Մատչելիության հղումներ

«Ասաց՝ մամ, ես կգնամ, դու մնա, սպասիր ինձ, տենց էլ արեցինք». պատերազմում զոհվածի մայր


Պատերազմի ավարտից հետո՝ գրեթե միշտ ծնողներն ամեն առիթ օգտագործում են տղաների շիրիմին այցելելու։ Նրանց համար խորհրդանշական է դարձել օրացույցի ամեն օր, որ ինչ-որ կերպ հիշեցնում է որդիների մասին։

«Մի օր իմ տղան չտրտնջաց, ասաց՝ մամ, ես կգնամ, դու մնա, սպասիր ինձ, տենց էլ արեցինք», - ասաց Գևորգ Հակոբյանի մայրը՝ Աննա Հակոբյանը:

Գևորգը 2019-ին Սանկտ Պետերբուրգում անվճար ընդունվել էր համալսարան, սակայն նույն տարում ուսումը թողել ու վերադարձել էր Հայաստան՝ ծառայության։ Բռնցքամարտիկ, ծանրամարտիկ Գևորգի մայրը՝ Աննա Հակոբյանը, պատմում է՝ որդին ծառայության ընթացքում էլ էր հաջողել, պատերազմում էլ բազմաթիվ փորձությունների միջով էր անցել, սակայն դրանց մասին հարազատներին չհասցրեց պատմել։

«Հոկտեմբերի 19-ին իր ծննդյան օրն էր, այնտեղից տեղափոխել էին ամսի 2-ին, 3-ին Ջաբրայիլ, հետո Հադրութ, բոլոր տեղերը անցել էր, 4 անօդաչու էր խփել, բայց չէր հպարտանում, չէր ասում, ընկերներից ենք իմացել, ավտոն շուռ էր եկել, իրեն բան չէր եղել, ոտքով եկել էին Մարտունի», - պատմեց մայրը:

Եռակողմ հայտարարությունից 8 օր առաջ զոհվեց Գևորգը, մայրն ասում է՝ միայն օրեր անց իմացան, որ տղան սպանվել է, անօդաչուի հարվածից մյուս զինծառայակիցներն էլ էին զոհվել. - «Տագնապ զգացել եմ այդ օրը, բայց ինձ չէին ասում, զանգում էի, անհասանելի էր, դեպքի մասին իմացել եմ ամսի 8-ին»:

Գևորգի տատը Ղարաբաղյան առաջին պատերազմում էլ որդուն է կորցրել։ Գևորգին հորեղբոր անունով էին կոչել. - «Ասում էի՝ մնա, մի արի Ռուսաստանից, Հայաստանի տեղը չգիտեիր, ինչիդ էր պետք եկար»:

Ծառայությունը Հայաստան էր բերել նաև Արթուրին. նա էլ ուսման հնարավորությունը թողել, վերադարձել էր։ Չէր հասցրել համալսարան ընդունվել։ Ծրագրել էր՝ ուսումը կշարունակի ծառայությունից հետո։ Շատ կարճ ժամանակահատվածում հասցրել էր կապի ջոկի հրամանատար նշանակվել։ Զինվորական մորաքույրը Արթուրի հետ վերջի անգամ նոյեմբերի 8-ին էր խոսել։

«Արանքում խոսում էի, ինքը ասում էր՝ վիճակը վատ է, բայց պետք է կարողանանք հաղթահարել, հաղթելու ենք, բայց էդ օրը մի ուրիշ ձևի ուրախ խոսեց, ասաց՝ անհոգ մնա Անուշ մորքուր, ամեն ինչ լավ է լինելու, էդ եղել է նոյեմբերի 8-ին, նոյեմբերի 9-ին արդեն ինքը զոհվել է, նոյեմբերի 10-ին ենք մենք իմացել», - պատմեց Արթուր Եղիազարյանի մուրաքույրը՝ Անուշ Ալավերդյանը:

Առաջին պատերազմում ամուսնուն կորցրած, մարտակերտցի Անուշն ասում է՝ պատերազմին ոչ միայն ինքն ու Արթուրն են մասնակցել, այլ մյուս հարազատները։ 44 օր շարունակ տագնապը մի քանի անգամ շատ է եղել, հարազատները այդ թվում՝ որդին ամենքը մի սահմանին։

«Արկերը ձայները իմ ականջներից չեն գնում, քանի որ ես դեպի հյուսիս նայելուց, այսինքն Թալիշի կողմից ձայներ լսելուց փեսայիս մասին եմ մտածել, որ փեսաս այնտեղ է, նրա նման ահագին տղաներ այնտեղ են, հյուսիսից դեպի արևելք գտնվող Մարտակերտի շրջանի Մարտակերտ-Մատաղիսի արանքում եղբորս երեխաներն էին ու նրանց նման ահագին լույս տղերք, կենտրոնից ձայն էր գալիս, տղաս էր այնտեղ իր նման լույս տղաների հետ, արդեն դեպի հարավ եմ նայում՝ եղբորս տղան էր այնտեղ, քրոջս տղան էր այնտեղ», - ասաց Ալավերդյանը:

Պատերազմը շարունակվում է, Արցախում անորոշ իրավիճակ է, մտահոգ ասում է Անուշ Ալավերդյանը, մատնանշելով պարբերաբար խախտվող հրադադարի դեպքերը. - «Հիմա այնտեղի դրությունը շատ անորոշ վիճակում է, հենց երեկ Շուշին անցած մի ժամ հետո մենք լսեցինք, որ Շուշիում էլի ոճրագործություն է կատարվել թուրքի կողմից: Շարունակվում է, էս 30 տարվա ընթացքում սենց բան չենք տեսել, կոտորածը շարունակվում է, ու լռում են մեր իշխանությունները»:

44-օրյա պատերազմի հետևանքով 3788 զինվորական ու քաղաքացիական է զոհվել։ Պաշտոնական վերջին տվյալով՝ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։


XS
SM
MD
LG