Մատչելիության հղումներ

Աբդոլահիանը Մոսկվայում է, պատրաստվում է Լավրովի հետ քննարկել նաև իրավիճակը Կովկասում


Ռուսաստան - Մոսկվա ժամանած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զրուցում է լրագրողների հետ, 5-ը հոկտեմբերի, 2021թ․
Ռուսաստան - Մոսկվա ժամանած Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը զրուցում է լրագրողների հետ, 5-ը հոկտեմբերի, 2021թ․

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը երեքշաբթի երեկոյան Մոսկվա ժամանելուն պես հայտարարել է, որ մտադիր է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ քննարկել իրավիճակը Կովկասում։ Իրանցի դիվանագետի խոսքը մեջբերում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։

«Լավրովի հետ հանդիպման ընթացքում ենք կքննարկենք մեր դիրքորոշումները Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հույս ունենք՝ Ռուսաստանը կարձագանքի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությանը», - ասել է Իրանի արտգործնախարարը։

Ռուսական պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նկատում է, որ Աբդոլահիանի այցը Մոսկվա տեղի է ունենում Ադրբեջանի և Իրանի կողմից միմյանց հասցեին մի շարք քննադատական հայտարարությունների և ադրբեջանական սահմանի մոտ իրանական զորավարժությունների ֆոնին։

Թեհրանը, շեշտում է ՏԱՍՍ-ը, զորավարժությունների անցկացումը բացատրում է Ադրբեջանի տարածքում Իսրայելի ուժերի առկայությամբ, իսկ Բաքուն, իր հերթին, մտահոգություն է հայտնում զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաև հայտարարում է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

Թեև պաշտոնական Մոսկվան իրանա-ադրբեջանական վերջին լարվածության մասին հայտարարություն չի արել, ռուսական մամուլը տարածաշրջանում զարգացումներին ակտիվորեն հետևում է։
“Росбалт”-ը, օրինակ, «Արդյո՞ք պատերազմելու են Բաքուն և Թեհրանը, և ի՞նչ կապ ունեն Իսրայելն ու Թուրքիան» խոսում վերնագրով ծավալուն հոդված է երեկ հրապարակել, որում փորձում է վերլուծել ստեղծված իրավիճակը և ստանալ այն հարցի պատասխանը, թե կհաջողվի արդյոք պահպանել խաղաղությունը Հարավային Կովկասում։

Անդրադառնալով իրանա-ադրբեջանական սահմանին ընթացող իրանական զորավարժություններին և դրանց ի պատասխան մեկնարկած Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին Նախիջևանում, հոդվածի հեղինակը գրում է, թե «վերջերս տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստվում են գրավել Սյունիքը», ընդ որում՝ որևէ աղբյուր չի նշում։ Գուցե սա ապատեղեկատվություն է, գրում է հոդվածի հեղինակը, հավելելով, թե ավելի վաղ Ալիևն զգուշացնում էր՝ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն ամեն դեպքում կիրականացվի՝ ցանկանում է Հայաստանը, թե ոչ։

Հոդվածագիրը նկատում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների հայտարարած «Զանգեզուրի միջանցքը» կտրում է Իրանը Հայաստանից, ինչն էլ, իր հերթին, նշանակում է, որ Իրանը չի ունենալու այդ դեպքում ցամաքային սահման Եվրասիական միության հետ։

Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները միջազգային մի շարք թեմաների շուրջ մոտ են կամ համընկնում են։ Երկու արտգործնախարարների բանակցությունների օրակարգում կլինի Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։ Մոսկվան շեշտում է, որ այդ իրավիճակից միակ ելքը միջուկային գործարքի շուրջ բանակցային գործընթացի շուտափույթ վերսկսումն է։

Տեղի կունենան նաև առարկայական քննարկումներ Աֆղանստանի, Սիրիայի շուրջ։


XS
SM
MD
LG