Մատչելիության հղումներ

Հայկական կողմը հայտնում է երկու մարտական դիրքի կորստի մասին, կան զոհեր և վիրավորներ


Ժամը 16-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Համաձայն հաղորդագրության՝ հայտնի է երկու մարտական դիրքի կորստյան մասին, հայկական կողմն ունի նաև զոհեր և վիրավորներ, որոնց վերաբերյալ տվյալները ճշտվում են։

Հայաստանի ռազմական գերատեսչությունն ավելի վաղ հայտնել է 4 վիրավորի մասին:

Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 11-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ՝ հայտարարելով, թե հայկական Զինված ուժերն այսօր Քելբաջարի և Լաչինի շրջաններում «լայնածաված ռազմական սադրանք են իրականացրել», որն «ավարտվել է հայ զինվորների զինաթափմամբ և գերեվարմամբ»։ Ադրբեջանական կողմից կա երկու վիրավոր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG