Մատչելիության հղումներ

Ինչ խնդիրներ են լուծվել եռակողմ նոր հայտարարությամբ. ընդդիմադիրները հակասական տեսակետներ ունեն


Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների երեկվա բանակցությունների արդյունքում ստորագրված հայտարարության վերաբերյալ ընդդիմադիրները հակասական տեսակետներ ունեն։

Խորհրդարանի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ եռակողմ հանդիպմամբ ու դրան հաջորդած հայտարարությամբ երկու խնդիր է լուծվել միայն` այս պահին հայ-ադրբեջանական սահմանային լարվածության լիցքաթափումն ու կողմերի միջև ձեռք բերված նախորդ հայտարարությունների վերահաստատումը, ոչ ավելին։

«Ըստ էության, այն, ինչը իրականացվում է այդ փաստաթղթերով, դեռևս Հայաստանին որևէ լավ բան չի փոխանցվել, բացի այն մարդկանցից, գերիների այն մասից, որը վերադարձվել է, իսկ այս սուղ ժամանակահատվածն ուղեկցվել է ադրբեջանական շանտաժով և ագրեսիայով, որի արդյունքում մենք ոչ միայն պատերազմում ենք կորցրել, այլև մենք կորցնում ենք սուվերեն տարածքները և պատերազմից հետո, մենք ունենք նոր գերավարվածներ, նոր զոհեր, և իրականում այս գործընթացը որևէ ձևով չի շոշափում մեր շահերը», - նշում է Տիգրան Աբրահամյանը:

Մինչդեռ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանդիպման արդյունքներից եզրակացրել է, որ եռակողմ նոր հայտարարությունը Հայաստանի ինքնիշխան տարածքներից Ադրբեջանի զորքերը դուրս բերելու ու գերիների վերադարձի մասին է. «Հայտարարություն է ստորագրվել, որի երկու դրույթի զուտ մեկնաբանությունը ինձ տվել է հիմքեր կարծելու, որ ես ասեմ, որ եթե այս դրույթներն իրագործվեն, և եթե այս հայտարարությունն իրագործվում է, դա նշանակում է, որ ռազմագերիներին պետք է վերադարձնեն, և դա նշանակում է, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան, ոչ թե դելիմիտացիա, վիճելի, այդտեղ վիճելի հարց չկա, այն տարածքներից, որոնք համարվում են ՀՀ սուվերեն տարածքներ»:

Թեև երկվա եռակողմ հանդիպման բաց հատվածում Հայաստանի վարչապետը խոսեց Ադրբեջանում պահվող գերիների, այլ պահվող անձանց խնդրից, այնուհանդերձ հայտարարության տեքստում այդ հարցի հստակ անդրադարձ չկա։ Միայն Ռուսաստանի նախագահը հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում հայտարարեց, որ կողմերին հաջողվել է նաև առաջընթաց արձանագրել մարդասիրական հարցերի կարգավորման ուղղությամբ՝ առանց հստակեցնելու խոսքը։

Երեկ Սոչիում 3 ժամ տևած եռակողմ բանակցություններից հետո Փաշինյանը, Ալիևն ու Պուտինը վերահաստատեցին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը։

Կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման, հետագայում էլ սահմանագծման հարցով երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ, որում Ռուսաստանը խորհրդատվական մասնակցություն կունենա։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանը սահմանազատման գործընթացում միայն ռուսական կողմի մասնակցությունը խնդրահարույց է համարում. «Ռուսաստանի արբիտրությունը լինելու է և մեզ համար ամենավատ արբիտրությունն է, շատ ավելի ձեռնտու կլիներ, եթե դա լիներ ԵԱՀԿ-ն կամ գոնե ԵԱՀԿ Մինսկի խումբը»:

Բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով սահամանազատման ու սահմանագծման հարցին, ընդգծեց՝ կողմերը պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծել անվտանգության ու կայունության պահպանման մեխանիզմներ՝ առանց մանրամասնելու, թե խոսքը կոնկրետ ինչի մասին է. «Ես, ընդհանուր առմամբ, այսօրվա հանդիպումն ու քննարկումը շատ դրական եմ գնահատում։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեր ռազմավարական դաշնակցին՝ Ռուսաստանի Դաշնությանը այս նախաձեռնության համար։ Վերահաստատում եմ, որ Հայաստանը և Հայաստանի կառավարությունը, որ ստացել է ժողովրդի մանդատը, պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել մեր երկրի և մեր տարածաշրջանի համար։ Մենք նպատակադրված ենք դրան», - երեկ ասել էր Փաշինյանը:

Հայտարարության տեքստում անդրադարձ կա նաև տարածաշրջանի տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Կողմերը բարձր են գնահատել հենց այդ խնդրի լուծման համար ստեղծված փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի գործունությունը։

Ըստ քաղաքագետի` կողմերը համաձայնության են եկել տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ

Ամիսներ շարունակ ադրբեջանական կողմը խոսում է այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Մինչդեռ երեկ Սոչիի հրապարակային հայտարարություններում Ալիևը որևէ բառ միջանցքի մասին չասաց։ Այնուհանդերձ, Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների մանրամասները դեռ հայտնի չեն։

Չնայած դրան, երեկ կողմերը բանակցությունները որակեցին կառուցողական, դրական ու անկեղծ։ Պաշտոնական Բաքուն էլ այսօր հայտարարեց, թե Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ արտացոլում է իրենց մոտեցումները։ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ ևս նշվում է տարածաշրջանի ապաշրջափակման մասին, բայց կրկին ոչ մի խոսք միջանցքի մասին։

Թե հստակ ինչի շուրջ են երեկ համաձայնության եկել երեք երկրների ղեկավարները, պարզ կդառնա արդեն հաջորդ շաբաթ Մոսկվայում սպասվող Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպմանը, երեկ հայտարարեց Վլադիմիր Պուտինը։ Թե ինչի մասին է խոսքը, կողմերը դեռևս լռում են։

Քաղաքագետ Արեգ Քոչինյանի դիտարկմամբ՝ այն վերաբերելու է տարածաշրջանի ապաշրջափակմանը. «Եթե հայտարարությունն այնպիսին է, որ դա արվելու է փոխվարչապետերի հանդիպումից հետո, ապա սա զուտ տրամաբանական շղթա է, այսինքն` եթե փոխվարչապետերը զբաղվում էին հենց կոմունիկացիների ապաշրջափակման հարցով, ապա դժվար թե ռազմագերիների հարցով, օրինակ, կամ սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հարցով հայտարարություն անեն: Աշխատանքային խմբի տրամաբանությունն է հուշում, որ ոնց որ թե այդ թեմայով պետք է լինի»:

Սոչիի երեկվա հանդիպմանը հաջորդելու է Փաշինյան-Ալիև ևս մեկ հանդիպում դեկտեմբերի 15-ին Բրյուսելում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG