Մատչելիության հղումներ

Ձևավորվում է օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավար կազմը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է կառավարության ձևավորման աշխատանքները։

Նախագահ Արմեն Սարգսյանը Փաշինյանի առաջարկով փոխվարչապետ է նշանակել Մհեր Գրիգորյանին։ 49-ամյա Գրիգորյանը 2018 թվականի հեղափոխությունից հետո ԲՀԿ-ի քվոտայով էր նշանակվել այս պաշտոնում և մինչև օրս շարունակել աշխատանքը Փաշինյանի հետ։

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ նախկին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշանակվել է Արդարադատության նախարար։ Դեռ հայտնի չէ, թե ինչ պաշտոն կզբաղեցնի Արդարադատության արդեն նախկին նախարար Ռուստամ Բադասյանը։ Մամուլը գրում էր Պետական եկամուտների կոմիտեի նախագահ դառնալու մասին։ Բադասյանը, հիշեցնենք, մինչև Արդարադատության նախարար նշանակվելը ՊԵԿ փոխնախագահն էր։

Փոփվել է նաև Ֆինանսների նախարարը։ Դեռ 90-ականներից պետական կառավարման համակարգում աշխատած Ատոմ Ջանջուղազյանին կփոխարինի Էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը։

Առողջապահության նախարարությունը կշարունակի ղեկավարել Անահիտ Ավանեսյանը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ Անդրանիկ Փիլոյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Վահրամ Դումանյանը, Էկոնոմիկայի նախարարությունը՝ Վահան Քերոբյանը։

Զուգահեռ շարունակվում է ձևավորվել օրենսդիրը։ Ազգային ժողովի այսօրվա նիստի սկզբում հայտնի դարձան ԱԺ նախագահի երեք տեղակալների թեկնածուների անունները։ Նրանք են՝ իշխանական խմբակցությունից Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը, և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանը:

Խորհրդարանը այսօր հասցրեց ընտրել միայն Ռուբինյանին։ Միայն իշխանականների 70 կողմ ձայնով նախորդ գումարման խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյանը ընտրվեց փոխնախագահ։

Նրա թեկնածություն ներկայացրեց իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։ 31 ամյա Ռուբինյանը ավարտել է պետական համալսարան միջազգային հարաբերություների բաժինը։ Ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում և Լեհաստանում. - «2015-16 թվականներին աշխատել է «Արարատնյուզ» լրատվական կայքում, 16-17 թվականներին աշխատել է «Բեթքոնստրաքթ» ընկերությունում որպես թարգմանիչ և զուգահեռ եղել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակը։ 2017-18 թվականներին զբաղվել է գիտական գործունեությամբ»։

Ապա 2018 թվականի հեղափոխությունից հետո Ռուբինյանը նշանակվել է Արտաքին գործերի փոխնախարար, հետագայում ընտրվել է ԱԺ պատգամավոր։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշիքի պատգամավոր Աննա Մկրտչյանը հետաքրքում է Ռուբինյանի կենսագրության այն հատվածը, երբ նա գտնվել է Թուրքիայում. - «Այս նույն իշխանությունը մեզ արդեն հրամցրել էր մի իրավիճակ, որտեղ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կարող էր լինել թուրքի լրտես՝ «Օմեգա» մականունը կրող, ինչը ըստ էության ենթադրում է, որ այդ ռիսկայնությունը կարող է պարունակել նաև Ազգային ժողովը։ Մասնավորապես, կարող է այդ նույն իշխանությունը Ազգային ժողովի՝ այս անգամ էլ նախագահի տեղակալի պաշտոնում առաջարկել թուրքի լրտեսի։ Այ էսպիսի ռիսկեր ու վտանգներ ունենք մենք»։

«Ես 2017 թվականին թուրք ազգայնականի կողմից Ստամբուլում սպանված հայազգի լրագրող Հրանտ Դինքի անվան հիմնադրամի ծրագրի շրջանակներում մի քանի ամիս իրականացրել եմ հետազոտություն Թուրքիայում։ Եվ ի դեպ, երբեք դա չեմ թաքցրել, որովհետև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո փոխնախարար նշանակվելուց երեք կամ չորս օր անց հարցազրույցում բաց ասել եմ, որ ես հեղափոխությունից առաջ այնտեղ էի», - արձագանքեց Ռուբինյանը։

Այս համատեքստում իշխանական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հիշեց, որ Մկրտչյանի գործընկեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ Բաքվում է եղել։ «Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք այստեղ նույնպես հնարավոր է ռիսկի առկայություն, որ պարոն Աշոտյանը, անկախ իր կամքից, հավաքագրվել է որպես Բաքվի գործակալ», - հարցրեց Ջուլհակյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները իշխանական թեկնածուի քվեարկությանը չմասկացեցին։ Արդեն ելույթների ժամանակ «Պատիվ ունեմ»-ի պատգամավոր Հայկ Մամիջանյանը կասկածի տակ դրեց Ռուբինյանի մասնագիտական որակները. - «Ես թղթից պիտի որ բոլորդ ունենաք... ես մի տասնհինգ րոպե ման եմ գալիս վրան, ոչ մի տեղ «թատրոն» գրած չէր։ Էդ ծափահարությունների ավանդույթը եկեք թարգենք։ Ինչ վերաբերվում է ձեր հարցերից վերջինի պատասխանին՝ հուսով եմ, դուք ինձ կընտրեք, վստահաբար, պարոն Ռուբինյան, պատիվ ունեմ խմբակցությունը ձեզ չի ընտրելու»։

«Քաղաքացիական պայմանագրի» մյուս թեկնածուն Բարձր տեխնոգիաների նախկին նախարար և լրագրողի հետ ունեցած միջադեպից հետո հրաժարական ներկայացրած Հակոբ Արշակյանն էր։ Նրան խորհրդարանում ներկայացրեց Ծովինար Վարդանյանը. - «2003-2005 թվականներին ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում։ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հետաքրքիր էր, թե ինչու Արշակյանի կենսագրանում ոչինչ չի ասվում այն մասին, որ նա «Դեմ եմ» շարժման համակարգող անդամ է եղել. - «Չէիք ցանկացել հիշատակել այդ շարժման համակարգող խորհրդի անդամ լինելու հանգամանքը, որովհետև հակառակ 2013-2014 թվականների ձեր քաղաքական դիրքորոշմանն այդ հարցով, արդեն «Քաղպայմանագրի» անդամ լինելուց, կառավարության անդամ լինելուց, «Քաղպայմանագրում» կարևոր դեր ունենալու ժամանակ որևէ կերպ հրապարակային չեք խոսել, որ արդեն իշխանությունը շարունակում է նախորդ տարիների կառավարության գիծը և պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դարձրեց պարտադիր ամբողջ Հայաստանի տարածքում»։

Արշակյանի արձագանքը. - «Միացել եմ այդ շարժմանը երկու պատճառով։ Առաջինը, որպեսզի այդ միջոցները իրական հատվածում ներդրվեն, և երկրորդը, որովհետև չեմ վստահել այդօրվա իշխանությանը, ովքեր պիտի տնօրինեին, ովքեր պիտի ընտրեին այդ կառավարող ֆոնդերին... Այն ժամանակ ես դեմ եմ եղել այդ համակարգին, իսկ հիմա դեմ չեմ»։

Արշակյանի թեկնածության հարցի քննությունը ընդհատվեց ելույթների փուլում։

Վաղը Ազգային ժողովը ամենայն հավանականությամբ կհասցնի քննարկել ու քվեարկել նաև Հակոբ Արշակյանի և 3-րդ՝ արդեն ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի հարցը։

Սահմանադրության պահանջ է, որ ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։ ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG