Մատչելիության հղումներ

Մոսկվայում ավարտվել են Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների բանակցությունները


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր դիվանագիտորեն խոսափեց ուղիղ պատասխանել Հարավային Կովկասում վերջին զարգացումների, Իրանի կենսական շահերի դեմ որոշ ռեժիմների գործողությունների և Ադրբեջանի զորավարժությունների մասին իրանցի լրագրողի հարցին։

«Մենք դեմ ենք, որ տարածաշրջանում լինի ռազմական ակտիվություն, որ զորավարժությունները ունենան սադրիչ բնույթ։ Ադրբեջանը, օրինակ, իր մտահոգությունն է հայտնում իր սահմանների մոտ իրանական զորավարժությունների կապակցությամբ», - ասել է Լավրովը։

Ռուսաստանյան դիվանագիտության ավանդույթների համաձայն, Լավրովն առաջարկում է Ռուսաստանի մասնակցությամբ հարթակ ստեղծել՝ տարաձայնությունները քննարկելու համար։ Այս անգամ խոսքը «երեք պլուս երեք», այսինքն՝ Հարավային Կովկասի երեք պետությունների և նրանց մեծ հարևանների ՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասին է։ Ձևաչափ, որ ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ակտիվորեն շրջանառության մեջ էր դրել պաշտոնական Անկարան։

Ընդգծելով, որ առաջարկին կողմ են նաև Ադրբեջանում և Թուրքիայում, Լավրովն ասել է, որ հայ գործընկերների հետ դեռ աշխատում են այս ուղղությամբ։ Թե որն է խնդիրը, և կա արդյոք այս հարցին հայկական կողմից դիմադրություն՝ Լավրովը չի հստակեցրել։

Փոխարենը նորից խոսել է տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաշրջափակումից՝ կրկին չօգտագործելով միջանցք բառը․ - «Տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, այդ տարածաշրջանում բոլոր տնտեսական կապերի ապաշրջափակումից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը, այլև Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, ինչպես նաև Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հարևանները»։

Իրանական կողմը, մինչդեռ, վերջին շրջանում տարբեր հարթակներից մտահոգություն է հայտնում, որ «Զանգեզուրի միջանցքը», որի մասին շարունակ հայտարարում են Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդները, ոչ միայն Հայաստանն է կտրում Իրանից, այլև Իրանը՝ Եվրասիական տնտեսական միությանը կապող միակ ցամացաքային սահմանից։

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը ռուս գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին այսօր նորից ընդգծեց, որ Թեհրանը մտահոգություն ունի Հարավային Կովկասում ընթացող զարգացումների շուրջ և անթույլատրելի է համար «տարածաշրջանի քարտեզի փոփոխությունը»։ Թե կոնկրետ որ սահմանների և ինչպիսի փոփոխության մասին է խոսքը, Աբդոլահիանը չհստակեցրեց։ Դրանով հանդերձ, նա այսօրվա կարճատև ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ընդգծեց, որ Թեհրանն ուզում է բարիդրացիական հարաբերություններ ունենալ բոլոր հարևանների հետ։

Ավելի վաղ՝ երեկ երեկոյան ժամանելով Մոսկվա, Աբդոլահիանը հայտարարել էր, թե մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել իրավիճակը Հարավային Կովկասում՝ հավելելով, թե Թեհանում հույս ունեն, որ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը։

Մինչդեռ Լավրովը բանակցությունների մեկնարկին թվարկել էր օրակարգի մի շարք այլ թեմաներ՝ որևէ բառ չասելով Հարավային Կովկասի զարգացումների մասին։ Իսկ համատեղ ասուլիսին այս մասին ընդամենը ասաց՝ քննարկել են նաև իրավիճակը Անդրկովկասում։

Պաշտոնական Մոսկվան մինչև օրս որևէ կերպ չի մեկնաբանել վերջին օրերի իրանա-ադրբեջանական լարվածությունը։ Այսօր Լավրովը իրանցի լրագրողի հարցին դիվանագիտական պատասխան տվեց։

Ռուսաստանյան լրատվամիջոցները, սակայն, ուշադրությամբ հետևում են զարգացումներին մեր տարածաշրջանում։ Պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նկատում է, որ Աբդոլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Թեհրանի և Բաքվի փոխադարձ քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զորավարժությունների ֆոնին։ Թեհրանը, շեշտում է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների անցկացումը բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ, իսկ Բաքուն, իր հերթին, մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

Ռուսաստանյան Росбалт-ը, օրինակ, «Արդյո՞ք պատերազմելու են Բաքուն և Թեհրանը, և ի՞նչ կապ ունեն Իսրայելն ու Թուրքիան» խոսուն վերնագրով ծավալուն հոդված է երեկ հրապարակել, որում փորձում է վերլուծել ստեղծված իրավիճակը և ստանալ այն հարցի պատասխանը, թե կհաջողվի արդյոք պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող իրանական զորավարժություններին և դրանց ի պատասխան մեկնարկած Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին Նախիջևանում՝ հոդվածի հեղինակը գրում է, թե «վերջերս տեղեկություն տարածվեց, ըստ որի Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը»։ Ընդ որում, որևէ աղբյուր չի նշում։

Գուցե սա ապատեղեկատվություն է, գրում է հոդվածի հեղինակը՝ հավելելով, թե ավելի վաղ Ալիևը զգուշացնում էր՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ամեն դեպքում կիրականացվի՝ ցանկանում է Հայաստանը, թե ոչ։

Հոդվածագիրը նկատում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» կտրում է Իրանը Հայաստանից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Իրանն այդ դեպքում չի ունենա ցամաքային սահման Եվրասիական միության հետ։

XS
SM
MD
LG