Մատչելիության հղումներ

Շուշիի մոտ կրակոցներից տուժած երեք քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը՝ ծանր


Լեռնային Ղարաբաղ, Շուշի
Լեռնային Ղարաբաղ, Շուշի

Ադրբեջանցիները կրակ են բացել Շուշիի մոտակա խաչմերուկում, Արցախի տարածքում ջրատար խողովակների շինաշխատանք կատարող 4 արցախցիների ուղղությամբ, 22-ամյա մարտին Երեմյանը մահացել է, 31, 41 ու 43 տարեկան քաղաքացիներն այժմ Ստեփանակերտի հիվանդանոցում են։ Տեղեկությունը մի քանի ժամ առաջ տարածեց Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը:

Արցախի ջրմուղկոյուղու աշխատակիցների ուղղությամբ ադրբեջանական կողմը կրակել է ցերեկը 15:00 -ի սահմաններում: Հիվանդանոցում գտնվող երեք քաղաքացիներից մեկը քիչ առաջ վիրահատվել է: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություն փոխանցեց Արցախի առողջապահության նախարարը, նա Ստեփանակերտի հիվանդանոցում էր:

«Երկուսի վիճակը միջին ծանրության է, մեկը գտնվում է հիմա վիրահատարանում` բազկի շրջանում և վզի շրջանում հրազենային վիրավորում, մյուսը՝ կրծքավանդակի շրջանում՝ աջից ձախ: Երկուսի վիճակը միջին ծանրության է: Երրորդը վզի հատվածի շրջանում է, վնասվել են նաև խոշոր անոթներ, այս պահին, փառք Աստծո, վիրահատությունն ավարտվել է, հիմա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, վիճակը գնահատվում է ծանր, կյանքին վտանգ չի սպառնում: Երկուսը հիմա իրենց սենյակներում են, պալատներում են, մեկ անձը հսկողության տակ է, բարեհաջող վիրահատությունն ավարտվել է», - ասաց Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

Վիրավորների արյունոտ վերքերը Արցախի օմբուդսմենի տարածած լուսանկարներում են: «Սա ադրբեջանական կողմի հայատյաց, ցեղասպան ու ֆաշիստական վարքագծի հերթական ապացույցն է», - գրել է Գեղամ Ստեփանյանը:

«Շուշիի ներքևի մուտքի խաչմերուկի մոտակայքում, դա չպետք է շփոթել միջանցքի հետ, դա Արցախի Հանրապետության տարածք է: Առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական անձ է դիտավորյալ թիրախային հարվածից սպանվում, նման դեպք գրանցվել է նաև Մարտակերտի շրջանում տեղի ունեցած բոլորին արդեն հայտնի դեպքը: Դեպքերի նման կրկնության համար մեկ պատճառն այն է, որ գրանցվող միջադեպերը հավուր պատշաճի չեն ուսումնասիրվում և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվում: Այս հարցը ամենաբարձր մակարդակով պետք է քննարկման դրվի և հանցագործները պետք է ենթարկվեն պատժի, որպեսզի այդ անպատժելիության մթնոլորտն, ի վերջո, վերանա», - ասաց օմբուդսմենը:

Միջադեպի մասին առայժմ լռում են Ադրբեջանի ու Ռուսաստանի պաշտոնական լրահոսերում: Այս պահին Ստեփանակերտ-Բերձոր ճանապարհի Շուշիի հատվածը՝ այսինքն դեպի Հայաստան ու Հայաստանից Արցախ երթևեկությունը փակ է:

Ըստ փորձագետի, այսօր տեղի ունեցածը սադրանք է, որը կապ ունի առաջիկա եռակողմ հայտարարության հետ

«Կրակել են շատ մոտ տարածությունից և կրակել են թեթև զենքով, այսինքն՝ շատ փոքր տրամաչափի զենքով, այսքան տեղեկատվություն ունեմ: Բոլոր ավտոմեքենաները Շուշիի տակից վերադարձան քաղաք, և մենք սպասում ենք, տեսնենք՝ ճանապարհը կբացվի՞, թե՞ չի բացվի», - նշեց «Անի» կենտրոնի փորձագետ, «Ալիքմեդիա»-ի ներկայացուցիչ Թաթուլ Հակոբյանը:

Հակոբյանը նույն ժամերին՝ ցերեկը 3-ին, ճանապարհի այդ հատվածից հետ է վերադարձել Ստեփանակերտ: Նա մեզ պատմեց, որ նախորդ օրն է Արցախ մեկնել ու ճանապարհին հայկական կողմը լուսավորության աշխատանք էր կատարում։ Այն, ինչ այսօր է տեղի ունեցել, նա համարում է ակնհայտ սադրանք, որն, ըստ նրա, կապ ունի առաջիկա եռակողմ հայտարարության հետ:

«Ռուսական կողմը երեկ հաստատել է, որ տեղի է ունենալու հանդիպում՝ տեսակոնֆերանսի ձևով, երեք երկրների՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, և իմ տպավորությամբ, սա ուղղված է այդ հայտարարությունը վիժեցնելուն», - ընդգծեց փորձագետը:

Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ միֆ է, թե Ադրբեջան-Թուրքիա՝ մեկ են, Թուրքիան այսօր բավարարված չէ տարածաշրջանային զարգացումներում իր դերակատարումից:

«Թուրքիայի կողմից սադրանք՝ վիժեցնելու այս գործընթացը, որովհետև թուրքերն ակնհայտորեն դժգոհ են, գուցե այդ մասին դեռևս չեն բարձրաձայնում, ակնհայտորեն դժգոհ են այն իրավիճակից, այն ստատուսից հետո, որ իրենք ունեն: Իրենք ի՞նչ ունեն հիմա այստեղ՝ հակամարտության գոտում, իրենք ունեն ընդամենը մի քանի տասնյակ մոնիտորինգի խմբում ռուսների հետ միասին ներկայություն և վերջ: Սա, բնականաբար, թուրքերի սրտով չէ», - ընդգծեց «Անի» կենտրոնի փորձագետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների բարձր մակարդակով հանդիպման մասին «Ալիքմեդիա»-ն էր գրել: Ըստ Թաթուլ Հակոբյանի, սպասվող այդ հանդիպումը, ամենայն հավանականությամբ, պետք է եզրափակվեր երկու հայտարարությունների ստորագրմամբ՝ տարածաշրջանային ապաշրջափակման և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու դեմարկացիայի, դելիմիտացիայի վերաբերյալ: Փորձագետի խոսքով՝ առաջին տեքստերը հայանպաստ չէին, սակայն վերջին ամիսներին կային դրական միտումներ հայկական կողմի համար:

«Ամիսների ընթացքում այդ փաստաթղթի վրա կատարվել է հսկայական աշխատանք, այդ փաստաթուղթը համեմատաբար որոշակի դրական միտումներ է պարունակել հայկական կողմի համար, ինչից դժգոհ է նաև ադրբեջանական կողմը: Ես սրանով ոչ մի կերպ չեմ ուզում ասել, որ այո, այս փաստաթուղթը, որի գոյությունը չգիտեմ ինչ-ինչ պատճառներով հետևողականորեն Հայաստանի իշխանությունները հերքում են, ես չեմ հասկանում՝ ինչու են հերքում, և դրանք կան իրականում: Ես չեմ ասում, որ այդ փաստաթղթերը լավ են, բայց այդ փաստաթղթերը ունեցել են որոշակի դրական միտումներ հայկական կողմի համար», - ասաց Հակոբյանը:

Ի՞նչ սպասել այս միջադեպից հետո, Թաթուլ Հակոբյանը ոչինչ չի բացառում: Ըստ նրա, այսօր տեղի ունեցածը ակնհայտ է ցույց տալիս, թե որքան խոցելի է Արցախը։

XS
SM
MD
LG