Մատչելիության հղումներ

Հայաստանի ԱԱԾ-ն միացել է Արևմուտքին դատապարտող Մոսկվայում ընդունված հայտարարությանը. ՌԴ ԱՀԾ


Ազգային անվտանգության ծառայության շենքը Երևանում

Չնայած կառավարությունը վերջերս հաստատված ծրագրում պնդում է, որ Հայաստանը ռազմավարական երկխոսություն և առանձնաշնորհյալ հարաբերություններ ունի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք մտադիր է խորացնել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական ենթական՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը Մոսկվայում համաձայնել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները ձգտում են ապակայունացնել ԱՊՀ երկրները, ներառյալ Հայաստանը։

Ընդ որում, այս մասին տեղեկանում ենք, ոչ թե Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունից, այլ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրությունից։

Սերգեյ Նարիշկինի գլխավորած գերատեսչությունը, մասնավորապես, հայտնում է, որ օրերս Մոսկվայում կայացել է ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը, որին մասնակցել են միության բոլոր պետությունների՝ ներառյալ Հայաստանի պատվիրակները։

Ըստ ռուսական կողմի, քննարկվել են հատուկ ծառայությունների փոխգործակցության հարցերը ԱՊՀ երկրներում անվտանգության և կայունության ապահովման ոլորտում՝ Արևմուտքի ապակառուցողական ներգործության և արտերկրից «ժողովրդավարության» արմատավորման փորձերի կոնտեքստում։ Հատուկ գերատեսչությունների ղեկավարները համաձայնել են, որ նշված գործընթացները ուղղված են ԱՊՀ երկրներում ներքաղաքական իրավիճակի ապակայունացմանը, կրում են համակարգված և նպատակաուղղված բնույթ։

Ավելին, նշվում է, որ այս գործընթացները համակարգում են արևմտյան հատուկ ծառայությունները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել «ակտիվացնել համատեղ ջանքերը՝ այդ գործընթացներին հակազդելու համար»։

Նույն օրը ԱՊՀ հատուկ ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով առանձին հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Երկու օր է՝ Հայաստանի կառավարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը լուռ են՝ արդյո՞ք պաշտոնական Երևանը համարում է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայությունները, ներգրավելով ոչ կառավարական և միջազգային կազմակերպություններ, փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը Հայաստանում։

Վարդան Հարությունյան
Վարդան Հարությունյան

Խորհրդային տարիներին տեղ գտած բռնաճնշումների մասին բազմաթիվ հրապարակումների հեղինակ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով, հատկապես 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո զարմանալի է նման տեքստի ներքո տեսնել Հայաստանի կառավարության ներկայացուցչի համաձայնությունը. - «Որովհետև այն ժողովրդավարական կարգախոսները, որոնց շնորհիվ այսօր իշխանության են գտնվում այս մարդիկ, բոլորովին համահունչ չի տարածված հայտարարությանը։ Այս քայլով առաջինը, ես տեսնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը նահանջում է վերջնականապես։ 2018-ի հեղափոխությունից նահանջը եղել է միշտ, այս երեք տարվա ընթացքում միշտ ենք տեսել նահանջ, բայց սա արդեն վերջնական նահանջ է... Ինչ վերաբերում է հարցի մյուս մասին, այո, իհարկե, սպառնալիքն այն է, որ Հայաստանը, մասնավորապես հետպատերազմյան Հայաստանը զրկվում է ինքիշխանության վերջին նշույլներից»։

Ընդամենը երեք ամիս առաջ Երևանում ընդունելով Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել էր, որ Բրյուսելի կողմից Երևանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցությունը «Հայաստանի կառավարությունը համարում է ոչ այնքան որպես խոշոր ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, այլ եվրոպական արժեքների ներդնում մեր երկրում»:

Թե որքանով են համահունչ վարչապետի այս խոսքերը երկու օր առաջ Մոսկվայում ձեռք բերված համաձայնությունների հետ, մեծ հարցական է։ Ռուսաստանի Արտաքին հետախուզական ծառայության հաղորդագրության կապակացությամբ «Ազատությունն» այսօր հարցումներ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ լրատվական ծառայություններ։ Պատասխան դեռ չունենք։

XS
SM
MD
LG