝ համամարդկային ժառանգություն․ վերանայման, պահպանության և հանրայնացման խնդիրներ», - այս խորագրով այսօր մեկնարկեց ֆրանսահայ անվանի ռեժիսոր Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված միջազգային եռօրյա գիտաժողովը, որն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Գիտաժողովը կազմակերպել է Հայաստանի ազգային կինոկենտրոնը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Հայաստանում շատ վաղուց կինոգիտական գիտաժողով տեղի չի ունեցել, այն էլ միջազգային, ուստի այս միջոցառումն այդ առումով շատ կարևոր է, կարծում եմ, քանի որ այդ դաշտը մեզ մոտ, ցավոք սրտի, շատ զարգացած է և սա առիթ է, որպեսզի խթանենք համագործակցությունները արտասահմանյան մասնագետների, կառույցների հետ, որպեսզի մեր կինոն և կինոժառանգությունը դառնան ավելի տեսանելի և դրա իրական նշանակությունը արժևորվի։ Անրի Վերնոյը լինելով միջազգային նշանակություն ունեցող հայազգի ռեժիսոր, այդ առումով հնարավորություն է տալիս այդ խոսակցությունները բացելու, թե ինչպես է մեր կինոն և մոր կինոժառանգությունն առնչվում գլոբալ կինոյի պատմությանը», - նշեց գիտաժողովի կազմակերպիչ, Ազգային կինոկենտրոնի կինոժառանգության բաժնի ղեկավար Վիգեն Գալստյանը։

Գիտաժողովի կազմակերպիչներից Ազգային կինոկենտրոնի ֆիլմ-հանձնակատար Մելիք Կարապետյանն էլ ընդգծում է, որ այս համաժողովը էլ ավելի կընդլայնի միջազգային համագործակցության տարբեր հնարավորությունները, ինչն էլ իր հերթին կնպաստի Հայաստանի կինոժառանգության պահպանությանը։

«Օգտվելով այն առիթից, որ 100-ամյակն է Անրի Վերնոյի, շատ կարևոր է, որ կինոժառանգությանը մեծ ուշադրություն բևեռվի, դա մեզ համար լավ հնարավորություն էր, միջազգային և մասնագիտական հանրությանը հրավիրել Հայաստան ու թեման քննարկել», - ասաց Կարապետյանը։

Եռօրյա գիտաժողովին մասնակցում է նաև Անրի Վերնոյի որդին՝ Պատրիկ Մալաքյանը։ Նրա հետ նախատեսված է զրույց հանդիպում «Անրի Վերնոյ-Աշոտ Մալաքյան» խորագրի ներքո։ Հանդիպումը կվարի կինոգետ, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։ Նա այսօր գիտաժողովի բացմանը հանդես եկավ «Անրի Վերնոյի ոդիսականը» խորագրով բանախոսությամբ։

Պատրիկ Մալաքյանը «Ազատությանը» տված հարցազրույցի ընթացքում շեշտում էր, որ շատ կարևոր է հատկապես նոր սերնդի համար պահպանել և նրանց ներկայացնել ստեղծագործական մեծ ժառանգություն ունեցող արվեստագետների աշխատանքները։

«Կարծում եմ, որ մեզ բաժին ընկած մարտահրավերներից է համոզվել, որ այս մեծ արվեստագետները կարևոր են նաև ներկայիս սերնդի համար։ Մենք պետք է տարբեր ուղիներով և ձևերով շարունակենք պահպանել և ներկայացնել նրանց ստեղծագործությունները, քանի որ մենք նրանց ստեղծագործություններն իմացող վերջին սերունդն ենք, և եթե մենք դա չանենք, նոր սերունդը անտեղյակ կլինի անցյալի կինոարվեստի պատմությունից», - ասում էր Պատրիկ Մալաքյանը։

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակը լրացավ անցյալ տարի, բայց համավարակային իրավիճակի պատճառով հոբելյանական միջոցառումներն այս տարի են անցկացվում։

Անրի Վերնոյը՝ Աշոտ Մալաքյանը ծնվել է Ռոդոսթոյում։ Նա 4 տարեկան էր, երբ նրա ընտանիքը Մեծ Եղեռնից մազապուրծ հազարավոր այլ ընտանիքների նման բնակություն հաստատելուց Ֆրանսիայում, հետագայում դառնալով այդ երկրի կինոարվեստի փայլուն ներկայացուցիչներից մեկը՝ երբեք չմոռանոլվ իր ազգային պատկանելությունը։ Նա ավելի քան 40 ֆիլմ է նկարահանել նկարահանել ֆրանսիացի լավագույն դերասանների մասնակցությամբ։ Կյանքի վերջին տարիներին նկարահանած նրա ինքնակենսագրական «Մայրիկ» և «Պարուզի փողոց, թիվ 588» հանրահայտ գեղարվեստական ֆիլմերը նվիրված են իր մանկության տարիներին և իր ազգակիցներին։

Անրի Վերնոյի հոբելյանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նշանավոր անձանց կարևոր իրադարձությունների ցանկում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG