Մատչելիության հղումներ

Պատերազմից մեկ տարի անց շուրջ 2000 արցախցի Ստեփանակերտի տարբեր հանրակացարաններում ու հյուրանոցներում է ապրում


«Նստած տեղս մեռնում եմ», - 84-ամյա Լենա Մայիլյանը այսպես է նկարագրում իր հոգեվիճակը պատերազմից հետո:

90-ականների պատերազմում նրա 26-ամյա որդին է զոհվել, այս մեկում թոռը՝ տան բակում է ադրբեջանցիների թիրախում հայտնվել. «Դուրս գալու ժամանակ թուրքը խփել ա, մնացել ա սանդուղքի մոտ 5 ամիս»:


Լենա բաբոյի գյուղը Հադրութի Թաղասեռն էր. «Ուզում ենք գնանք մեր գյուղը, դե կգնա՞նք, հեն ա թուրքը մեջը նստած»:

Հիմա որդու հարսի ու երեք թոռների հետ Ստեփանակերտի հանրակացարանում է՝ Թաղասեռի երկհարկանի տնից՝ Գոշի 7 հասցեի հանրակացարանային սենյակ:

Լենա Մայիլյանը ուզում է, բայց չի հավատում թե խաղաղություն կլինի, գոնե հիմա՝ այսքան կորուստներից հետո. «Էս դզվող բան չի»:​

Ամեն օր, վերևներին է դիմում, մեկ՝ Աստծուն, մեկ՝ արևին՝ խաղաղ օր գտնելու հույսով. «Օրեն կեսը լաց եմ ըլնում, օրական տասն անգամ դուրս են գալիս, ասում՝ այ արեգակ»:

Պատերազմից մեկ տարի անց շուրջ 2 հազար արցախցիներ Ստեփանակերտի տարբեր հանրակացարաններում ու հյուրանոցներում են ապրում՝ Սոֆիա, Կաշտան, Նռանե, Հեղնար՝ գեղեցիկ անուններով շենքերում դժվար առօրյա է՝ լի անորոշությամբ:

Լուսինե Հայրիյանը մի սենյակ է զբաղեցնում՝ ամուսնու և 5 փոքրիկ աղջիկների հետ։ Սանհանգույցը կիսում են մեկ այլ ընտանիքի հետ, խոհանոցն էլ միայն իրենցը չէ: Հանրակացարանում շատ բան է ընդհանուր, լավ բան էլ կա՝ Լուսինեն ասում է՝ միմյանց օգնում են դիմանալ:

«Պատերազմի պատճառով կորցրեցի բալիկիս, տղա էի ունեցել, ստրեսի պատճառով կերցրեցի», - ասաց Լուսինեն:​

Իր ու պայմանագրային զինծառայող ամուսնու երազանքը տղա ունենալն էր՝ հունվարի 31-ին ծնվեց ու մեկ օր անց մահացավ: Լուսինեն ասում է՝ պատերազմի սթրեսները հղիությունն արդեն իսկ վտանգավոր էին դարձրել, երեխան 6 ամսականում ծնվեց՝ չապրեց: Ընտանիքն այժմ ստեփանակերտից դուրս տուն է փնտրում, որ գոնե այս նեղվածքից ազատվեն:

«Գնացինք Ասկերան գնացինք նայեցինք, 17 միլիոն են ասել, պետությունն էլ ամենաշատը 15 ա տալիս, մենք տենց հնարավորություն չունենք, որ հիմա առնենք, որովհետև չգիտեք՝ ապագան ինչ ա լինելու»​, - ասաց Լուսինեն:

Արցախի կառավարությունը տուն տեղ կորցրած մարդկանց առաջարկում է գյուղերում մինչև 10, շրջկենտրոններում 15 միլիոն դրամ արժողությամբ տուն գտնել, կառավարությունն այդ գումարը կփոխհատուցի, ընտանիքները տուն գտնում են, բայց ավելի թանկ գնով, ստիպված շարունակում են սպասել:

Այս պատերազմի հետևանքով անտուն մնաց 42 հազար արցախցի, նրանցից 15 հազարն են վերադարձել Արցախ, նոր բնակավայրեր. շատ արագ հարմարվում են երեխաները, նրանք ուրախ են, եթե տարածքում գոնե մեկ հադրութցի՝ հատկապես Թաղասեռցի կա:

XS
SM
MD
LG