Մատչելիության հղումներ

Շիրակում 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի ավելի քան 90 հանցագործություն է քննվել, մեկ տասնյակից ավելին ուղարկվել է դատարան


Շիրակի մարզում անցած 9 ամիսների ընթացքում կոռուպցիոն բնույթի 95 հանցագործություն է քննվել, մեկ տասնյակից ավելի գործ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կան հրապարակված դատական ակտեր:

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն, առանց փակագծեր բացելու, տեղեկացրեց, որ մարզում նաև ապօրինի գույքի բռնագանձման գործ է քննվել:

«Ապօրինի գույքի բռնագանձման մասով ունեցել ենք մեկ փաթեթ, որը որ ներկայացվել է Գլխավոր դատախազություն», - ասաց Գրիգորյանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի նվազագույն շեմը սահմանվել է 50 միլիոն դրամ: Նախորդ մեկուկես տարում 300 հարյուր նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գույք է ուսումնասիրվել, որոնցից տասնյակներն արդեն ավարտական փուլում են, «Ազատության» հետ զրույցում, անդրադառնալով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցին, նշել էր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:

Շիրակի մարզի դատախազի փոխանցմամբ, կոռուցիոն գործերով պետությանը պատճառված վնասի վերագանում էլ ունեն:

«2021 թվականի 9 ամիսների ընթացքում, խիստ նախնական հաշվարկներով, հարուցված քրեական գործերով համայնքներին ու պետությանը պատճառված վնասի թիվը, մոտ 80 միլիոն է, որից 11 միլիոնը վերականգնել են», - ասաց դատախազը։

Բջջային օպերատորների ալեհավաքների տեղադրման հետ կապաված, ըստ Գրիգորյանի, համայնքապետերը կատարել են մի շարք չարաշահումներ: Կան բացահայտումներ, դատական ակտեր ու հայանքին պատճառած վնասի վերականգնում:

«Եղել են թվով 14-ը, դրանցից 7-ը կարճվել են՝ ոչ արդրացման հիմքերով, 5-ն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, արդեն ունենք ավարտված քրեական գործեր, ներկայացվել են մեղադրական դատական ակտեր։ Էս քրեական գործերով նախաքննության ընթացքում վերականգնվել են համայնքին պատճառված 16 միլիոն դրամի վնասը, մնացած մասով գրություններ են հասցեագրվել համայնքների ղեկավարներին, որպեսզի քաղաքացիական հայց ներկայացնեն դատարան», - ասաց Գուրգեն Գրիգորյանը։

Մինչ այդ պահը դատախազությունը այս կիրակի կայանալիք ՏԻՄ ընտրությունների հետ կապաված որևէ ահազանգ չի ստացել․ - «Որևէ հանցատեսակի, կամ ենթադրյալ իրավախախտման վերաբերյալ որևէ ահազանգ չկա»։

Մարզում անցած 9 ամսում կատարվել է 970 հանցագործություն: Թիվը, ըստ Շիրակի մարզի դատախազի, անցած տարվա համեմատ 49-ով նվազել է:

XS
SM
MD
LG