Մատչելիության հղումներ

Վանաձորի նախկին համայնքապետը ՏԻՄ ընտրություններին կմասնակցի առանց ՀՀԿ-ի 


2016-ին Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) ցուցակով Վանաձոր համայնքի ղեկավար ընտրված Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 5-ի ընտրություններին կմասնակցի առանց Հանրապետականի։

Երեկ ուշ երեկոյան Ալանյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրած ուղերձում հայտարարել էր՝ «նպատակ ունենալով ապահովել հասարակության ավելի լայն համախմբում`դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որոշել ենք մասնակցել «Ասլանյան» դաշինքով»՝ առանց հստակեցնելու, թե որ քաղաքական ուժերն են մտնում նորաստեղծ այս դաշինքի մեջ։

Թեև նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանը» խոստացել է այսօր մանրամասներ հայտնել այդ մասին, բայց մինչ այս պահը լռում է։

Այն, որ Հանրապետական կուսակցությունն «Ասլանյան» դաշինքի մաս չի կազմի, «Ազատությանը» հայտնեց կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավար, Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը։

«Առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում մենք դեռ վերջնական որոշում չունենք, բայց չի բացառվում, որ Հանրապետականը հայտարարի, որ չի մասնակցում Վանաձորի ընտրություններին և, որ կուսակցության անդամներն ազատ են իրենց ընտրության հարցում։ Բայց նաև չի բացառվում, որ մասնակցենք ընտրություններին։ Դեռ վերջնական որոշում չունենք», - ասաց Նալբանդյանը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հանրապետական կուսակցությունը Ասլանյանին աջակցելու մասին որոշում կայացնի, Լոռու նախկին մարզպետը պատասխանեց․ - «Այս պարագայում չեմ կարծում, որ նման որոշում կկայացնենք»։

Պաշտոնից հեռանալուց ընդամենը երկու օր առաջ Մամիկոն Ասլանյանն «Ազատությանն» ասել էր, որ դեռևս անդամակցում է Հանրապետական կուսակցությանը։

XS
SM
MD
LG