Մատչելիության հղումներ

Կարեն Անդրեասյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել, վստահեցնում է` իր ցանկությունն է


Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը դիմել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու համար, սպասում է հաստատմանը։ Պարտադրանք իշխանությունների կողմից չի եղել, ասում է՝ իր ցանկությունն է։

«Ես ուզում եմ լինել կուսակցական և դիմել եմ` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտնելու, դեռ չեն ընդունել», - այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեց նա:

Պարտված պատերազմ, Ղարաբաղի 70 տոկոսից ավելի կորուստ, այս ամենը հենց այս կուսակցության իշխանության տարիներին է եղել. այս փուլում անդամակցելով ՔՊ-ին կիսո՞ւմ է այս ամբողջի պատասխանատվությունը, հարցին 44-օրյա պատերազմից հետո արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնած Անդրեասյանը պատասխանեց. «Պարտություն եղել է, և այդ պարտության համար պատասխանատվության ես չեմ կրում, և ես կարծում եմ` նույնիսկ իմ թիմը չի կրում, որովհետև չնայած ես նոր եմ միացել, կրում են բոլոր նրանք, ովքեր երկիրը թուլացրել, հասցրել են այն վիճակին, կայացրել են այնպիսի սխալ որոշումներ, որոնց բերել են, հասցրել են կա՛մ ամեն ինչ, կա՛մ ոչնչի: Եվ ցավոք սրտի, այդ պայքարի մեջ 30 տարվա ոչ թե կառուցել են, այլ թուլացրել են, և այդ ամեն ինչի պատասխանատվությունը կրում են բոլոր նաև նրանք, ովքեր հանգիստ վայելել են այդ թուլացման ժամանակ ամեն ինչ»:

Ճշտող հարցին` խոսքը նախկին իշխանությունների մասին է, նախարարը կարճ արձագանքեց` «բոլորս»:

Կարեն Անդրեասյանը նախկինում անդամակցել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին արտգործնախարար աշխատած Վարդան Օսկանյանի «Համախմբում» կուսակցությանը ու ժամանակին եղել է ներկայիս ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Թևանյանի, Արեգնազ Մանուկյանի, Էլինար Վարդանյանի, Գեղամ Նազարյանի թիմակիցը:

«Ես իմ կյանքում երեք ամսով եմ եղել կուսակցական, շատ դառը փորձը եկեք չհիշենք», - այսօր ասաց նա:

2011-2016 թվականներին էլ իշխող Հանրապետականի որոշմամբ ընտրվել էր Մարդու իրավունքների պաշտպան։ Անդրեասյանը, որն օմբուդսմեն աշխատելու տարիներին անմասն չմնաց իշխանական թևից իր հասցեին հնչող քննադատություններից, այսօր չցանկացավ մեկնաբանել իր թիմակիցների հայտարարությունը գործող օբմուդսմեն Արման Թաթոյանի մասին։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էր Թաթոյանին մեղադրել քաղաքականացված լինելու համար ու ակնարկել, որ նրա պաշտոնավարմանը շատ չի մնացել։ Ո՞վ է նրան իրավունք տվել օմբուդսմենի փոփոխման հարց քննարկել, այսօր հայտարարել է Արման Թաթոյանը, որն այս հարցով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է դիմել։

Անդրեասյանը, սակայն, այստեղ խնդիր չի տեսնում: Նա ասում է` Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն իսկապես փետրվարին լրանում է. «Իմ կուսակիցներն ու թիմակիցները այնպիսի սխալ հայտարարություն չեն արել, որից ես ամաչեմ կամ վատ զգամ, համարեմ դատապարտելի»:

Անդրեասյանը խորհրդարանում մասնակցում էր 2022 թվականի բյուջեի նախագծի քննարկմանը։ Այսօր հրավիրված էր նաև Հակակոռուպցիոն կոմիտեի վերափոխված ՀՔԾ տնօրեն Սասուն Խաչատրյանը, որը հեռացավ առանց լրագրողների հարցերին պատասխանելու։

Իսկ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի փոխարեն խորհրդարան էր եկել նրա տեղակալը՝ Արսեն Այվազյանը։ Քյարամյանը այլ՝ կարևոր գործերով էր զբաղված, փոխանցեց տեղակալը. «Պարոն Քյարամյանի մոտ այսօր առավոտյան հանկարծակի անսպասելի օրակարգն աշխատանքային փոխվեց, անհետաձգելի խնդիր առաջացավ, որով պայմանավորված փոփոխություն եղավ օրակարգում»:

Արգիշտի Քյարամյանը 44-օրյա պատերազմի ընթացքում առանց որևէ պաշտոնական բացատրության ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից և ամիսներ առաջ` հուլիսի 12-ին նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահ: Պատերազմից հետո լրագրողները նրան հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել։ Ժամանակին, երբ բարձրաստիճան պաշտոնյաները չէին ներկայանում բյուջեի քննարկումներին նմանօրինակ բացատրություններով, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հեգնում էր. «Մյուսները պարապ են, ի՞նչ է, որ եկել են:

… Գնացել էի, բանակի քեֆ ունեի Սանկտ Պետերբուրգում, այսինքն` մյուս մարդիկ այստեղ պարա՞պ են, ես չեմ հասկանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG