Մատչելիության հղումներ

Չեխիայի արտգործնախարարը Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու կոչ է արել


Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն այսօր Բաքվում կայացած բրիֆինգում Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու կոչ է արել, որը նրա խոսքով՝ թույլ կտա ապահովել կայունություն և ամբողջ տարածաշրջանի զարգացում։

Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում Չեխիայի արտգործնախարարն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպմանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնումը էներգետիկայի, առևտրի, ներդրումների, տրանսպորտի ոլորտներում, ինչպես նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները։

Արտգործնախարարությունում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի համատեղ ասուլիսում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասել է, թե ազատագրված տարածքների վերականգնման գործում երկու երկրների համագործակցության մեծ ներուժ կա։ Մասնավորապես, այդ նպատակով բանակցություններ են ընթանում չեխական ներդրումներ և ընկերություններ ներգրավելու համար։

Երկկողմ համագործակցության հիմնական ոլորտը էներգետիկան է՝ Ադրբեջանը ապահովում է Չեխիայի կարիքների 30 տոկոսը։

Չեխիայի արտգործնախարարն ավելի ուշ` այսօր աշխատանքային այցով կժամանի Հայաստան։

Յակուբ Կուլհանեկը վաղը կհանդիպի Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ, ապա նրանք հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

XS
SM
MD
LG