Մատչելիության հղումներ

Կապանում նախընտրական քարոզարշավի ժամանակ նկատվել է վարչական ռեսուրսի չարաշահում գործադիրի կողմից. «Անկախ դիտորդ»


Առավոտվանից բավականին հանգիստ է իրավիճակը թե՛ Կապանում, թե՛ մյուս համայնքներում, ուշադրության արժանի միջադեպեր տեղի չեն ունեցել, լրագրողներին հայտնեց «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից ընտրական գործընթացներին վատ տիրապետել և որոշ տեղերում տեխնիկական խնդիրներ են նկատվել, արձանագրեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքը հսկող դաշինքի ներկայացուցիչը:

Նրա ներկայացմամբ` Կապանում բավականին ակտիվ քարոզարշավ է եղել:

«Ինֆորմացիոն դաշտում մեր կողմից նկատվել էր որոշակի առումով վարչական ռեսուրսի չարաշահում նաև գործադիր իշխանության կողմից, մասնավորապես կառավարության կողմից Կապանին հատկացված 9 միլիարդ դրամի ծրագիրը, որը կրթական ծրագիր էր, և ինքնին չքննարկելով` որքանով էր այդ ծրագիրը լավը կամ վատը, բայց խնդիրն այն էր, որ այդ ծրագրի մասին հայտարարվեց ընտրություններից մի քանի օր առաջ և սկսվեց հենց Կապանով», - հայտնեց Դանիել Իոաննիսյանը` հավելելով. «Սա պետք է նաև ընդհանուր կոնտեքստում նայենք, որ բավականին ինտենսիվ աշխատանք է տարվում` ներկայացնելու համար, որ թեկնածուներից մեկը հենց կառավարության ներկայացուցիչն է: Տարբեր տեղեր ինքը ներկայանում է որպես կառավարության ներկայացուցիչ»:

Կապանում երկու քաղաքական ուժ է առաջադրվել` «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Գ7որգ Փարսյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը` պատգամավոր Դավիթ Դանիելյանը:

Ինչ վերաբերում է «Շանթ դաշինքին», ապա Իոաննիսյանն ասաց, որ այդ ուժը քիչ էր մասնակցում հանրային դեբատներին, ինչը չի բխում ընտրությունների ժողովրդավարական տրամաբանությունից, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչները փորձել են չշփվել դիտորդների հետ:

«Անկախ դիտորդը» նաև արձանագրել է` երկու տեղամասերում գրանցվել են միևնույն կուսակցության 3-ական վստահված անձինք, որոնք քվեասենյակում ներկա են լինում «հերթափոխով»:

Դիտարկված ընտրատեղամասերից միայն 12-ում ներկայացված չեն եղել առաջադրվող ուժերից որևէ մեկի վստահված անձինք, որոնցից 9-ը՝ Իջևան համայնքում:

Կապան քաղաքի ընտրատեղամասերից մեկի հարակից տարածքում նկատվել են մարդկանց կուտակում:

Դաշինքի ներկայացուցիչ Վահրամ Թոքմաջյանն էլ ասաց, որ ՔՊ-ի թեկնածուները տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար հյուրասիրություն են կազմակերպում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG