Մատչելիության հղումներ

Գյումրու քաղաքապետի թեկնածուները չեն շտապում կոալիցիաների մասին խոսել


Գյումրիի ավագանու ընտրություններին տասը քաղաքական ուժ է մասնակցում՝ 3 դաշինք, 7 կուսակցություն։

«Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը, դիտարկելով մասնակցության ցուցանիշն ու քարոզարշավի ընթացքը, կարծիք է հայտնում, որ ոչ մի ուժի չի հաջողվի միայնակ քաղաքային իշխանություն ձևավորել, բայց կոալիցիաների մասին խոսելն էլ դեռ վաղ է համարում։

«Առայժմ մենք պատրաստ չենք նման հարցերի պատասխանել, որևէ նախնական որոշում, դիրքորոշում, մյուս կողմից էլ` մենք չենք կամեցել դրանով ուղղորդել քաղաքացիների կամքը: Հրապարակել ենք մեր նախընտրական ծրագիրը, հայեցակարգը, թիրախները, եթե իշխանություն ունենանք` ինչ կունենանք և որոշել ենք, որ այդ խոսակցությունները շատ կլրջանան առաջին պաշտոնական արդյունքներից հետո: Գոնե կեսից, որ պաշտոնական արդյունքները լինեն այս գիշեր, դրանից հետո արդեն մոտավորապես հարկ կլինի նստել դաշինքով քննարկման, հասկանալ` ինչպիսի հնարավոր կոալիցիոն բանակցություններ կարելի է վարել», - նշեց Բարսեղյանը:

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հովհաննես Հարությունյանը ևս չի շտապում խոսել կոալիցիաների մասին։ Քվեարկելուց հետո Հարությունյանը, որը հունվարից Շիրակի մարզպետի պաշտոնն է զբաղեցնում, ընդունեց՝ ընտրություններից առաջ պետբյուջեից հիսուն հազարական դրամ սոցիալական օգնություն է փոխանցվել քաղաքացիներին, այստեղ սակայն խնդիր չի տեսնում, ասում է` դա շարունակական գործընթաց է և չի կարելի որպես ընտրակաշառք դիտարկել:

«Դրանք ընդհանրապես սոցիալական աջակցություններն են, որոնք կապ չունեն ոչ ընտրությունները, ոչ որևէ տեսակի… 30 տարի մարդիկ ապրելու խնդիր են ունեցել, շատ մարդիկ միշտ դիմել են, աջակցություններ են ստացել, թող մարդիկ մտածեն 30 տարի այդ մարդկանց սոված չթողնել, ապրելու միջոց տային և հիմա նման բաներ չասեին: Դուք խառնում եք ամեն ինչ իրար. ոնց որ ասեք` թոշակ են ստացել հոկտեմբերի 1-ին, գնան, իշխող ուժին ընտրեն», - նշեց Հարությունյանը:

«Ազատության» հարցադրմանը, որ իր թիմակիցները այս նույն գործընթացը Սյունիքում ԱԺ ընտրություններից առաջ կաշառք էին որակում, նույնիսկ քրեական գործեր կան, ի՞նչ փոխվեց այս դեպքում, նա պատասխանեց. «Բացարձակ նման դեպք չի, նման չեն, որովհետև իմ ասածը շարունակական գործընթաց է: Առաջարկում եմ անցնենք այդ թեման, որովհետև անհեթեթություն է, իսկ ինչ վերաբերում է մնացածին` տվեք իրավապահ մարմիններին, թող զբաղվեն»:

Իշխող ուժի թեկնածուն իրենց շանսերի մասին խոսել չցանկացավ։ Հինգ տարի առաջ Գյումրիի ավագանու նախորդ ընտրություններում այն ժամանակ ընդդիմադիր ուժը ստացել էր 638 ձայն, այսինքն` 1 տոկոսից մի փոքր բարձր քվե։

Նախորդ ընտրություններին հաղթանակ գրանցած «Բալասանյան» դաշինքն այս ընտրություններին մասնակցում է քաղաքապետի նոր թեկնածուով։ Վարդգես Սանոսյանը, սակայն, առողջական խնդիրների պատճառով քարոզարշավին ակտիվ մասնակցելու հնարավորություն չունեցավ։ Նա օրերս հիվանդանոցից էր տեսանյութ տարածել։

Գյումրին ինը տարի ղեկավարած Սամվել Բալասանյանի լիազորությունները մի քանի օր առաջ ավարտվեցին, նրան օրենսդրական նոր կարգավորման արդյունքում փոխարինեց ժամանակավոր պաշտոնակատարը։ Վարչապետի որոշմամբ մինչև նոր ավագանու ձևավորումը Գյումրին կղեկավարի Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը։

Իշխող ուժի թեկնածու համաձայն չէ, որ այսպիսով իրենք վարչական ռեսուսից օգտվելու հնարավորություն են ստացել, ինչպես պնդում են մի քանի ընդդիմադիրներ։ Իշխանական թեկնածուն անդրադաձավ նաև այն հանգամանքին, որ վարչապետ Փաշինյանը տեղական ընտրությունների ոչ մի քարոզարշավի չմասնակցեց՝ ի տարբերություն նախորդ անգամների. «Եթե տեսաք, պարոն վարչապետը ոչ մի համայնքում քարոզարշավի չի մասնակցում, և ես կարծում եմ, որ դա շատ հետաքրքիր նախադեպ է, երբ որ թիմի անդամները նաև տեղերում ձևավորում են թիմեր և շփվում են ժողովրդի հետ, և այո ժողովրդի վստահության քվե ստանալն արդեն կոնկրետ իրենց աշխատանքի արդյունքը պետք է լինի»:

Գյումրիի հաջորդ ավագանիում հայտնվելու համար դաշինքները պետք է ստանան առնվազն վեց տոկոս քվե, կուսակցությունները՝ առնվազն չորս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG