Մատչելիության հղումներ

Հայաստանում կայացել է ընտրությունների ինստիտուտը՝ նաև ԵՄ աջակցությամբ, ասում է Փաշինյանը Վարհեիին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատում Եվրամիության կողմից Հայաստանի առաջընթացին ուղղված ծրագրերի շոշափելի փաթեթը, ինչը գնահատում է որպես «Հայաստանում տեղի ունեցող անշրջելի ժողովրդավարական պրոցեսներին արձագանք»: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է այսօր Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ։

44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամից հետո Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք միջազգային դիտորդների գնահատմամբ համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, ասել է պետության ղեկավարը՝ շեշտելով. - «Ըստ էության, մեր երկրում առաջին անգամ է, որ ժողովրդավարական պրոցեսները դարձան ճգնաժամի հաղթահարման միջոց, քանի որ սովորաբար Հայաստանում ընտրությունները հարուցել են ճգնաժամեր: Այսպիսով մեր երկրում մի շատ կարևոր ինստիտուտ է կայացել` դա ընտրությունների ինստիտուտն է, ինչը նաև Եվրամիության աջակցությամբ է տեղի ունեցել»:

Նշելով, որ այս այցը դիտարկվում է որպես Եվրամիության շահագրգռվածություն` զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ, Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանը նույնպիսի հետաքրքրված է զարգացնելու հարաբերությունները ԵՄ-ի հետ:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Օլիվեր Վարհեին, իր հերթին, հայտարարել է. - «Մենք ցանկանում ենք մասնակից լինել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տնտեսության վերականգնմանը»:

Եվրահանձնակատարն ընդգծել է, որ հայկական կողմի հետ առաջիկայում աշխատելու են տնտեսական և ներդրումային ծավալուն ծրագրերի ուղղությամբ՝ ՀՀ կառավարության սահմանած առաջնահերթությունների շրջանակում: Վարհեին նշել է, որ Հայաստանի համար նախատեսված ընդհանուր 2,6 մլրդ եվրոյից 1,6 միլիարդի փաթեթն ուղղվելու է 5 ծրագրային ուղղությունների՝ ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը և այլն: «Մենք կարող ենք այս խոշոր ներդրումներով մեծ բան փոխել: Սրանք ազդեցիկ ու մասշտաբային ծրագրեր են, որոնք կարող ենք համատեղ դարձնել իրականություն»,- ասել է Օլիվեր Վարհեին:

Հանձնակատարը նաև նշել է, որ ԵՄ-ն նոր ծրագրերով նպաստելու է նաև 44-օրյա պատերազմի տուժած շրջանների վերականգնմանը, կորոնավիրուսի դեմ պայքարին, այդ թվում՝ նոր պատվաստանյութերի տրամադրման, պատվաստանյութերի սերտիֆիկատների ճանաչման և այլ ուղղություններով:

Փաշինյանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովումը և բարձր գնահատել նախընտրական շրջանում 15 գերիների վերադարձի գործում Եվրամիության, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի անձնական ներդրումը: Նա ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է հումանիտար բնույթի քայլերի իրականացմանը, և կարևորել է Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ միջազգային հանրության հետևողական ջանքերը:

XS
SM
MD
LG