Մատչելիության հղումներ

Շիրակում ևս կորոնավիրուսով հիվանդների թիվն օր-օրի աճում է, հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա


Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանի փոխանցմամբ, մարզի կորոնավիրուսային երկու հիվանդանոցներում ազատ մահճակալ չկա։ Վարակի նոր դեպքերը, ինչպես ողջ հանրապետությունում, այստեղ ևս օր-օրի ավելանում են։

«169 ստացիոնար բուժում ստացող հիվանդ ունենք, մոտ 50 տոկոսն է Շիրակի մարզից, մնացածը մյուս մարզերից են, չունենք ազատ մահճակալ, տանը ունենք հիվանդացության դեպքեր, որոնք կարիք ունեն ստացիոնարի, որոնց ուղեգրումներն «Արմեդ» համակարգով տրված է, սակայն Առողջապահության նախարարության տրիաժ կենտրոնը մահճակալների սահմանափակ լինելու պատճառով չի կարողանում տեղավորել։ Պարբերաբար կապ ենք հաստատում նաև Առողջապահության նախարարության հետ՝ ներկայացնելով այս խնդիրները», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասլանյանը՝ նշելով՝ տնային պայմաններում հսկվող հիվանդների թիվը 586 է, իսկ վերջին շաբաթվա ընթացքում դեպքերն օրական 60-70-ով ավելանում են։

Երկու գյուղական համայնքների՝ Սարատակի ու Լուսաղբյուրի դպրոցներում ուսուցումն անցել է հեռավարի, Գյումրիում էլ կան հեռավար ուսուցման ոչ թե դասարաններ, այլ աշակերտներ, ասում է մարզպետարանի կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:

«Տարբեր դպրոցներում ունենք կորնայով վարակված ուսուցիչներ, որոնք գտնվում են բուժման մեջ, իրենց փոխարինող ուսուցիչներ են նշանակվել։ Փակ դասարաններ չունենք, ունենք հատուկենտ աշակերտներ, ովքեր ունեն դիագնոզ կորոնավարակ և այդ աշակերտներն անցել են հեռավար ուսուցման․ աշակերտի հետ առանձին է պարապում ուսուցիչը՝ հեռավար, իսկ ուսուցչի փոխարեն՝ փոխարինող ուսուցիչներ», - ասաց Ղումաշյանը։

Մարզպետարանի կրթության բաժնի պետի պնդմամբ, դպրոցներում կորանավիրուսի համատարած բռնկում չկա, քանի որ ուսումնական հաստատությունների շուրջ 5 հազար, այդ թվում՝ վարչական աշխատակիցների գերակշիռ մասը պատվաստվել է։ «Հիմա նախնականով կարող եմ ասել, որ դպրոցի ամբողջ աշխատակազմի 75-80 տոկոսը, ոչ միայն ուսուցիչ, այլ աշխատակազմը ներառյալ, պատվաաստված են», - ասաց Ղումաշյանը։

Մարզում պատվաստման ցուցանիշը 21 տոկոս է՝ 36 հազար պատվաստվածներից 14 հազարը ստացել է նաև 2-րդ դեղաչափը: Պատվաստվածների իրական ցուցանիշը վիճահարույց է, քանի որ անցած շաբաթ Ազգային անվտանգության ծառայությունը միայն Գյումրիի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերել էր պատվաստման 700 կեղծ վկայականի տրամադրման դեպք:

Ըստ իրավապահների, բուժաշխատողները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել էին 5-10 հազարական դրամի կաշառք, իսկ պատվաստանյութերը ոչնչացրել էին: Այնինչ վերջին շրջանում պոլիկլինիկաներում պարբերաբար այդ նույն պատավաստանյութի դեֆիցիտ էր առաջանում։

Հարցին, թե ի՞նչ վիճակ է հիմա, Լեյլի Ասլանյանը պատասխանեց․ - «Պարբերաբար, այո, խնդիրներ առաջանում են պատվաստանյութերի՝ մարզ բերելու հետ, երբեմն լինում է երկրորդ դեղաչափի ուշացում։ Այս խնդիրների վերաբերյալ մենք պարբերաբար ահազանգում ենք Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղ, Առողջապահության նախարարություն, փորձում ենք հնարավորինս ապահովել անխափան մատակարարումը»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG