Մատչելիության հղումներ

Իրանը Վաշինգտոնից պատժամիջոցների չեղարկման հստակ երաշխիքներ է պահանջում


Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադե
Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադե

«Իրանը չի պատրաստվում քննարկել միջուկային համաձայնագրի քայլ առ քայլ վերագործարկման կամ նոր համաձայնագրի կնքման հարցը», - Վիեննայում ընթացող բազմակողմ բանակցությունների յոթերորդ փուլի մեկնարկից մեկ օր անց հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։

Իրանի դիվանագիտական գերատեսչության խոսնակը պնդում է, որ բանակցությունների ընթացքում օրակարգային գլխավոր հարցը պետք է լինի Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների վերացումը։

Վիեննա մեկնած իրանական պատվիրակության ղեկավար Ալի Բաղերիի խոսքով՝ ևս, պաշտոնական Թեհրանի համար առանցքայինը ամերիկյան պատժամիջոցների խնդիրն է։

«Մենք երաշխիքներն ենք պահանջում առ այն, որ Ամերիկան նոր պատժամիջոցներ չի սահմանի, չի վերագործարկի նախկինում չեղարկված պատժամիջոցները, կրկին միակողմանիորեն չի լքի միջուկային համաձայնագիրը», - նշել է Բաղերին՝ Իրանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

Հնգամսյա ընդմիջումից հետո երեկ Վիեննայում վերսկսվել են 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի վերականգնման շուրջ բանակցությունները: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ,Վաշինգտոնը 2018 թվականին դուրս եկավ միջուկային պայմանագրից և վերականգնեց ու խստացրեց պատժամիջոցները: Իսկ Իրանը, խախտելով համաձայնագիրը, սկսեց մեծացնել հարստացված ուրանի ծավալները։

XS
SM
MD
LG