Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով «ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման»։
Մայր Աթոռը հայտնում է, որ խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի՝ շեշտելով՝ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։
«Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը», - ասված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի հայտարարությունում։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է 2 մարտական դիրքի կորստյան և 4 վիրավորի մասին,12 զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետային գերեվարվել է։ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է՝ ինտենսիվ մարտերը շարունակվում են։