Մատչելիության հղումներ

«Անմեղ, անօգնական տարեց մարդիկ ի՞նչ էին ձեզ արել, որ գնդակահարեցիք»


Լարիսա Սարգսյանը, ում տարեց ծնողներին ադրբեջանցիները սպանել են Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում

Լարիսա Սարգսյանի ծնողներին ադրբեջանցիներն են սպանել. 85 և 83 տարեկան ամուսինները պատերազմի ժամանակ հրաժարվել են հեռանալ հայրենի գյուղից` Հադրութի շրջանի Վարդաշատից։ Մնացել են իրենց կառուցած տանը։

Նրանց դուստրը պատմում է, որ ամուսինը հոկտեմբերի 7-ին, երբ Հադրութն ու Վարդաշատը կրակի տակ էին, գնացել էր գյուղ՝ նրանց համոզելու. - «Ասեցին՝ չէ, մատաղ, մենք ոչ մի տեղ դուրս չենք գալու։ Արմենը զանգեց, ասում ա՝ ի՞նչ անեմ ես, տեղներից չեն շարժվում»։

«Թաքստոցներ ունենք և ուտելիք, հանգիստ եղեք», - ասել են հարազատներին։ Հաջորդ օրը ադրբեջանցիները Հադրութ են հասել ՝ անցնելով նաև Վարդաշատով։

«Արդեն 8-ին, 9-ին թուրքը արդեն Հադրութ էր։ Թուրք, հայ... չեն ջոկվում իրարից։ Հադրութ թուրքեր են եղել, մենք չէինք նկատել։ Եկել են Ջաբրայիլ, մեր հայերի ֆորման հագել են, եկել են», - լացակումած հիշում է Լարիսան։

Շուրջ մեկ ամիս հարազատները որևէ տեղեկություն չեն գտել ադրբեջանական հսկողության տակ անցած գյուղում մնացած տարեց ամուսինների մասին։ Հեռախոսակապը վաղուց խափանված էր, տարածքում արդեն հայեր չկային։ Պատերազմի ավարտից հետո, արդեն նոյեմբերի կեսին են փրկարարները Դավիթ ու Նինա Դավիդյանների թոռների հետ մտել Վարդաշատ։

83-ամյա կնոջ մարմինը տանը երկրորդ հարկում է եղել, իր ննջարանում, գետնին, իսկ ամուսնուն չեն գտել։ Լարիսան պատմում է, որ ավելի ուշ, դեկտեմբերին իր ու քրոջ որդիները դարձյալ փրկարարների հետ փորձել են ադրբեջանական դարձած գյուղ մտնել. - «Մեր էրեխեքը ասում էին՝ մեր ծակուծուկը մենք գիտենք, ուզում ենք մի հատ ման գանք։ Միգուցե թաքնվել ա մի տեղ»։
Ռուս խաղաղապահներն են ընդառաջել, թույլ տվել, որ թոռը որոնի պապին։ Տնից 50 մետր հեռավորությամբ պապիկն այգի ուներ, այնտեղ շատ էր գնում։ Այնտեղ են գտնում նրա դիակը։

Լարիսան ուղղակի ապշում է. ադրբեջանցիները գյուղում, բոլոր համագյուղացիները հեռացած, իսկ իրենք իրենց օրվա գործին են եղել, մեկն այգում, մյուսը տանը. - «Իրանք իրանց առօրյա կյանքով ապրում էին, չէին հավատացել։ Պատկերացնո՞ւմ ես... պապան գնացած այգի, մամային գյուղում թողած, ոչ մեկը գյուղում չկա»...

Դուստրը ասում է, որ ծնողները հանգիստ էին, վստահ, որ ադրբեջանցիները Վարդաշատ, Հադրութ չեն մտնելու։

«Անմեղ, անօգնական տարեց մարդիկ ի՞նչ էին ձեզ արել , որ գնդակահարեցիք», - հարցնում է ծնողներին սպանողներին։ - «Ձեզ սրբություն ունե՞ք... գազաններ»...

44-օրյա պատերազմում ու դրանից հետո 80 խաղաղ բնակիչ է սպանվել ադրբեջանական զինուժի կողմից, 38 հոգի սպանվել են ամենադաժան միջոցներով՝ հրազենի մոտիկ կրակոց, ֆիզիկական բռնություն, դանակահարություն, գլխատում։

Երկու օր առաջ Արցախի օմբուդսմենը քաղաքացիական անձանց սպանությունների վերաբերյալ զեկույց էր ներկայացրել։ Զոհերի մեծ մասը տարեցներ են։

Դավիդյան ամուսինները մենակ էին ապրում, առույգ մարդիկ էին, համեստ, աշխատող, իրենց գործին։

Հադրութում, գյուղից երկու կիլոմետրի վրա էին ապրում երեք աղջիկները իրենց ընտանիքներով։ Վարդաշատը բոլորի համար հաճելի հոգատարության հասցե էր. - «Ամեն շաբաթ գնում-գալիս էինք, իրանք տան գործերը անում, լվացքը բերում անում, հարդուկում տանում, հաճույք ստանում իրանցով»։

Հիմա արդեն սիրելի հասցե չունեն։ Լարիսայի ընտանիքի շեն տունն էլ Հադրութում մնաց։ Որդին, որ պատերազմի առաջին օրից մինչև վերջ առաջնագծում էր, արդեն հեռացել է երկրից։ Երեկ ամուսնու 90-ամյա հորն է ճանապարհել Ռուսաստան, ինքն ու ամուսինն էլ արդեն կապել են ճամպրուկները։

Եղվարդում մի տուն էին վարձել, արդեն պետությունը վարձավճարը չի փոխհատուցում, ամենամսյա ֆինանսական աջակցություն այլևս չեն ստանում, հեռանում են։

Գնում են Գելենջիկ։ Շուրջ 85 տարի Հադրութի Վարդաշատում ապրած Դավիթ ու Նինա Դավիդյանների մարմինները տեղափոխել ու հուղարկավորել են Կրասնոդարի երկրամասի այդ քաղաքում։

XS
SM
MD
LG