Մատչելիության հղումներ

«Առկա ուսուցումը շատ ավելի լավ է». հակահամաճարակային կանոնների պահպանմամբ կրկին դպրոց


14-օրյա՝ քովիդի պատճառով մեկ շաբաթով երկարաձգված արձակուրդից հետո աշակերտներն այսօր կրկին դպրոց գնացին: Հակահամաճարակային կանոնները նույնն են՝ պետք է դիմակներ կրեն։

Դպրոցն ու ընկերներին կարոտած աշակերտներն անկեղծանում են՝ դիմակ կրելու անհրաժեշտությունը հասկանում են, բայց միշտ դրանցով լինել չեն կարող, դժվար է։ Ասում են՝ պատրաստ են մի քիչ նեղություն քաշել, միայն թե կրկին հեռավար դասերի չանցնեն:

«Իհարկե, կան ժամանակներ, որ փորձում ենք իջեցնել, քանի որ երկար չենք կարող դնել, բայց հիմնականում աշխատում ենք, որ դնենք: Հեռավարով ոչ այնքան բան ենք սովորում, ինչ որ գալիս ենք դպրոց, դպրոց որ գալիս ենք, ավելի լավ բաներ ենք սովորում», - ասում է աշակերտներից մեկը:

Երևանի համար 197 հիմնական դպրոցում արձակուրդից հետո բացակաները շատ չէին: Տնօրեն Ալմաստ Ավետիսյանն արձակուրդի երկարաձգումը ճիշտ է համարում, քանի որ մինչ այդ քովիդի պատճառով հակառակ պատկերն էր. «Վերջին օրերին արդեն բավականին բացակայություններ ունեինք, իսկ այժմ արդեն այս ընթացքում երեխաները լավացան, վիճակը կարգավորվեց, և շատ լավ այսօր հաճախել են դպրոց: Այնպես որ, առկա ուսուցումը շատ ավելի լավ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա:

Համար 48 հիմնական դպրոցի աշակերտներից մեկի ծնող Հռիփսիմե Բրոյանը կարծում է՝ միայն արձակուրդի երկարաձգումը բավարար չէր, պետք էր համընդհանուր սահմանափակումների՝ լոքդաունի անցնել. «Եթե համաճարակային վիճակը հաշվի առնենք, պիտի բոլոր տեղերը փակ լինեն, ու լիներ մի շաբաթ` ոչ մեկը ոչ աշխատանքի գնար, ոչ մանկապարտեզ, ոչ ուսումնական հաստատությունները բաց լինեին»:

Այս դպրոցի ուսուցիչ, աշակերտներից մեկի տատիկ Ալինա Գաբրելյանն էլ ուրախ է, որ դասերը վերսկսվեցին, ասում է՝ մտավախություն ունեին, որ կրկին հեռավարի են անցնելու:

Առողջապահության նախարարն այսօր պարզաբանել է՝ հեռավար ուսուցման կանցնեն այն դպրոցները, որտեղ քովիդի լոկալ բռնկումներ կգրանցվեն։

«Մեկ շաբաթ արձակուրդը ևս մեկ շաբաթով երկարաձգելը մեզ մի պահ հնարավորություն է տալիս մեղմելու և մեր առողջապահական համակարգն այն վիճակում պահպանելու, որ մենք հնարավորություն ունենանք մեր պացիենտներին ճիշտ ժամանակին բժշկական օգնություն տրամադրել», - ասաց նա:

Պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը, ամբողջությամբ` նրանց կեսը

Անհաիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է Հայաստանի չափահաս բնակչության 30 տոկոսը, ամբողջությամբ պատվաստված է նրանց միայն կեսը՝ մոտ 300 հազար քաղաքացի։ Պաշտոնյան ասում է՝ առաջին և երկրորդ դեղաչափը ստացածների միջև մեծ տարբերությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ պատվաստումներն ակտիվացել են վերջին մեկ ամսվա ընթացքում՝ կառավարության կիրառած խստացումներից հետո։

Նախարարը պնդեց՝ հետպատվաստումային բարդության որևէ նշանակալի դեպք չի գրանցվել, միևնույն ժամանակ հաստատեց՝ եղել են դեպքեր, երբ պատվաստված լինելու պարագայում էլ մարդիկ մահացել են քովիդից:

«Ունեցել ենք դեպքեր, որոնք պատվաստված լինելու հանգամանքը, անգամ առկայության պարագայում, ցավոք սրտի, քովիդից մահացել են: Առաջիկայում այդ տեղեկատվությունը ևս կհրապարակվի, երբ որ գրանցվի մահվան դեպք, և պարզվի, որ այդ անձը պատվաստման սերտիֆիկատը ձեռք է բերել առանց պատվաստվելու, մենք որևէ ռետրոսպեկտիվ միջոց պարզելու, թե արդյոք նա իրականում պատվաստված էր, թե ոչ, ցավոք չունենք:

Դա անդրադառնալու է նաև պատվաստումների նկատմամբ որոշակի վստահության հարց առաջանալուն», - հայտնեց առողջապահական գերատեսչության ղեկավարը:

Շարունակվում է ծանրաբեռնված մնալ մահճակալային ֆոնդը, ազատ մահճակալներ չկան։ Նախորդ օրը կորոնավիրուսը ևս 30, այդ թվում՝ հղի կնոջ կյանք է կյանք է խլել, քովիդից մահացածների ընդհանուր թիվը Հայաստանում հասավ 6700-ի, ևս 1337 մարդ, վարակված լինելով քովիդով, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառով։

XS
SM
MD
LG