Մատչելիության հղումներ

«Էս էն պահն ա, որ պիտի ամբողջ կյանքդ սպասես». անհետ կորածի մայր


Նազիկ Շահբազյանը որդու՝ Սամվելի հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 12-ին

44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած Վահե Ոսկանյանի հայրը պատմում է, որ գրեթե 1 տարի է ձեռք չեն տալիս, չեն տեղաշարժում որդուն պատկանող ոչ մի իր։

«Շինություն էինք անելու, արդեն ֆունդամենտ փորեցինք, արդեն սպասում էի տղես գա, հույսերն շատ մեծ ա... Իրա ամեն երկրորդ բառն էլ՝ պապ, գալիս եմ ու տունը սկսենք սարքելը», - ասում է Վասիլ Ոսկանյանը։

Նրա որդուն պատերազմը սկսելուն պես տեղափոխել են Ջաբրայիլ։ 20-ամյա ժամկետային զինծառայողը ամեն օր կապի մեջ է եղել ընտանիքի հետ, հոկտեմբերի 7-ից հետո նրանից այլևս լուր չեն ստացել։

Վասիլ Ոսկանյան
Վասիլ Ոսկանյան

Հայրը կորցրել է աշխատելու կարողությունը, առօրյան անցնում է մի գերատեսչությունից մյուսի դուռը թակելով ու գոնե մի լուր ստանալու հույսով, բայց ապարդյուն. - «Մինչև էսօր ոչ մեկից ոչ մի բան... Հեսա հոկտեմբերի 7-ին տարին ա լրանում։ Ոչ աշխատում... Կառավարություն, նախարարություն, իմ առօրյան տենց ա անցնում, չեմ կարա ես տունը նստեմ, սպասել, թե ինչ-որ մեկը ինձ ինչ-որ նոր բան ասի»։

Ամենածանրը սպասում է, անորոշությունը

Նազիկ Շահբազյանի վերջին զրույցը որդու հետ եղել է հոկտեմբերի 12-ին։ 25-ամյա Սամվելը նաև ապրիլյանի մասնակից է եղել։ Որպես պահեստազորային 44-օրյա պատերազմին մասնակցելու ծանուցագիր է ստացել ու 18 հոգանոց ջոկատի հետ մեկնել ռազմաճակատ։

«Խնդրեցինք, որ մի քիչ ձգձգվի, մի շաբաթ էլ սպասենք, կարող ա ..չէ, մեկ ա սենց թե նենց պիտի գնամ։ Որ էկել ա ծանուցագիր, պետք ա անպայման գան իմ հետևից նո՞ր գնա՞մ...Շատ պարտաճանաչ էր, պատասխանատվության զգացում ուներ։ Ու չլսեց, գնաց, մինչ հիմա էլ...», - ասում է Նազիկ Շահբազյանը՝ հավելելով. - «Ամենածանրը սպասումն է, անորոշությունը. չգիտես որդիդ որտեղ է, ինչ վիճակում, ինչի կարիք ունի։ Նստած հաց ես ուտում, կուլ չի գնում։ Եղել է պահ, որ պառկում ես քնելու, մտածում ես՝ էրեխեդ որտեղ ա, քնած ա, արթուն, գետնին... շատ դաժան բան ա, մի անտանելի բան ա էս չգիտեմ ես ինչ ա...Անհետ կորածը ավելի դժվար ա, քան... ես չեմ ասում զոհվածների ավելի հաշտ ա, բայց անհետ կորածը... էս էն պահն ա, որ պիտի ամբողջ կյանքդ սպասես, սպասես, անընդհատ սպասողական վիճակ ա...»,- ասում է Սամվելի մայրը։

Պաշտոնական տվյալներով 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 231 զինծառայող և 22 խաղաղ բնակիչ։

«Կան ծնողներ, որոնք թեստ չեն հանձնում, որպեսզի հանկարծ չպարզվի իրենց համար ամենաահավորը».

Ռաֆայել Վարդանյան
Ռաֆայել Վարդանյան

«Յուրաքանչյուրի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական ու դատավարական գործողություններ՝ նրանց գտնվելու վայրը պարզելու, նրանց հնարավոր ռազմական գործողությունների վերջին փաստը, ենթադրյալ գերեվարման փաստը պարզելու ուղղությամբ», - ասում է Զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը;

Անհետ կորած զինծառայողների հարազատներն ամիսներ շարունակ շրջում են դիահերձարաններով, հետևում ԴՆԹ փորձաքննությունների ընթացքին, անձամբ մասնակցում որոնողական աշխատանքներին, սեփական հետաքննություններով փորձում գտնել իրենց հարազատի մասին որևէ տեղեկություն։

Այս ընթացքում 1390 զինծառայողի ինքնությունը պարզվել է հենց դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում։
Դիակներից ու մասունքներից վերցված 53 բարդ, վնասված փորձանմուշ էլ ուղարկվել է Նիդերլանդներում գտնվող Անհետ կորածների միջազգային հանձնաժողովի փորձագիտական կենտրոն։

Ռաֆայել Վարդանյանի խոսքով, շուրջ 100 զոհվածի մարմին էլ նույնականացվել է, պարզվել է նրանց արյունակցական կապը, ծնողները հայտնի են, սակայն նրանք հրաժարվում են մարմինը տանել, հողին հանձնել. կա՛մ չեն վստահում ԴՆԹ փորձաքննության պատասխանին, կա՛մ չեն հաշտվում պատասխանի հետ։ Կան ծնողներ էլ, որոնք թեստ չեն հանձնում, որպեսզի հանկարծ չպարզվի իրենց համար ամենաահավորը։

Մոլեկուլային գենետիկայի փորձագետ Դիանա Հարությունյանի խոսքով, լաբորատորիան դեռևս ծանրաբեռնված է, աշխատանքը շատ։ Համընկնում չունեցող մարմիններն ու մասունքները պահպանվում են մինչև նույնականացումը։

Դիանա Հարությունյան
Դիանա Հարությունյան

Այստեղ այժմ կրկնակի, եռակի, անգամ քառակի փորձաքննություններ են կատարվում. - «Չկա մեզ մոտ չնմուշառված մասունքներ, և այնպիսի մասունքներ, որոնց հետ ամենաքիչը առնվազն 2-3 անգամ չենք աշխատել»։

Պատերազմից մեկ տարի անց էլ գրեթե ամեն օր Արցախում հայտնաբերվում են զինվորների մարմիններ ու մասունքներ։ Նախորդ տարվա նոյեմբերի 13-ից ի վեր որոնողական աշխատանքների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, հայտնաբերվել է 1670 աճյուն։

XS
SM
MD
LG