Մատչելիության հղումներ

Սկանդինավյան երկրները սահմանափակել են «Մոդեռնա»-ի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար


Ֆինլանդիան ևս, հետևելով հարևան Շվեդիային և Դանիային, սահմանափակեց COVID-19-ի դեմ «Մոդեռնա»-ի պատվաստանյութի օգտագործումը երիտասարդ տղամարդկանց համար։ Դա բացատրվում է սիրտ-անոթային համակարգի վրա հազվագյուտ կողմնակի ազդեցությամբ, միոկարդիտով։ Միոկարդիտը սրտամկանի բորբոքումն է։

Ֆինն պաշտոնյաներն ասել են, որ 1991 թվականից հետո ծնված երիտասարդներին «Մոդեռնա»-ի փոխարեն պատվաստելու են «Ֆայզեր»-ով։

Ֆինլանդիայում ներկա դրությամբ կարող են պատվաստվել 12 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդիկ։ Երիտասարդների համար «Մոդեռնա»-ի պատվաստանյութի կիրառումը սահմանափակելու որոշումը Շվեդիան և Դանիան ընդունել էին հոկտեմբերի 6-ին, հաջորդ օրը նրանց միացավ Ֆինլանդիան։ Երիտասարդներին «Մոդեռնա»-ով չպատվաստվելու որոշումն այդ երեք երկրները պատճառաբանում են՝ վկայակոչելով սկանդինավյան նույն ուսումնասիրությունը, որը, սակայն, չի հրապարակվել։ Ֆինլանդիայի առողջապահության նախարարությունը հավաստիացրել է, որ զեկույցը կհրապարակվի գալիք շաբաթների ընթացքում։ Ուսումնասիրության տվյալները հետագա գնահատման համար ուղարկվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալություն։

Սկանդինավյան մեկ այլ երկիր՝ Նորվեգիան, 30-ից ցածր տարիքի իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «Ֆայզեր»-ով պատվաստվել։

Շվեդ առաջատար համաճարակաբան Անդերս Թեգնելը, խոսելով երիտասարդների վրա «Մոդեռնա»-ի ազդեցությունից, նշել է․ - «Դա, ինչպես ասացի, շատ հազվադեպ կողմնակի ազդեցություն է, որի մասին մենք խոսում ենք, եթե նույնիսկ արդեն «Մոդեռնա»-ի պատվաստանյութ ենք ստացել։ Գրեթե բոլոր դեպքերն ի հայտ են գալիս պատվաստումից մի քանի շաբաթ անց, մեկ ամիս հետո այդ խնդիրն ընդհանրապես չի երևում»։

Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը հուլիսին ասել էր, որ սրտամկանի բորբոքումների կողմնակի ազդեցությունը հազվագյուտ դեպքում կարող է լինել երիտասարդների մոտ «Մոդեռնա»-ի «Սպայկվաքս» կամ «Ֆայզեր»-ի պատվաստանյութի երկրորդ չափաբաժինն ընդունելուց հետո։

«Մոդեռնա»-ի մամուլի խոսնակը չորեքշաբթի երեկոյան ասել էր, որ տեղեկացված են Շվեդիայի ու Դանիայի որոշումների մասին։ Ընկերության ներկայացուցիչը նշել է, որ դեպքերը որպես կանոն թեթև բնույթ են կրել, և մարդիկ կարճ ժամանակում առողջացել են ստանդարտ բուժումից ու հանգստից հետո։ Նա նաև ընդգծել է, որ միոկարդիտի ռիսկը նշանակալի չափով բարձր է նրանց համար, ովքեր վարակվում են կորոնավիրուսով, իսկ վակցինացիան դրանից պաշտպանվելու լավագույն ճանապարհն է։

XS
SM
MD
LG