Մատչելիության հղումներ

Այսօր Մինսկում հանդիպում են ԱՊՀ ԱԳ նախարարները, այդ թվում՝ Միրզոյանը և Բայրամովը


ԱՊՀ երկրների դրոշները, արխիվ
ԱՊՀ երկրների դրոշները, արխիվ

Այսօր Մինսկում մի սեղանի շուրջ նստելու են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Նրանք մասնակցում են ԱՊՀ արտաքին գործերի նախարարների հավաքին։

Պաշտոնական Երևանն ու Բաքուն արդեն հայտարարել են, որ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Մինսկ են մեկնել հավաքին մասնակցելու համար։ Մինսկում է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին, սակայն, որևէ տեղեկություն նախօրեին չի տարածվել, թեև և՛ պաշտոնական Երևանը, և՛ Բաքուն երկկողմ հանդիպումներ առաջիկայում չեն բացառել։

Ադրբեջանի արտգործնախարարությունը, մասնավորապես, անցած շաբաթ հայտարարել էր, թե օգտակար է համարում քննարկել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը և չի բացառում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը:


Հայաստանի արտգործնախարարը երեկ Ադրբեջանի արտգործնախարարի հետ առաջիկայում հնարավոր հանդիպման մասին հարցին պատասխանելիս իր հերթին ասել էր, թե հայկական կողմը ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն այս ձևաչափով խաղաղ բանակցությունների միջոցով՝ ՄԽ համանախագահության մանդատի շրջանակում։ Նման հանդիպում վերջին շրջանում արդեն տեղի էր ունեցել Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի շրջանակում։

Այդուամենայնիվ, թե՛ Բաքուն և թե՛ Երևանը հայտարարել են, որ ԱՊՀ հավաքի շրջանակում արտգործնախարարները մի շարք երկկողմ հանդիպումներ կունենան։ Կլինի՞ նման հանդիպում նաև Միրզոյանի ու Բայրամովի միջև՝ հայտնի չէ։ Կօգտվի՞ ստեղծված հնարավորությունից Մոսկվան և կկազմակերպի՞ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպում այս օրերին Մինսկում՝ հայտնի չէ։

Երկկողմ բանակցությունների պատրաստակամության մասին, այդուամենայնիվ, նաև երկրների ղեկավարների մակարդակով և՛ Երևանը, և՛ Բաքուն հայտարարում են, ընդ որում՝ Բաքուն պնդում է, որ Երևանը պետք է ստորագրի խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ։

Դժվար թե առաջիկայում հնարավոր լինի նման պայմանագիր ստորագրել

Դիտորդներն ասում են՝ հետպատերազմյան իրավիճակը Հարավային Կովկասում այնպիսին է, որ դժվար թե առաջիկայում հնարավոր լինի նման պայմանագիր ստորագրել։ Ռազմական հարցերով ռուս վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը, օրինակ, հայ-ադրբեջանական հաշտեցումն առաջիկայում քիչ հավանական է համարում։

Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև, արխիվ

«Հայ-ադրբեջանական պայմանագրի հարցում ես հոռետես եմ։ Նման պայմանագրի համար անհրաժեշտ է ուժերի հավասառակշռություն՝ նման բան ես չեմ տեսնում։ Կա ճնշում Ադրբեջանի կողմից և Հայաստանի թույլ դիմադրությունը։ Նման պայմաններում եթե նույնիսկ ստորագրվի պայմանագիր, երկար կյանք այն չի ունենա», - «Ազատությանը» ասաց ռազմական հարցերով փորձագետը ՝ հավելելով, թե այսօր Հայաստանի համար առանցքային հարցերից է Սյունիքի պաշտպանությունը, ինչի համար, Եվսեևի կարծիքով, անհրաժեշտ է Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայել ռուս սահմանապահների, որոնց անվտանգությունն, իր հերթին, պետք է ապահովեն համապատասխան ռուսական ռազմական սոտրաբաժանումներ։

Այսինքն, Եվսեևի խոսքով, անհրաժեշտ է նոր ռուսական բազա Սյունիքում, Գյումրիի բազան նման խնդիրներ չի կարող իրականացնել, քանի որ բոլորովին այլ նպատակների համար է ստեղծված։ Հղում անելով իր աղբյուրներին՝ ռուս փորձագետն ասում է, թե ռուսական կողմը պատրաստ է նման բազա տեղակայել, Հայաստանի իշխանությունները՝ ոչ։

Ռուս խաղաղապահները կմնան Ղարաբաղում, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում

Չնայած Բաքվի կոշտ դիրքորոշմանը և սպառնալիքներին, քանի դեռ ռուս խաղապահները տարածաշրջանում են, ռազմական գործողությունների վերսկսումը Եվսեևը քիչ հավանական է համարում, ընդ որում՝ նա պնդում է, որ ռուս խաղաղապահները չեն հեռանա Արցախից նաև չորս տարի անց։

«Ռուսաստանը չի պատրաստվում հեռանալ Ղարաբաղից, բայց սա ռուսական կողմից չէ կախված՝ սա որոշվելու է Ղարաբաղում հայ բնակչության առկայությամբ։ Ռուս խաղաղապահները կմնան Ղարաբաղում, քանի դեռ այնտեղ հայեր են ապրում, այսօր՝ միայն 70 հազար հայ, բայց քանի դեռ հայերն այնտեղ են, խաղաղապահներն այնտեղից չեն հեռանա։ Իսկ եթե հայերը հեռանան Ղարաբաղից, ռուս խաղաղապահները ստիպված կլինեն նույնպես հեռանալ Ղարաբաղից», - ասաց Վլադիմիր Եվսեևը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG