Մատչելիության հղումներ

Բաքուն հարցեր է բարձրացնում Արցախում ռուս խաղաղապահների գործունեության վերաբերյալ


Ռուս խաղաղապահներն Արցախում, նոյեմբեր, 2020թ․

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայումից մոտ մեկ տարի անց պաշտոնական Բաքուն ամենաբարձր՝ երկրի նախագահի մակարդակով հարցեր է բարձրացնում նրանց գործունեության ու լիազորությունների վերաբերյալ։ «Մենք ընդհանուր առմամբ գոհ ենք խաղաղապահներից, բայց կան որոշ հարցեր, որոնք լուծման կարիք ունեն», - իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը՝ մանրամասնելով․ - «Օրինակ, կա խնդիր օտարերկրացիների հետ, որոնք պետք է Ադրբեջանի թույլտվությունը ստանան, որպեսզի մուտք գործեն մեր տարածք»։

Հարկ համարելով մի քանի անգամ շեշտել, թե Ղարաբաղն Ադրբեջանի մի մասն է, որն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո, Ալիևն ասել է՝ «վերջին շրջանում ապօրինաբար Ղարաբաղ այցելող օտարերկրյա «զբոսաշրջիկների» թիվը զգալիորեն նվազել է, սակայն դեռ արձանագրվում են որոշ նման դեպքեր»։

«Մենք դիմել ենք Ռուսաստանի իշխանություններին ու Պաշտպանության նախարարությանը՝ պահանջելով վերջ դնել սրան։ Այս հարցը, ինչպես նաև մի քանի այլ հարցեր դեռ պետք է կարգավորվեն», - ընդգծել է Ադրբեջանի նախագահն՝ առանց հավելյալ մանրամասների։

Մոտ մեկ ամիս առաջ էլ այս մասին Ալիևի խորհրդական Հիքմեթ Հաջիևն էր խոսել։ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր», - ասել էր նա BBC-ի ադրբեջանական ծառայության հետ զրույցում, հավելելով՝ «կողմերի միջև դեռ քննարկումներ են ընթանում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններ ձեռք բերելու համար» ։

Թե կոնկրետ ում միջև են քննարկումները և ինչ ձևաչափով` Ադրբեջանի նախագահի խորհրդականը չէր հստակեցրել:

Բանակցությունների ու քննարկումների մասին չեն խոսել նաև հայկական կողմից: Պաշտոնական Երևանը միայն հայտարարում է, թե Բաքուն մինչ օրս ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը չի ստորագրել և լայնածավալ հակաքարոզչություն է իրականացնում նրանց դեմ:

Հակամարտությանը հետևող միջազգային փորձագիտական խմբերից մեկը, սակայն, ամիսներ առաջ որոշ փակագծեր էր բացել ռուս խաղաղապահների մանդատի շուրջ կուլիսներում շարունակվող քննարկումներից: Ադրբեջանցի մի պաշտոնյա, մասնավորապես, անանուն մնալու պայմանով, Միջազգային ճգնաժամային խմբին պատմել էր, որ դեռ անցած տարվա դեկտեմբերին` պատերազմական գործողությունների ավարտից շաբաթներ անց, Մոսկվան մի փաստաթուղթ է ներկայացրել Երևանին և Բաքվին, որտեղ գրված է եղել, թե ինչ դեր են ստանձնելու ռուս խաղաղապահները և ինչ խնդիրներ են լուծելու Ղարաբաղում: Ադրբեջանը մի շարք դրույթների համաձայն չի եղել։ «Նրանք ցանկանում են, որ Ռուսաստանը հստակ հայտարարի` տարածքը, որտեղ տեղակայված են խաղաղապահները, գտնվում է Ադրբեջանում», - Ճգնաժամային խմբին պատմել է հայաստանցի մի պաշտոնյա` հավելելով` այդ պահանջը մերժվել է Երևանի ու Ստեփանակերտի կողմից:

Ռուս պաշտոնյաներից մեկն էլ, կրկին անանուն մնալու պայմանով, փոխանցել էր, որ Կրեմլը չի ձգտում ստանալ այդ փաստաթուղթը ամեն գնով. - «Մոսկվան նախընտրում է սպասել, մինչև Բաքուն կմեղմի իր դիրքորոշումը», - ասել էր նա:

Միջազգային ճգնաժամային խմբի այս զեկույցը հրապարակվել է հունիսին, անցել է առնվազն չորս ամիս, սակայն այս հարցում տեսանելի առաջընթաց դեռ չկա:

Փաստացի, ռուս խաղաղապահներն այս պահին Ղարաբաղում են միայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, որտեղ նրանց վերաբերյալ ընդամենը երեք նախադասություն կա: Ըստ այդմ, նշվում է, որ զորակազմը տեղակայվելու է հինգ տարի ժամկետով, որը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտին չպահանջի, որ առաքելությունը դուրս բերվի Ղարաբաղից: Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրած այդ փաստաթուղթը, մինչդեռ, չի հստակեցնում` կոնկրետ ինչ լիազորություններ ու իրավասություններ ունեն ռուս խաղաղապահները և ինչ կարող են անել, եթե, ասենք, հրադադարը խախտվի, ինչպես արդեն եղել է մի քանի անգամ, հանգեցնելով նաև մարդկային կորուստների։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG