Մատչելիության հղումներ

«Վախ կա, պարզ չի՞, բայց դե չենք վախենում, կպայքարենք մեր գյուղի համար». Այրք գյուղի բնակիչ


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Գեղարքունիքի մարզի սահմանամերձ՝ Վերին Շորժայի դիրքերին մոտ գտնվող Այրք գյուղում կրակոցներ պարբերաբար են լսվում։ Բնակիչների խոսքով՝ հատկապես լարված է եղել շաբաթ օրը:

Նոյեմբերի 13-ին Պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ կեսօրից հետո ադրբեջանական ուժերը կրակ են բացել Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, Բաքուն էլ Երևանին մեղադրեց Գեղարքունիքի դիրքերից Քելբաջարի շրջանի Զեյլիկ բնակավայրի ուղղությամբ կրակելու համար։

«Վախ կա, պարզ չի՞, բայց դե չենք վախենում, կպայքարենք մեր գյուղի համար, էս րոպեին տղաս պոստերում է», - ասաց բնակիչներից մեկը:

«Սահմանամերձ գոտի ենք, պարզ է, որ կրակոցներ միշտ էլ կան, միշտ եղել է ու կլինեն էլ: Դե մի տեղ, որ թուրք կա, թուրքերը չեն սթրվում», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Սահմանամերձ այս բնակավայրում կրակոցներ լսվեցին նաև այսօր՝ մեր նկարահանումների ընթացքում։ Այրքի բնակիչները մտահոգված են պարբերական կրակոցներից։

«Երեկ չէ առաջի օրը 12-ից մինչև համարյա 6-ը կրակոցներ էին, նոր էլ երևի լսեցիք մի հատ կրակոց կար, երեկ էլ կրակոց կար մի երկու հատ», - ասաց Այրք գյուղի բնակիչներից մեկը:

Կրակոցներին արդեն սովորած երեխաներն էլ արդեն դրսում ո՛չ խաղում են, ո՛չ ընկերների հետ շփվում, ծնողներն անհանգստանում ու նրանց դուրս չեն թողնում, միայն դպրոց ու տուն:

Պատերազմից հետո, երբ Քելբաջարը անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, նաև մայիսին, երբ ադրբեջանական զինուժը առաջացավ նաև Գեղարքունիքի ուղղությամբ, գյուղի բնակիչները այլևս չեն կարող իրենց անասուններին սարեր բարձրացնել, կյանքը փոխվել է, նեղսրտում են նրանք:

«Խոտհարքները լրիվ մնացել են իրանց կողմում, ժողովուրդը ռիսկ չի անում, որ անասունները անցնեն էն կողմ, չգիտես՝ թուրքերը միանգամից կտանեն», - ասաց գյուղի բնակիչներից մեկը:

Գյուղից հեռացողներ կա՞ն, թե՞ ոչ հարցին նրանք նույն պատասխանն են տալիս, ով հնարավորություն ունի՝ գնում է. «Գյուղից ընթացքում գնացողներ չեն եղել, պատերազմի ժամանակ համարյա բոլորն էին գնացել, այն շատ ակտիվ ժամանակ, հետո վերադարձան, մենք էլ բոլոր երեխաներին տարել էինք, հետո, երբ որ խաղաղվեց, նորից բերեցինք»:

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տեսախցիկի առաջ խոսել չցանկացավ, բայց ասաց՝ սահմանի այս հատվածում այսօր հանգիստ է եղել, պնդեց նաև, թե վերջին օրերին Գեղարքունիքում հայկական կողմը դիրքային կորուստ չի ունեցել։

XS
SM
MD
LG