Մատչելիության հղումներ

Ըստ ԵՄ-ի` Մոլդովայի պարագայում Ռուսաստանը գազն օգտագործում է որպես զենք


Մոլդովայում գազի դեֆիցիտ է: «Գազպրոմի» հետ պայմանագրի ժամկետը լրացել է սեպտեմբերի վերջին: Նոր երկարաժամկետ պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվել են շաբաթներ առաջ, սակայն որևէ արդյունք դեռ չեն տվել:

Մոսկվան պահանջում է հազար խորանարդ մետրի դիմաց վճարել 790 դոլար, ինչն ավելի քան երկու անգամ գերազանցում է մինչ այդ կողմերի միջև համաձայնեցված գինը, բացի այդ ռուսական գազային հոլդինգը պահանջում է մարել 709 միլիոն դոլարի պարտքը: Քիշնևն իր հերթին հայտարարում է` պարտքի մարման շուրջ քննարկումներ կսկսի «Գազպրոմի» հետ աուդիտից հետո միայն:

Մինչև կողմերը շարունակում են բանակցությունները, Բրյուսելը պնդում է` Մոսկվան միտումնավոր է այս հարցը շահարկում: Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջոզեֆ Բորելը վստահ է` Եվրամիությունը պետք է աջակցի Մոլդովային, քանի որ Ռուսաստանն օգտագործում է գազը որպես զենք. «Ընդհանուր առմամբ գազի գնի աճը ոչ միայն Եվրոպայում, այլև ամբողջ աշխարհում գազի մատակարարումները որպես զենք օգտագործելու հետևանք չէ։ Մոլդովայի պարագայում, այո, դա այդպես է, և դա կտրուկ աճ է, որը կապված է եղել որոշ քաղաքական խնդիրների հետ, և դա մեր կողմից աջակցություն է պահանջում»։

«Գազպրոմն» անգամ զեղչեր է առաջարկել. Financial Times

Financial Times-ը, հղում անելով իր աղբյուրին, նախօրեին գրել էր, որ «Գազպրոմն» անգամ զեղչեր է առաջարկել, եթե Քիշնևը վերանայի իր սերտ համագործակցությունը Բրյուսելի հետ:

«Ռուսական պետական ընկերությունը ցանկացել է, որ Մոլդովան փոփոխություններ մտցնի Եվրամիության հետ ազատ առևտրի մասին իր համաձայնագրում, ինչպես նաև հետաձգի գազային շուկան ավելի ազատ ու մրցունակ դարձնելու շուրջ պայմանավորվածությունների կատարումը», - իր տվյալներն է ներկայացրել թերթը:

Financial Times-ի զրուցակիցները նշել են, որ վերջին ընտրություններում արևմտամետ Մայա Սանդուի հաղթանակից և դեպի Եվրամիություն ավելի մեծ շրջադարձից հետո Կրեմլը գազի շուրջ բանակցությունները դիտարկում է որպես քաղաքական ճնշման միջոց: Այս պայմաններում Մոլդովայի կառավարությունը երկրում արտակարգ էներգետիկ ռեժիմ է սահմանել, որի հետևանքն արդեն շարքային բնակիչներից շատերն են զգում իրենց ամենօրյա կյանքում, ինչի մասին նրանք բարձրաձայնում են:

Ըստ փորձագետների` այս տարի դաժան ձմեռ է սպասվում ոչ միայն Մոլդովայում, այլև ողջ Եվրոպայում` վառելիքի գնի կտրուկ բարձրացման պատճառով:

Հերթական անգամ բացահայտվեց Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից. The Economist

Այս պահին մի շարք եվրոպական երկրներում կառավարությունները ջանքեր են գործադրում գազի դեֆիցիտը լրացնելու համար: The Economist-ը գրում է, որ էներգետիկ այս ճգնաժամը հերթական անգամ բացահայտեց Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:

Փակուղուց դուրս գալու համար, ըստ պարբերականի, Եվրոպան կարող է ավելի շատ գազ գնել Ադրբեջանից Հարավային գազատարով։

«Հարավային գազային միջանցքով» եվրոպական երկրներ մատակարարվող վառելիքն Ադրբեջանից մինչև 10 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ կարող է փոխարինել ռուսական գազը», - գրում է պարբերականը` հավելելով՝ սա, սակայն, պահանջվող գազի միայն չնչին մասն է։ «Այնուամենայնիվ, սա բավարար չէ ամբողջ Եվրոպային վառելիք ապահովելու համար։ Ռուսական գազի ամբողջական մերժումը չափազանց հավակնոտ նախաձեռնություն է, նույնիսկ երկարաժամկետ հեռանկարում», - եզրափակում է The Economist-ը:

Հարցն այն չէ, որ չկան գազի այլ աղբյուրներ։ Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, օրինակ, լցված են բնական գազով: Խնդիրն այն է, որ ասիական արագ աճող տնտեսություններին է այսօր բաժին հասնում գազի գրեթե երկու երրորդը, աճում է գազի պահանջարկը նաև Լատինական Ամերիկայում և հենց Մերձավոր Արևելքում։ Այսինքն` Եվրոպան այսօր շուկաներից մեկն է և ստիպված է մրցակցության մեջ մտնել մյուս տարածաշրջանների հետ, ինչով էլ այսօր պայմանավորված է գազի ռեկորդային բարձր գինը։

Հրատարակությունը նշում է, որ հեղուկ բնական գազի շուկայում Եվրոպան ստիպված է մրցակցել Ասիայի հետ լրացուցիչ մատակարարումների համար։ Մինչդեռ ԱՄՆ-ից հեղուկ գազը չափազանց թանկ է, գնի իջեցման համար էլ կպահանջվեն զգալի ներդրումներ ամերիկյան արդյունահանող արդյունաբերության մեջ։

XS
SM
MD
LG