Մատչելիության հղումներ

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրագործումը. փոխվարչապետ Գրիգորյան


Ադրբեջանական դրոշը Գորիս - Կապան ճանապարհին
Ադրբեջանական դրոշը Գորիս - Կապան ճանապարհին

«Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել Ղարաբաղի հարցով եռակողմ հայտարարությունների իրագործումը», - հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված ԱՊՀ երկրների վարչապետերի խորհրդի նիստում։

«Չնայած ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը, այդ թվում՝ պահելով բազմաթիվ հայ ռազմագերիների», - նշել է Գրիգորյանը։

Հայաստանի փոխվարչապետը ևս երկու շեշտադրում է արել իր ելույթում. նախ, որ ղարաբաղյան խնդիրը չի կարող լուծվել ուժով, հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատով, նաև. - «Խեղաթյուրելով եռակողմ հայտարարության դրույթները տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին, Ադրբեջանում արծարծվում է միջանցքի գաղափարը՝ ուժի գործադրման սպառնալիքներով»։

Գրիգորյանի վերջին շեշտադրումն ընդհանուր էր, բարձրացրած մեծ աղմուկի ֆոնին որևէ խոսք չեղավ Գորիս-Կապան ճանապարհին մաքսակետ տեղադրելու Ադրբեջանի որոշման մասին։

Հայաստանի իշխանությունը հայտարարեց, որ ադրբեջանական կողմը երեկվանից որոշել է ճանապարհի՝ իրենց կողմից վերահսկվող հատվածում մաքսային ու անձնագրային հսկողություն իրականացնել նաև Հայաստանի քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ավելի վաղ ադրբեջանցիները իրանական բեռնատարներից էին մաքսատուրք գանձում։

Գորիս-Կապան ճանապարհին վերաբերող իրենց նպատակների մասին ադրբեջանցիները, ինչպես Հայաստանի վարչապետն էր ձևակերպում՝ «ոչ պաշտոնապես» են ծանուցել։ Հայաստանի արձագանքը եղավ այն, որ սահմանապահները արգելեցին հայկական համարանիշերով մեքենաներին երթևեկել ճանապարհի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածով։ Ընդդիմանալու գինը, ինչպես վարչապետն էր պնդում, լինելու էր միջանցքային տրամաբանությունը։

Իսկ նախկինում Փաշինյանը բազմիցս հայտարարել է, թե Հայաստանի տարածքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հարց երբեք չի քննարկվել։

Ընդդիմությունը կրկին մեղադրեց իշխանությանը. կարծում են՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական մաքսակետի տեղադրումը ինքնիշխանության ևս մի մասի զիջում էր։

Եվ ահա այս իրավիճակում նախագահ Արմեն Սարգսյանի Թելեգրամ ալիքում երեկ հայտնվեց հետևյալ գրառումը. - «Անթույլատրելի և անընդունելի եմ համարում ցանկացած ոտնձգություն Հայաստանի Հանրապետության սահմանների, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության, մեր քաղաքացիների կյանքի, նրանց ազատ և անվտանգ տեղաշարժի և բոլոր այլ հիմնարար իրավունքների նկատմամբ։ Ցանկացած ոտնձգության դեպքում համապատասխան պետական մարմինները և պաշտոնատար անձինք, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իրենց լիազորությունների շրջանակներում, պարտավոր են ձեռնարկել բոլոր միջոցները և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և նրա սահմանների անձեռնմխելիությունը»։

Գրառման մեջ չէր հստակեցվում, որ սա լրատվամիջոցի հարցման պատասխան է, միայն նախագահի տեսակետն էր մեջբերված։

Նախագահականից «Ազատությանը» հավելյալ մեկնաբանություններ չտվեցին, թե արդյոք նախագահը վարչապետի հետ զրույց ունեցել է։ Հայտարարեցին, թե հարցում է եղել. արդյո՞ք նախագահը երեկ տեղի ունեցածը համարում է ոտնձգություն Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ու պատրաստվո՞ւմ է արդյոք որևէ հայտարարություն անել թեմայի վերաբերյալ։

Նախագահ - վարչապետ զրույց եղել է, թե ոչ, «Ազատությանը» ոչինչ չհաջողվեց պարզել նաև կառավարությունից։

«Այս պահին ես սա չեմ կարող վերագրել որպես հայտարարություն ուղղված իշխանություններին», - ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ եթե նախագահի հայտարարությունը իշխանություններին է ուղղված, աշխատակազմը պետք է հստակեցնի. - «Թե' օրենսդրի ներկայացուցիչները, նաև կոնկրետ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները հնարավորինս կոմունիկացնում են հանրության հետ և պետական մարմինների հետ ստեղծված իրավիճակի մասին բոլոր մանրամասները, և ըստ էության, այս պահին չկա հարց, որի պատասխանը մենք չենք հնչեցրել։ Իհարկե, իրավիճակը շարունակում է մնալ մտահոգիչ, կան խնդիրներ, որոնք լուծման անհրաժեշտություն ունեն, և այդ ուղղությամբ աշխատանքներ է գնում»։

Լիլիթ Գալստյան
Լիլիթ Գալստյան

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը խոսքով, նախագահի արձագանքն ամենևին համարժեք չէր իրավիճակին. - «Կոչին անդին որտե՞ղ են գործողությունները։ Ե՞րբ ինքը պահանջեց Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, ե՞րբ եկավ խորհրդարան, ե՞րբ պահանջեց վարչապետի հետ հանդիպում՝ քննարկելու... Քսանմեկ կիլոմետր մեր Հայաստանի տարածքից տվել ենք թուրքին, բազմաթիվ անհայտներով... բա երկրի նախագահը չպահանջի՞ առաջնահերթ հանդիպում, հրապարակային Անվտանգության խորհրդի նիստ... Անգործունեության ա մատնվել՝ ամեն անգամ հղում անելով Սահմանադրությամբ սահմանափակ լիազորություններին։ Երբ որ եղած մեկ նախադասությունը՝ երկրի սահմանադրականությունը արդեն նախագահին լուրջ հնարավորություններ էր տալիս»։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի համար հայտարարությունից պարզ չի դարձել Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված խնդրի մասին նախագահը ի վերջո ի՞նչ դիրքորոշում ունի. - «Եթե խոսքը վերաբերում է կոնկրետ խնդրին, որը մեծ հանրային արձագանք է առաջացրել, ապա իհարկե շատ ավելի արդյունավետ է կոնկրետ գնահատականները, եթե հնչում է հրապարակային մեկնաբանություն, քան ընդհանուր բնույթի ձևակերպումները։ Որովհետև ի վերջո հարց է առաջանում՝ հիմա էդտեղ կա՞ խնդիր, թե՞ չկա։ Եվ եթե խնդիր կա, ապա ո՞րն է նախագահի դիրքորոշումը»։

XS
SM
MD
LG