Մատչելիության հղումներ

Տեղ համայնքում «նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես». ահազանգում է «Անկախ դիտորդը»


Ամենահանգիստը և առանց խախտումների արձանագրված ընտրությունները Մեղրիում են, նշում է «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով` Տեղ համայնքի Տեղ գյուղում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները ընտրական օրենսդրության որոշակի խախտումներ են թույլ տվել` տեղամասում գտնվել է միաժամանակ 3 վստահված անձ, սակայն ամեն կուսակցությունը կարող է մեկական վստահված անձ ունենալ:

«Ակնհայտ նկատվել է ընտրողներին տանել-բերելու պրոցես, այսինքն, ընտրողներին տանում-բերում են, նույն մեքենան գնում-գալիս է, ակնհայտորեն ըստ էության, ծառայություն է մատուցում ընտրողներին ընտրողներին տանել-բերելու», - ասուլիսի ժամանակ ասաց Իոաննիսյանը` հավելելով, որ ամեն դեպքում ոստիկանության լրացուցիչ ուժեր են բերվել իրենց հորդորով, որոնք խնդիրները պակասեցրել են:

Այդ մեքենաների հետևի հողմապակու վրա հիմնականում, ըստ Իոաննիսյանի, ՔՊ-ի թեկնածուի պաստառներն են փակցված:

«Գորիսում տարօրինակ ակտիվություն էր դիտվում գիշերները շտաբներում, խոսքը «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբների մասին է: Ինչ-որ մարդիկ գալիս-գնում էին, սա ժողովրդավարական ընտրությունների տրամաբանության մեջ այդքան էլ բացատրելի չեն», - ներկայացրեց «Անկախ դիտորդի» ներկայացուցիչը` միաժամանակ նկատելով, որ օրենքով շտաբներում աշխատանքն արգելված չէ:

«Տեղամասերում արձանագրել ենք ուղղորդման դեպքեր «Առուշ Առուշանյանի» վստահված անձանց կամ կողմնակիցների կողմից», - նշեց նա:

Ընտրակաշառքի մասին որևէ համայնքի դեպքում «Անկախ դիտորդը» փաստեր չունի:

Դաշինքը տարածած հաղորդագրությամբ նաև հայտնում է, որ 3 տեղամասերի քվեարկության սենյակներում քվեախցիկների հետևում եղել է բաց տարածք, ինչը կարող էր խախտել քվեարկության գաղտնիությունը:

«Երկու տեղամասերում արձանագրվել է գտնվելու իրավունք չունեցող անձանց ներկայություն՝ 2 դեպքում դա ոստիկաններն էին, որոնցից մեկը հեռացել է ինքնակամ, իսկը մյուսը նախագահի պահանջով՝ դիտորդի կողմից խնդրի բարձրաձայնումից հետո, ևս մի դեպքում ներկա էր փորձում գտնվել առաջադրված թեկնածուն, սակայն լքել է տարածքը՝ նույնպես դիտորդների կողմից բարձրաձայնման արդյունքում», - արձանագրել է դաշինքը:

Հայտարարության մեջ ևս անդրադարձ կա Տեղ համայնքին. «ՔՊ առաջին համարի եղբայրը, որը նաև հանդիսանում է վստահված անձ, սպառնալիքի հետ ասոցացվող արտահայտություններ է ուղղել «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուներից մեկին: Բացի սրանից՝ Տեղ համայնքում «Հայփոստի» մասնաշենքի վրա փակցված է ՔՊ-ի թեկնածուի բավական մեծ պաստառ»:

Հիշեցնենք, որ այսօր 9 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են, 6-ում` համամասնական, 3-ում` մեծամասնական:

Կուսակցությունները դեռ չեն արձագանքել վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ հայտարարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG