Մատչելիության հղումներ

Զոհեր, գերիներ, դիրքային կորուստներ. ՊՆ-ի փոխանցմամբ՝ իրավիճակը արևելյան ուղղությամբ շարունակում է ծայրահեղ լարված մնալ


Հայաստանի արևելյան սահմանագոտում, Սյունիքի Իշխանասար և Ծիծեռնաքար լեռնային հատվածում իրադրությունը շարունակում է ծայրահեղ լարված մնալ։ «Դեռևս չհաստատված տվյալներով՝ այս պահին ունենք 15 զոհ», - «Ազատության» տաղավարում հայտարարեց խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։

Պաշտպանության նախարարությունը զոհերի թիվը առայժմ չի հստակեցնում, նշում են, որ հայտնի է 4 վիրավորի մասին։ Այսօրվա մարտերի ընթացքում գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է՝ ինտենսիվ մարտերը շարունակվում են։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։

«Հակառակորդը շարունակում է կիրառել հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի անձնակազմի մեծաթիվ կորուստներ, զրահատեխնիկայի շուրջ մեկ տասնյակ միավոր ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել», - ասված է հաղորդագրությունում։

Այսօր կեսօրին են ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները առաջխաղացման նոր փորձ են ձեռնարկել։ Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ ադրբեջանական կողմը հարձակում է գործել Հայաստանի արևելյան սահմանագոտու ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։

Հայաստանի վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» պարբերականի տեղեկությամբ՝ Սյունիքում՝ Ծիծեռնաքար լեռան հայկական 2 դիրքերի համար է փոխհրաձգություն սկսվել, այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը պահանջել է հայկական զինված ուժերից լքել Ծիծեռնաքարի երկու մարտական հենակետերը, սակայն զինծառայողները հրաժարվել են կատարել այդ պահանջը:

Կիրակի ցերեկն էին ադրբեջանական ստորաբաժանումները խորացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ: 4 հայկական դիրքեր շրջափակման մեջ էին հայտնվել, ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեսանյութերում էր երևում, թե ինչպես են հայ զինծառայողները հեռանում իրենց հենակետերից՝ ադրբեջանցիների ներկայությամբ: Այդ դիրքերին ամենամոտ բնակավայրը Սիսիանի Նորավան գյուղն է: Վարչական ներկայացուցիչ Սլավիկ Պապյանի տեղեկացմամբ` մայիսի 12-ից Իշխանասարի, Սև լճի հատվածով հայկական տարածք ադրբեջանական ներխուժումը փաստացի խորանում է:

«Իշխանասարի արևելյան և հարավային հատվածը մեր գյուղի վարչական տարածքում է, մեր գյուղինն ա, մտել են, մոտ 3-4 կմ առաջացել են, հիմա մոտ 2 կմ-ի չափով առաջացել են», - ասաց Պապյանը:

Ըստ Օհանյանի, այս գործողություններով Ադրբեջանը մոտենում է Երևան-Գորիս միջպետական մայրուղուն

Նպատակն, ըստ նրա, Գորիս-Երևան մայրուղին է. «Համենայնդեպս մոտենում են այդ ճանապարհին»:

Տեղանքը, որտեղ այժմ ծավալվում են մարտական գործողությունները Սյունիքը ուղիղ կտրող ամենանեղ գիծն է: Դեռևս մայիսին ադրբեջանական ներխուժումից հետո էր վարչապետ Փաշինյանը խոսել այս մասին:

«Եթե մենք ուշադիր նայենք քարտեզին, մենք կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է՝ բոլոր տեղանքներից», - հայտարարել է Փաշինյանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ է այն կարծիքին, որ այս գործողություններով Ադրբեջանը մոտենում է Երևան-Գորիս միջպետական մայրուղուն: Վստահ է՝ գործող իշխանության անգրագետ ղեկավարման հետևանքն է, որ երկրի սահմանները պաշտպանելու համար անհրաժեշտ ուժեր չեն ներգրավվում, սահմանը չի կահավորվում:

«Այսօր Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների կողմից վերահսկողության ներքո, և հիմնական նպատակը, կարծում եմ, ակնհայտ է, որովհետև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության և նաև 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության շրջանակներում՝ ճանապարհների, ենթակառուցվածքների ապաշրջափակման խնդիրն ադրբեջանցիների և թուրք-ադրբեջանական տանդեմի համար մնում է որպես հիմնական գործողություն, ըստ էության, «Զանգեզուրի միջանցք» գաղափարն առաջ տանելու համար», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Ես էլ կասեմ՝ իրենց նպատակն է, որ Անգեղակոթով ճանապարհ բացեն դեպի Նախիջևան», - ասաց Լծենի համայնքապետ Դերենիկ Հովհաննիսյանը:

Լծենի համայնքապետն ասում է՝ հրետանու ձայներն այժմ գյուղում լսելի են, ապաստարանները նախապատրաստել են. «Գյուղում ձայերը լսելի են, երեխաներն էլ, մեծահասակներն էլ խուճապի մեջ են, մենք իրենց հորդորում ենք, որ հանգստացեք, լավ կլինի, ամեն ինչ կհարթվի, ամեն ինչ կընկնի իր տեղը»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG