Մատչելիության հղումներ

«Պետությունը ճիշտ չի գնահատում վնասվածության աստիճանները». պատերազմից վերադարձ կյանք. երեք պատմություն


Կյանքը զրոյից, բայց «արդեն որպես կես մարդ»

Գագիկ Մկրտչյանը կյանքը շարունակում է ընդհատված կետից։ Ամբողջ կյանքը զինվորական գործին նվիրած 39-ամյա տղամարդը 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամություն է ձեռք բերել. ծանր վիրավորվել է Ջաբրայիլում։ Արկը պայթել էր 10 մետր հեռավորության վրա, ինքն այդ ժամանակ կնոջ եղբոր դին էր փնտրում կողքի խրամատում:

«Ալիքը տվեց, էս կողմս ամբողջը վնասվեց: Ներվերի հետ կապված խնդիր ունեմ, մատերս չեն զգում, աջ կողմս չի աշխատում», - ասում է նա:

Պայմանագրային զինծառայողը զինվորական ծառայության համար այլևս պիտանի չէ, զրոյից պիտի սկսի, բայց, ինչպես ինքն է ասում, արդեն որպես կես մարդ։ 6 վիրահատությունից հետո մնացել է մեկ երիկամով, վնասված են թոքը, լյարդը, դժվարությամբ է բարձրացնում աջ ձեռքը, անշարժ են երեք մատները, 15 րոպեից ավելի մի դիրքում նստել չի կարողանում. «Լույսը բացվել է, ժամը 5-ից իմ աչքերը բացվել են, ես դուրս եմ եկել տնից, իրիկունը 10-ին, 12-ին նոր դուռը բացել եմ, մտել եմ»:

Դա մնաց անցյալում, զինվորականի 190 հազար դրամ աշխատավարձը` նույնպես, փոխարենը հիմա երրորդ կարգի հաշմանդության համար տրվող 63 հազար դրամով պետք է պահի իրեն, կնոջը, 2 երեխաներին, փակի վարկերը, մտածի՝ ինչ նոր բան կարող է սկսել. «Պետությունը ճիշտ չի գնահատում այս վնասվածության աստիճանները, վերցնում, կոպիտ ձևով ասում է` դե գիտես` ինչ կա, իրենց ասածից դա է ստացվում էլի` ձեռքը վրադ ա, ոտքդ վրեդ ա, էլ ինչի՞ պիտի, ասենք, քեզ երկրորդ խումբ հաշմանդամություն տամ, բայց իտոգում որ նայում ես` ոչ մի բան էլ անելու ընդունակ չեմ, էնքան որ էսպես տան մեջ ման եմ գալիս»:

Պաշտոնական տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով շուրջ 8 հազար մարդ է վիրավորվել, ստացիոնար բուժում ստացել։ Հաշմանդամ են ճանաչվել 1482-ը, նրանցից ավելի քան 65 տոկոսը երրորդ կարգ է ստացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ մեկ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել պատերազմի 53 մասնակից։ Զբաղվածության ծրագրերում շարունակում են ընդգրկված մնալ 200-ից ավելի պատերազմի մասնակիցներ:

Պետական աջակցությամբ նրանցից շատերն են կրթական, վերապատրաստման ծրագրերի մասնակցել, եղել են աշխատանքի առաջարկներ։ «Ազատության» հետ զրույցներում, սակայն, պատերազմից հաշմանդամությամբ վերադարձած տղամարդիկ նույն բանն են ասում՝ առաջարկները հիմնականում իրենց հարմար չեն։

«Օրինակ` զանգում եմ, չգիտեմ` իրենք գիտակցված են անում, թե չէ, բայց զանգում են` գազալցակայանում կաշխատե՞ք: Հա, ասում եմ` քուրիկ ջան, ես 5 րոպեից ավելի ոտքի վրա չեմ կարող կանգնել: Ձեզ չթվա, որ ես չեմ ուզում աշխատել, բայց մի քանի օր առաջ զանգեցին, առաջարկին ինչ-որ խոհարար, դե դա պիտի դիպլոմ ունենաս, էլի թղթի պատճառով չգնացի», - ասում է Գագիկ Մկրտչյանը:

«Եթե լացեմ կամ անընդհատ բողոքեմ, թևս չի աճելու»

Վլադիմիր Վարդանյանը որպես կամավորական մեկնեց պատերազմ. ծանր վիրավորումը ստացավ մի քանի օր անց՝ հոկտեմբերի 2-ին Մատաղիսում. «29 տարի երկու ձեռք ես ունեցել, մեկ էլ էնպես է դառնում, որ պիտի մեկ ձեռքով ապրես»:

Մինչև պատերազմը Վլադիմիրն առևտրի ոլորտում էր աշխատում, հետո պետությունն առաջարկներ է արել, հարմար տարբերակ չի գտնվել։ Հիմա օրվա մի մասը առաքիչ է, մյուս մասը՝ տաքսիստ. «Եթե ես հիմա նստեմ, ասեմ` հա, ես թևս կորցրել եմ, լացեմ կամ անընդհատ բողոքեմ, չի աճելու, ոչ մեկն էլ պարտավոր չի գա, քո փոխարեն քո տունը կամ քեզ պահի»:

Պատերազմը` նոր էջ Էրիկի կյանքում

Շուշիից տանկիստ, 21-ամյա Էրիկ Գրիգորյանը պատերազմի ժամանակ պարտադիր ժամկետային զինծառայող էր: Վերջին պայթյունը լսեց Մատաղիսում, հետո արդեն հիվանդանոցում հասկացավ՝ պետք է սովորի ապրել մեկ ոտքով:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանում էր սովորում: Պատերազմը նոր էջ բացեց երիտասարդ տղայի կյանքում. արվեստագետ Նուռի մոտ արձանիկներ է քանդակում. «Տենց էլ չկարողացան ինձ համար գործ գտնել, ես գտա էլի: Առաջարկ է եղել զապռավկում աշխատելու, չես կարող»:

Հաջողության պատմությունների հիմնականում հանդիպում ենք հենց մասնավոր հատվածում։ Կես տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, թե պատերազմի մասնակիցներին աշխատանքի ընդունող գործատուները ևս աջակցություն կստանան։ Դեռ, սակայն, այս ծրագիրը շոշափելի արդյունքներ չունի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնեցին, որ նոյեմբերի 10-ի դրությամբ ծրագրում ընդգրկված պատերազմի մասնակիցներ դեռևս չկան:

XS
SM
MD
LG