Մատչելիության հղումներ

Մատենադարանում տրվեց Հայաստանում Իրանի մշակութային օրերի մեկնարկը


2022 թվականին լրանում է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, որին էլ ընդառաջ Մատենադարանը նախաձեռնում է Իրանի մշակութային օրեր։

Դրանց շրջանակներում նախատեսված են գրքերի շնորհանդեսներ, Ղաջարական դարաշրջանին նվիրված ցուցադրություն և Մատենադարանում պահվող «Ղաջարական դարաշրջանի ձեռագրակազմերի վերականգնման» տեսական և գործնական ծրագրի իրականացում, որը մեկնարկեց այսօր։

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ծրագրի մեկնարկից առաջ հրավիրված ասուլիսին շեշտեց, որ այս ծրագիրն իրականացվում է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան հետ համատեղ։ Դեսպանատան Մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Հայաստան է ժամանել իրանական ձեռագրերի վերականգնման առաջատար մասնագետ Համիդ Մալեքյանը։ Նա այսօր հանդես եկավ մասնագիտական դասախոսությամբ, որից հետո Մատենադարանի մասնագետների հետ ձեռնամուխ կլինի Մատենադարանում պահվող իրանական 12 ձեռագրերի վերականգնողական աշխատանքներին։

«Մատենադարանում ունենք 450-ից ավելի պարսկերեն ձեռագրեր, մի քանի հարյուր վավերագրեր։ Մինչև հիմա այդ ձեռագրերի և վավերագրերի ուսումնասիրության առումով հսկական գործ է արվել։ Պատկերացնեք, որ միայն վավերագրերի առումով արդեն ունենք 8 հատոր, որի վերջին հատորը շուտով կներկայացվի, որ ներկայացնում են իրանական հրամանագրեր, կալվածագրեր, կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր, որոնք նաև պատմական կարևոր աղբյուրներ են։ Թույլ տվեք հայտարարել այսօրվանից Իրանի մշակույթի օրերը Մատենադարանում բացված», - ասաց Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը։

«Ազատության» հարցին, թե որ դարաշրջանին են վերաբերում նշված ձեռագրերն ու վավերագրերը, Տեր-Ղևոնդյանը պատասխանեց. - «Դրանք տարբեր դարաշրջանների են։ Օրինակ՝ Սեֆյան Իրանի դարաշրջանի, Նադիր շահի և հետագա շրջանի, այնուհետև արդեն Ղաջարական դարաշրջանի։ Բայց բավական մեծ թիվ են կազմում հենց Ղաջարական դարաշրջանի՝ 1795 թվականից մինչև 20-րդ դարի սկիզբ, որին հենց բնորոշ է այդ լաքապատ կազմերը։ Մի յուրահատուկ տեխնիկայով արված են, որը Հայաստանում հայտնի չէ։ Սա այն հարցն էր, որ արդեն մենք պիտի դիմեինք մասնագետների օգնությանը, և մենք դիմեցինք»։

Մատենադարանի տնօրենը շարունակեց. - «Մենք ունենք մի շարք յուրահատուկ ձեռագրեր, որոնցից մեկը Ֆիրդուսիի նշանավոր «Շահնամեն» է, և այդ օրինակը, որ մենք ունենք, յուրահատուկ է, որովհետև էնտեղ հիսունից ավելի շատ շքեղ մանրանկարներ կան։ Առաջին ձեռագրերից մեկը հենց դա է լինելու, որը վերականգնվելու է։ Դա իսկապես բացառիկ ձեռագիր է։ Սա սկիզբն է, ինչպես ասացի։ Դա չի նշանակում, որ 450 ձեռագիրն էլ կարիք ունեն վերանորոգման։ Հասկանալի է, որ դրանց մի մասը լավ վիճակում են։ Ընդհանրապես, մենք երբեք տարբերություն չենք դրել հայկական և ոչ հայկական ձեռագրերի միջև, բոլոր ձեռագրերը արժանացել են նույն խնամքին, նույն հոգատարությանը։ Պարզապես այստեղ խոսքը շատ յուրահատուկ տեխնիկայի մասին է»։

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան Մշակույթի կենտրոնի խորհրդական Սեյլեդ Հոսեյն Թաբաթաբային ասաց. - «Մենք հաջորդ տարի նշում ենք հայ-իրանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մտադիր ենք տարին հայտարարել Իրանի տարի։ Այդ տարվա շրջանակներում Հայաստանի տարբեր կրթամշակութային հաստատությունների և համալսարանների հետ տարատեսակ մշակութային միջոցառումներ ենք կազմակերպելու։ Եվ մեզ համար մեծ պատիվ է, որ այդ տարվան նվիրված միջոցառումները սկսում ենք հենց Մատենադարանից»։

Վերջում հավելենք, որ Իրանի մշակույթի օրերի շրջանակներում առաջիկայում շնորհանդեսի կներկայացվեն Քրիստինե Կոստիկյանի «Մատենադարանի պարսկերեն հրովարտակները» և Իվեթ Թաջարյանի «Ղաջարական արվեստի նմուշները Մատենադարանում» գրքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG