Մատչելիության հղումներ

Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց իրանամետ հոգևորականին


Ադրբեջանցի կրոնական գործիչ Սարդար Բաբաև, արխիվ
Ադրբեջանցի կրոնական գործիչ Սարդար Բաբաև, արխիվ

Ադրբեջանում պետական դավաճանության մեղադրանք առաջադրվեց շիա քարոզիչ Սարդար Բաբաևին։ Իրանամետ հոգևորականը ձերբակալվել էր հոկտեմբերի 19-ին․ թե՛ ձերբակալության, թե՛ ծանր մեղադրանքի մանրամասները Ադրբեջանի իրավապահները չեն հայտնում։

Մինչ այդ էլ 2017 թվականին էր Բաբաևը կալանավորվել և 3 տարվա ազատազրկման դատապարտվել կրոնական արարողության կարգը խախտելու մեղադրանքով։ Իրավապաշտպանները, սակայն, նրան առաջադրված մեղադրանքը որակել էին շինծու՝ Սարդար Բաբաևի անունն ընդգրկելով ադրբեջանցի քաղբանտարկյալների ցանկում։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սաբայիլի դատարանի որոշմամբ նախօրեին Բաբաևի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4-ամսյա կալանքը։ Նրա հետ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բերման էին ենթարկվել ևս 4 շիա հոգևորականներ, ձերբակալությունից երեք օր անց շիա քարոզիչների ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Հաղորդվում է միայն, որ նրանց բնակարաններում իրականացվել են խուզարկություններ, առգրավվել են նրանց պատկանող համակարգիչներն ու հեռախոսները։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ բոլոր հինգ ձերբակալվածներն ուսում են ստացել Իրանում և համարվում են իրանամետ կրոնական գործիչներ։

Բաքվի և Թեհրանի միջև դիվանագիտական լարվածության ֆոնին շաբաթներ առաջ Ադրբեջանի ներքին գործերի նախարարության որոշմամբ մայրաքաղաքում փակվեց շիա հոգևորականների կրոնական կենտրոնը համարվող Հուսեյնիա մզկիթը և այնտեղ գտնվող Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեիի ներկայացուցչի գրասենյակը։ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը շտապեց պնդել, թե այդ որոշումը պայմանավորված է համաճարակային իրավիճակի վատթարացմամբ: «Կարծես թե Բաքուն որոշել է Թեհրանի ռեժիմին դաս տալ վերջին օրերի իր վարքագծի և Հայաստանին բացեիբաց աջակցելու համար», - հակադարձել էր «Թուրան» գործակալությունը՝ հիշեցնելով, որ ադրբեջանա-իրանական բարիդրացիական հարաբերությունների խորհրդանիշներից համարվող այդ մզկիթում ելույթ էին ունենում իրանցի բարձրաստիճան քաղաքական և կրոնական գործիչներ։

Այստեղ հնչած ամենաուշագրավ ելույթներից մեկի հեղինակը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Ալի Աքբար Օջագ Նեջադն է, որն ադրբեջանական լրատվամիջոցները լայնորեն տարածում էին 44-օրյա պատերազմի օրերին։ Ուրբաթօրյա իր աղոթքը կրոնական գործիչն ամբողջությամբ նվիրել էր պատերազմին, սակայն ոչ թե դատապարտել էր այդ օրերի արյունահեղությունը, սպանություններն ու ավերածությունները, այլ արդարացրել Բաքվի գործողությունները ռազմի դաշտում, հպարտացել պատերազմի արդյունքներով։

«Ադրբեջանը չպետք է սպասի որևէ մեկի թույլտվությանը իր շրջանները, քաղաքները, գյուղերը ազատագրելու համար և պետք է արհամարհի ցանկացած մեկի խորհուրդները։ Ինչո՞ւ՝ որովհետև ադրբեջանցի ժողովուրդը պատերազմ է մղում իր հողի վրա, և յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի օգտագործել իր շարիաթական և օրինական միջոցները սեփական հողերն ազատագրելու համար», - հայտարարում էր իրանցի կրոնական գործիչը և հավաստիացնում, թե անձամբ կգնար Ղարաբաղ՝ ադրբեջանցի զինվորների հետ միասին մարտնչելու հայերի դեմ։

Ռազմահայրենասիրական այս ելույթից ուղիղ մեկ տարի անց իրանցի ազդեցիկ հոգևորականը իր գրասենյակը փակվելուն պես լքեց Ադրբեջանը, որտեղ բնակվում և ադրբեջանցիներին դարձի էր բերում 1996 թվականից ի վեր։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG