Մատչելիության հղումներ

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ընթանում են քննարկումներ անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ. կառավարություն


Հայաստանի և Ռուսաստանի իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների մանդատի, վերջիններիս առաքելության, ինչպես նաև «Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ», «Ազատության» հարցմանն ի պատասխան նշում է Հայաստանի կառավարությունը:

«Ազատությունը», մասնավորապես, հետաքրքրվել էր, թե ինչի հիման վրա է Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել, թե հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում, և թե արդյոք Հայաստանն արդեն իսկ հայտնել է, որ կողմ է ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի ավտոմատ երկարաձգմանը ևս հինգ տարով, կա՞ նման պայմանավորվածություն։

Կառավարությունը, ըստ էության, հստակ պատասխան չի տվել հարցմանը, ավելի քանի տասը օր հետո տված պատասխանում հավելել է միայն. «Ռուս խաղաղապահների ներկայությունը շատ կարևոր դեր է խաղում Արցախի ժողովրդի անվտանգության և կյանքի իրավունքի ապահովման գործում, ինչի մասին հստակ ասվում է Հայաստանի կառավարության 2021-202 6թթ. ծրագրում»:

Ռուստամ Մուրադովը, հիշեցնենք, շուրջ երկու շաբաթ առաջ ավարտեց Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի իր առաքելությունը` հայտարարելով. «Հակամարտությունից հետո ռուս խաղաղապահները ԼՂ-ում կմնան հինգ տարի։ Երկրների ղեկավարների ստորագրած համաձայնագրով առաջին 5 տարին է սահմանված։ Հետո ռուսաստանյան խաղաղապահ առաքելության հետագա երկարաձգման որոշում կկայացվի»։

«Ազատության» մեկ այլ հարցին, թե արդյոք տեղյակ են ադրբեջանական կողմի մտադրություններից, այս հարցի շուրջ եռակողմ քննարկում եղե՞լ է, կամ ռուսական կողմը նման տեղեկություն հայտնե՞լ է հայկական կողմին, գործադիրից այսպես են արձագանքել.

«Ադրբեջանական կողմն իր գործողություններով փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը, ինչի մասին են վկայում ադրբեջանական կողմի գործողությունները»:

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ Արցախում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեության երկարաձգման հստակ պայման կա։ Ռուսական զորախումբը մնալու է հինգ տարի, ժամկետը ևս հինգ տարով կարող է երկարաձգվել, եթե կողմերից որևէ մեկը վերջնաժամկետից կես տարի առաջ չպահանջի Ղարաբաղից առաքելության դուրս բերում։

Բաքվից պարբերաբար հնչում են հայտարարություններ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

XS
SM
MD
LG