Մատչելիության հղումներ

Մատենադարանում շարունակվում են Իրանի մշակույթի օրերը


Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքը
Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գլխավոր մասնաշենքը

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը մշակութային միջոցառումների շարք է սկսել՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Այսօր Մատենադարանում տեղի ունեցավ Իրանի Ղաջարական դարաշրջանի մշակույթին նվիրված նոր ցուցադրության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էր նաև Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Ցուցահանդեսին ներկայացված են Մատենադարանում պահվող ղաջարական դարաշրջանի հրովարտակներ, նկարազարդ ձեռագրեր, նաև Մատենադարանի գիտաշխատող, ցուցահանդեսի համադրող Իվեթ Թաջարյանի անձնական հավաքածուից իրանական դեկորատիվ –կիրառական արվեստի նմուշներ։ Ի դեպ, հաջորդ շաբաթ տեղի է ունենալու Իվեթ Թաջարյանի նոր հրատարակված «Մատենադարանի ղաջարական արվեստի նմուշները» գրքի շնորհանդեսը։

«Մենք փորձել ենք մի սրահի միջոցով և մի ցուցադրության շրջանակներում այցելուներին, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն այդ ժամանակաշրջանի իրանական կենցաղի, 1790-ականներից մինչև մոտավորապես 140 տարիների ընթացքում, այդ հարստության, դինաստիայի ժամանակաշրջանի վերաբերյալ նյութերը՝ տարբեր տեսանկյունից։ Ինձ թվում է, դա մեզ հաջողվել է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Իվեթ Թաջարյանը։

Մատենադարանում պահպանվող իրանական հավաքածուն ամենահարուստ հավաքածուներից մեկն է, չէ՞ որ հայ-իրանական բազմաբնույթ հարաբերությունները գալիս են հազարամյակներից։ Եվ զարմանալի չէ, որ Մատենադարանում պահպանվում են հարյուրավոր պարսկերեն ձեռագրեր, նաև ամենատարբեր վավերագրեր ու փաստաթղթեր, որոնք ներկայացնում են հայ-իրանակական հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում։

Մինչև ցուցահանդեսի բացումը այսօր տեղի ունեցավ նաև Մատենադարանի գիտաշխատող Քրիստինե Կոստիկյանի նոր լույս տեսած «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» գրքի շնորհանդեսը։

«Մաշտոցի անվան Մատենադարանի պարսկերեն վավերագրերի հավաքածուն աշխարհում խոշորագույններից է և բաղկացած է 14-15-րդ դարերի շուրջ երեք հազար միավորից։ Եվ այս հավաքածուի կորիզը եղել է Էջմիածնի կաթողիկոսական դիվանը և համալրվել է ժամանակի ընթացքում Սիմեոն Երևանցու ջանքերով։ Նախ հավաքվել է Երևանի խանության տարբեր շրջանների տարբեր վանքերի արխիվային հավաքածուները, այնուհետև, արդեն խորհրդային շրջանում, Մատենադարանում են հանգրվանել նաև Ագուլիսի Սբ Թովմա առաքյալի, Դարաշամբի Ստեփանոս նախավկայի, Մակվի Սբ Թսդեի վանքերի, նաև Արցախի բնակավայրերից հավաքված արխիվային փաստաթղթերը ու Գանձասարի կաթողիկոսության փաստաթղթերի ընդամենը պատճեները, ցավոք սրտի։ Եվ այս պարսկերեն վավերագրերը ցրված են մի քանի ֆոնդերում», - ասաց Քրիստինե Կոստիկյանը։

Մատենադարի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը հավելեց. - «Սրանք անմիջականորեն վերաբերում են Հայաստանի պատմությանը, վերաբերում են հայ-իրանական հարաբերություններին, հողատիրությանը, ընտրված կաթողիկոսի հաստատմանը շահի կողմից և այլն, մինչև 20-րդ դարի սկիզբը։ Ղաջարական դարաշրջանը սկսվում է 1795 թվականից և հասնում է մինչև 20-րդ դարի սկիզբ, մինչև որ արդեն նրանց հաջորդում են Փեհլևիները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG