Մատչելիության հղումներ

ՍԴ-ն հետաձգեց 14 օրը մեկ պարտադիր թեստավորման վերաբերյալ հրամանի քննությունը


Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր մինչև դեկտեմբերի 16-ը հետաձգեց Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերի բողոքի քննությունը։ Դիմող կողմը բարձր դատարանից պահանջում է պարզել, թե արդոք սահմանադրակա՞ն է 14 օրը մեկ պարտադիր թեստավորման՝ առողջապահության նախարարի հրամանը։

Սահմանադրական դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանն իր միջնորդությամբ առաջարկեց, որ կառավարությունը 5-օրյա ժամկետում աշխատող անձանց կողմից 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության և պատվաստման հետ կապված պահանջները չկատարելու դեպքում պատասխանատվության ենթարկվելու, այդ պահանջների չկատարման համար աշխատանքից ազատելու վերաբերյալ տեղեկություններ տրամադրի։ Այս միջնորդությանը 9 դատավորներից 2-ը՝ Արթուր Վաղարշյանն ու գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը դեմ քվեարկեցին:

Դատավոր Հրայր Թովմասյանն էլ միջնորդեց՝ 5-օրյա ժամկետում կառավարությունից պահանջել քաղաքացիների աշխատավարձի վերաբերյալ տեղեկություն։ Խոսքը 450 հազարից ավելի չպատվաստված այն քաղաքացիների մասին է, որոնք առողջապահության նախարարի հրամանով պետք է 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն։

«Ինձ հետաքրքրող տեղեկատվությունը առավելապես այս սուբյեկտների մեջ նվազագույն աշխատավարձ ստացողների թվաքանակն է», - նշեց Թովմասյանը:

Հրայր Թովմասյանի միջնորդությանն ընդունվեց միաձայն։

ՍԴ-նախագահ Արման Դիլանյանն ասաց, որ բարձր դատարանն էլ իր հերթին՝ աշխատակարգային որոշումների համաձայն, պահանջելու է շուկայում գործող թեստավորման նվազագույն և առավելագույն գների վերաբերյալ տեղեկություն ներկայացնել։

Առողջապահության նախարարի ներկայացուցիչն ասաց, որ դա նախարարության լիազորությունների տիրույթից դուրս է, որովհետև վճարովի թեստավորումը մասնավոր լաբորատորիաներն են իրականացնում, հետևաբար առնվազն 5-օրյա ժամկետ խնդրեց։

ՍԴ-ն նաև պատվաստված անձանց վարակելիության և վարակվելիության վերաբերյալ վիճակագրություն կպահանջի պատասխանող կողմից։

Նիստից հետո դիմող կողմին ներկայացնող՝ խորհրդարանի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը պնդեց իրենց հիմնական պահանջը՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտադիր պահանջը պետք է օրենքով կարգավորվեր, ոչ թե՝ նախարարի հրամանով։

«Ի դեպ՝ զարմանալի է՝ այս իշխանությունները ցանկացած հարց բերում են՝ սնդիկից մինչև այլ հարց Ազգային ժողովում կայծակնային արագությամբ ընդունում են, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքներին վերաբերող խոշորացման ծրագիր են ընդունում 24 ժամում, բայց այս հարցով չեն կարո՞ղ օրենք ընդունել», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Վարդևանյանի, պետության կողմից թեստավորման փոխհատուցումը կնպաստի պատվաստման գործընթացին, ԱՆ-ից հակադարձում են

Վարդևանյանին հիշեցրինք՝ եվրոպական երկրներն աստիճանաբար խստացնում են իրենց պահանջները, չպատվաստվածները հիմնականում փակ տարածքներ մտնելու խնդիրներ են ունենում, թեստավորումն էլ հիմնականում վճարովի է։ Պատգամավորն ասաց՝ քովիդի բռնկման սկզբնական փուլում այդ երկրներում թեստերի համար պետությունն է վճարել։ Հայաստանում թեստերի պահանջը ուժի մեջ է մտել մոտ երկու ամիս առաջ, իսկ քովիդը երկրում տարածվել էր դեռ 2020-ի գարնանը։

«Չէ՞ որ հեսա մի քանի ժամանակ անց, դա էլ է միջազգային փորձը ցույց տալիս, ռեվակցինացիայի հարց է առաջանալու, այդ ժամանակ էլ պե՞տք է զոռենք մարդկանց: չի կարելի այդպես մարդկանց ասել, որ եթե էս հրամանի հետ մի բան լինի, սա պրոցեսը կտապալվի, ուղղակի անկեղծ չէ», - ասաց Վարդևանյանը:

«Ազատության» հարցին՝ եթե պետությունը վճարի թեստերի համար ավելի շատ մարդ կպատվաստվի՞, դիմող կողմի ներկայացուցիչը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ավելի շատ պատվաստման ցուցանիշը կլինի նրա հաշվին, որովհետև դա կլինի մարդկանց հետ ճիշտ հաղորդակցվել, ոչ թե զոռով կոմունիկացվել, այլ ճիշտ»:

«Մարդկանց գրպանին խփելով ստիպված պատվաստվման ուղարկելու կառավարության քաղաքականությունը հենց պատվաստումների հակաքարոզ է», - վստահեցնում է Վարդևանյանը։ Ասաց՝ ինքն ու ընտանիքի անդամները պատվաստվել են, բայց դա արել են բժիշկների հետ խորհրդակցելով, ոչ թե պարտադրված։

ՍԴ-ում առողջապահության նախարարության ներկայացուցիչներից Գայանե Սահակյանը, որը Հայաստանում պատվաստումների գործընթացի պատասխանատու պաշտոնյաներից է, համաձայն չէ Վարդևանյանի հետ, թե պետության կողմից թեստավորման փոխհատուցումը կնպաստի պատվաստման գործընթացին, հակառակը՝ նա այլ մտավախություններ ունի:

«Ավելին՝ իր մոտ ավելի հանգստություն կառաջանա՝ ես իմ գրպանից գումար չեմ ծախսի, պետությունն է իմ համար վճարում, ու կշարունակի ինքն իր համար ՊՇՌ թեստավորումների շարքը, իրեն այլևս որևէ կաշկանդող հանգամանք չի լինի», - ասաց Սահակյանը:

ՍԴ-ում վիճարկվող հենց այս հրամանի շնորհիվ է, ըստ Սահակյանի, վերջին երկու ամսում պատվաստումների թիվը շուրջ 30 տոկոսով աճել։ Գայանեն Սահակյանը մտահոգված է՝ եթե այդ հրամանը հակասահմանադրական ճանաչվի, գործընթացը կտուժի. «Բնակչությունն այլևս չի շտապի պատվաստվել, արդյունքում մենք չենք կարող խուսափել նաև հաջորդ ալիքից: Հոսպիտալացվածների մեջ երկու դեղաչափ պատվաստված եղել է ընդամենը 0,016 տոկոսը, իսկ չպատվաստվածները 99,9 տոկոս»:

Մինչդեռ, ըստ Վարդևանյանի, պատվաստումներն ավելացել են միայն բժշկական համայնքում հեղինակություն ունեցող բժիշկների բացատրությունների շնորհիվ։ Մինչ այդ ՀՎԿԱԿ փոխտնօրենը հիշեցնում է՝ մարտ-ապրիլ ամիսներին վիրուսի բուռն զարգացում է ակնկալվում, եթե մինչև այդ ՀՀ-ում պատվաստումների մինչև 80 տոկոս ծածկույթ ապահովված չլինի հոսպիտալացման, ծանր դեպքերի ու մահերի անհամեմատ մեծ թվեր կարձանագրվեն։ Հայաստանն առանց այն էլ այս պահին պատվաստման շատ ցածր ցուցանիշ ունի՝ ամբողջությամբ պատվաստվել է միայն երկրի բնակչության 14 տոկոսը։

XS
SM
MD
LG