Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Կլաարը քննարկել են տարածաշրջանային հարցեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը։ Այդ մասին Փաշինյանն այսօր ասել է՝ ընդունելով Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։

Հայաստանի վարչապետը կարևորել է դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը, քննարկել գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Կլաարը Փաշինյանին է փոխանցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ողջույնները և վերահաստատել ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը: Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, հիշեցնենք, հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ` տարածաշրջանում ստեղծված իրավիճակի շուրջ: Արդյունքում Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը համաձայնել են հանդիպել Բրյուսելում` ԵՄ Արևելյան գործընկերության համաժողովում, որը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին: Շառլ Միշելը այսօր կրկին կոչ է արել Երևանին և Բաքվին երկկողմ հարաբերություններում առկա խնդիրները լուծել երկխոսության միջոցով։

Փաշինյանը վերջին ասուլիսի ժամանակ նշել է, որ Բրյուսելում քննարկվելիք հարցերից մեկը հավանաբար կլինի հումինատարը, այդ թվում`գերիների հարցը՝ նշելով, որ ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի նաև: «Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որ մենք կարողանանք իրադրությունները կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից», - ասել է Հայաստանի ղեկավարը։

Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ին՝ Սոչիում՝ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ և մասնակցությամբ։

XS
SM
MD
LG