Մատչելիության հղումներ

Ղարաբաղ վերադառնալու համար պետք է անվտանգության երաշխիք լինի հարյուր տոկոսանոց. Հադրութից տեղահանված կին


Նինա Ադամյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ
Նինա Ադամյանը զրուցում է «Ազատության» թղթակցի հետ

Անցյալ շաբաթ Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությունը արցախցիների շրջանում նոր մտահոգություններ է առաջացրել։ Արամ Տեփնանցը զոհվել է Ադրբեջանի դիպուհարի արձակած կրակոցից այգում գյուղատնտեսական աշխատանք կատարելիս։

Լեռնային Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայած Մոսկվան, անդրադառնալով տեղի ունեցածին, երեկ ցավակցեց մահացածի հարզատներին՝ նշելով, որ այժմ քննություն են իրականացնում։

«Իրենց պատասխանատվության գոտում միջադեպեր թույլ չտալու ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները անընդհատ փոխգործակցության մեջ են Հայաստանի և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբների հետ: Այս ողբերգական դեպքը ընդգծում է 3 երկրների ղեկավարների հայտարության բոլոր կետերի անշեղ կատարման կարևորությունը։ Մենք կոչ ենք անում երկու կողմին որքան հնարավոր է շուտ վերացնել առկա փոխադարձ գրգռիչ գործոնները հումանիտար դաշտում, փոխանակել գերիներին բոլորին բոլորի դիմաց սկզբունքով եւ փոխանակել ականադաշտերի քարտեզները լրիվ ծավալով», - ասել էր Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այլ բովանդակությամբ հայտարարություն պաշտոնական Մոսկվայի կամ խաղաղապահների հրամանատարության կողմից այս առթիվ չի հնչել։

Մինչ այդ Հադրութից տեղահանված 64-ամյա Նինա Ադամյանն ասում է, որ հիմա արդեն անգամ խաղաղապահների ներկայությունն երաշխիք չէ իրենց համար, որ Արցախում անվտանգ է. - «Ընդհանրապես Ղարաբաղ վերադառնալու համար, Հադրութ վերադառնալու համար առաջին հերթին, բացի բնակելի տարածք տրամադրելը, պետք է անվտանգության երաշխիք լինի հարյուր տոկոսանոց»։

Ոչ միայն 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանից առաջ, հադրութցի կնոջ խոսքով, շատ արհավիրքներ են տեսել, կյանքը երբեք հեշտ չի եղել։ Արցախյան առաջին պատերազմում Նինան կորցրել է ամուսնուն, միայնակ մեծացրել է 3 երեխաներին, ստեղծել տուն, ունեցվածք, որը կորցրել է վերջին պատերազմում, ապա դատարկ ձեռքով ու անորոշ ապագայով տեղափոխվել է Երևան. - «Ես ոչ թե ինձ համար եմ մտածում բա ով կրակեն։ Ես էլի ինչ-որ տեղի իմ կյանքը ապրել եմ։ Մտածում եմ երիտասարդների համար, իմ թոռների համար, իմ երեխաների համար... իմ ասելով հասկանում եմ մեր հայ ժողովրդի։ Նենց տպավորություն չստեղծվի, որ մենք չենք ուզում, մենք հայրենասեր չենք։ Չէ։ Ես Հադրութի համար հիմա գժվում եմ։ Եթե անվտանգություն լինի, ապրելու տեղ լինի, մեծ հաճույքով մենք կվերադառնանք»։

Հայկ Խանումյան
Հայկ Խանումյան

Ղարաբաղում խաղաղ բնակչության անվտանգության պաահովման համար, բնակավայրերի մոտից պետք է հեռացվեն ադբեջանական դիրքերը, ասում է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Թե ինչպես պետք է հայկական կողմը հասնի դրան, առայմ պարզ չէ. - «Պետք է լինի լուրջ բանակցությունների միջոցով էս պահին և, բնականաբար, ռուսական կողմի գործուն մասնակցությամբ։ Ավելի փակագծեր չբացեմ, բայց միակ լուծումը բնակավայրերը, խաղաղ բնակչության անվտանգությունը պաշտպանելու, էս պահին դա է»։

Մինչև 44-օրյա պատերազմը Արցախում ընդամենը մի քանի բնակավայր կար, որ սահմանին մոտ էր, հիմա այնտեղ սահմանից հեռու բնակավայր գրեթե չկա։

«Արցախ վերադառնալու հարցը ընտրության հարց է, ամեն մարդ ինքն է որոշում՝ վերադառնա, թե չվերադառնա։ Մեծ հաշվով, անվտանգային խնդիրներ կան, բոլորովին ուրիշ իրողություններ են, քան մեկ ու կես տարի առաջ, և հետևաբար մարդիկ պետք է ընտրություն կատարեն։ Դա պետք է լինի իրենց անձնական ընտրությունը», - նշեց Խանումյանը։

Հադրութցիների ու տները կորցրած հարյուրավոր այլ մարդկանց համար Արցախ վերադառնալու հաջորդ խոչընդոտը տանիք չունենալն է։ Ստեփանակերտում այժմ գրեթե անհնար է ազատ բնակարան գտնել ու վարձել, գյուղերում ևս բարդ է։

Արցախի կառավարության ծրագրերի համաձայն, տեղահանված բոլոր 9500 ընտանիքները տներ կստանան 3 տարում։ Սակայն արցախցիների համար կառավարության այս ծրագերը դեռևս անորոշ խոստումներ են։

«Ամեն ինչ արել եմ էս պետության համար, հիմա ինչո՞ւ պետությունը իմ իրավունքները սենց ոտնահարում ա։ Ինչո՞ւ պետությունը հոգ չի տանում մեր մասին»։

Հազարավոր տների ու բնակարանների շինարարություն Արցախում արդեն մեկնարկել է, նորոգվում են նաև հրետակոծությունից տուժած շինությունները, վստահեցնում է Խանումյանը՝ հավելելով։ - «Արդեն որոշված է. Հադրութ և Շուշի քաղաքի բնակիչները կստանան բնակարաններ Ստեփանակերտում, մնացածը՝ Արցախի տարբեր համայնքներում»։

Արցախի իշխանությունների հաշվարկներով, պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչությունը մոտ 125 հազար է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG