Մատչելիության հղումներ

Լույս է տեսել Վասակ Դարբինյանի «Վանոյի հետ և առանց Վանոյի» ժողովածուն


Հայ ընթերցերցասեր հասարակությանը չի կարող անտարբեր թողնել Վասակ Դարբինյանի կազմած «Վանոյի հետ և առանց Վանոյի» շատ ուշագրավ ժողովածուն, որը լույս է ընծայել «Մագաղաթ» հրատարակչությունը:

Լուսանկարազարդ, մոտ 600 էջանոց այս ժողովածուի բազմամարդ շնորհանդեսն այսօր արդեն իսկ գրքի շուրջ առաջացած հետաքրքրությունը վկայող խոսուն փաստ է:

Վասակ Դարբինյանը Վանո Սիրադեղյանի հետ ճանապարհ է անցել 88-ի առաջին իսկ օրերից և գրքի առաջաբանում գրում է․ - «Լինելով ժամանակի ամենավառ կերպարներից մեկը, աչքի ընկնող անհատականություն, ունենալով գրական բարձրագույն ճաշակ և անուրանալի տաղանդ, ստանձնելով մեծագույն պատասխանատվություն մեր պատմության շրջադարձային, հակասական ու բարդագույն ժամանակահատվածում՝ Վանո Սիրադեղյանը դեպքերի սրընթաց զարգացման հետևանքով՝ շատ-շատերի համար անսպասելի նախ դարձավ քննադատության թիրախ, ապա մեղադրվեց բոլոր հնարավոր և անհնար հանցանքների մեջ և ի վերջո հեռացավ Հայաստանից: Մեր ժամանակաշրջանը լավագույնս խորհրդանշող դեմքը արդեն շուրջ երկու տասնամյակ կտրված է մեզնից՝ իր հայրենի երկրից, ընտանիքից, հարազատներից ու ընկերներից»:

«Ազատության» հետ զրույցում Դարբինյանն ասաց․ - «Հարցազրույցների ժողովածու է: Զրուցել եմ իր մտերիմների, ընկերների, նաև գաղափարական հակառակորդների հետ: Երկու նպատակ եմ հետապնդել․ մեկը՝ ներկայացնել Վանոյի կերպարը, և երկրորդը՝ իր կերպարի միջոցով էդ ժամանակաշրջանի տրամադրությունները, ընդհանուր միտումները: 28 տարբեր մարդիկ խոսում են մի մարդու մասին, որին շատ լավ ճանաչել են: Աշխատել եմ իմ տեսակետը չփաթաթել»:

Այսօր տեղի ունեցած շնորհանդեսին Վասակ Դարբինյանը հույս հայտնեց, որ Վանո Սիրադեղյանը կկարդա իր կազմած գիրքը․ - «Ոչինչ թաքուն տեղի չի ունենում: Բնականաբար, հասանելի կլինի»:

«Ազատության» հարցին, թե ինչպիսին էր Վանո Սիրադեղյանի կերպարը՝ Դարբինյանն արձագանքեց․ - «Ինչպիսին ես ճանաչել եմ: Հարթ չեն եղել մեր հարաբերությունները․ եղել են գժտություններ, եղել են վեճեր, եղել է շատ փոխհարաբերությունների շատ մտերիմ շրջան, ընկերություն՝ ամենաբազմազան մարդկանց մասնակցությամբ և ներկայությամբ: Շատ բան ես չեմ ուզեցել բացահայտել, իմ անձնական հիշողությունները չեմ ներկայացրել»:

Վանո Սիրադեղյանի ամենամտերիմ գրչընկերները բոլորն էլ իրենց հարցազրույցներում շատ անկեղծ են և այսօր էլ վստահաբար պնդում էին, որ նա մեր ժամանակների լավագույն գրողներից մեկն է:

Հակոբ Մովսես․ - «Արտակարգ նախաձեռնություն: Քանի՞ տարի է, որ Վանո Սիրադեղյանը բացակայում է մեր իրականության մեջ, բայց՝ ո՛չ մեր իրականությունից: Վտարանդի գրող, Աստված տա, վերջին վտարանդին: Ինքը գրականության մեջ մի ոճ է ստեղծել, մի գրություն, գիր տեսակ, որը անանցողիկ է: Ինչքան էլ ինքը բացակայի, ինչքան էլ իրեն վտարեն, միշտ մեր լավագույն գրողներից մեկն է, Ստեփան Զորյանից հետո մեր գրականության մեջ հայտնված երեք-չորս լավագույն արձակագիրներից մեկն է: Մեր գրականության մեջ Սիրադեղյանը անանց արժեք է: Դրանից բարձր գնահատական, դրանից բարձր ներկայություն, ես կարծում, որ չկա»:

«Վասակ Դարբինյանի նախաձեռնությունը ինձ ապշեցնում է», - հավելեց Հակոբ Մովսեսը: - «Էս ընկերամերժ, ընկերուրաց օրերում էդպիսի ընկերական հավատարմություն, էդպիսի նվիրվածություն գրողին, իր ընկերոջը, բացառիկ է»:

Ռոլանդ Շառոյան․ - «Կարծում եմ, որ շատ է ուշացել, բայց նաև ճիշտ ժամանակն է, որ Վանոն վերադառնա գրականություն, որովհետև ինքը մեր ժամանակի լավագույն գրողներից մեկն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG