Մատչելիության հղումներ

«Դժվարությամբ եմ պատկերացնում, թե որևէ քաղաքական ուժ կարող է ունենալ կեսից ավելի արդյունք այս ընտրություններին». Լևոն Բարսեղյան


«Դժվարությամբ եմ պատկերացնում, թե որևէ քաղաքական ուժ կարող է ունենալ կեսից ավելի արդյունք այս ընտրություններին», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը:

«Շատ դժվարությամբ եմ պատկերացնում, թե որևէ քաղաքական ուժ կարող է ունենալ կեսից ավելին այս ընտրությունների արդյունքում: Բանն այն է, որ մի շարք քաղաքական ուժեր և գործիչներ Ազգային ժողովի ընտրություններին չեն մասնակցել, օրինակ, մեր դաշինքը կազմող «Ժառանգություն» կուսակցությունը և «Ռամկավար ազատական» կուսակցությունը, ես ինքս չենք մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին, և հիմա մեխանիկորեն վերագրել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները այս ընտրությունների արդյունքներին, ուղղակի սխալ է», - ասաց Բարսեղյանը:

Իսկ թե քանի՞ տոկոսի հույս ունեն, քաղաքապետի թեկնածուն պատասխանեց. «Չեմ կարող ասել: Ունենալ որակյալ և ազդեցիկ խմբակցություն»:

Բարսեղյանը հայտարարեց, որ անցողիկ շեմը հաղթահարելու դեպքում մյուս քաղաքական ուժերի հետ կոալիցիա կազմելու մասին որոշում դեռևս չկա:

«Մյուս քաղաքական ուժերի, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, հնարավոր խմբակցության հետ կոալիցվելու, ընդհանուր համաձայնագիր ունենալու, այս հարցերը այժմ դաշինքում քննարկվում են և բավականին շատ էներգիա ու ժամանակ է ծախսվում դրա համար: Որոշում այդ մասին չկա», - ընդգծեց նա:

Հարցին, թե ինչո՞ւ «հայրաքաղաք», Բարսեղյանը պատասխանեց. «Շատերն են այդ անունը տալիս մեր քաղաքին, որպես տրամադրություն ստեղծող, քաղաքների քաղաք, տոն տվող, մենք որոշեցինք այդ ժողովրդական անվանումն օգտագործել՝ չսկսելով հորինել ինչ-ինչ ծաղկավոր վենագրեր»:

XS
SM
MD
LG