Մատչելիության հղումներ

Փաշինյանի կառավարության քայլերը անվտանգության ոլորտում ուշացած են, չհամակարգված․ վերլուծաբաններ


Հայաստանի ԶՈՒ զինծառայողներն անցնում են մարտական հերթապահության Նախիջևանի սահմանին, հուլիս, 2021թ․

44-օրյա պատերազմի մեկնարկից հետո ընկած մեկ տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը բավականին ուշ սկսեց Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլերը, որոնք երբեմն համակարգված չէին։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտեցին անվտանգության և արտաքին քաղաքականության ոլորտն ուսումնասիրող վերլուծաբանները։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ նաև սա էր պատճառը, որ նախորդ ամիսներին Սև լճի, Վերին Շորժա-Կութ, Երասխի և Գորիս-Կապան ավտոմայրուղու հատվածներում առաջացան ճգնաժամային իրավիճակներ։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան, արխիվ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյան, արխիվ


«Ընտրություններից հետո նոր սկսվեց աշխատանք, ես կասեմ այսպես՝ անվտանգությունը ինչ-որ չափով պաշտպանելու կամ ապահովելու համար։ Պարզ է՝ պատերազմից անմիջապես հետո խառնաշփոթ վիճակ էր, կառավարությունը շոկի մեջ էր, ակնհայտ է դա, այս ծանր պարտությունից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

«Անշուշտ, լարված ներքաղաքական իրավիճակը խոչընդոտ էր, որպեսզի կառավարությունը զբաղվի երկրի անվտանգային հարցերով», - շարունակեց վերլուծաբանը։ Բայց, ընդգծեց նա, «արտահերթ ընտրություններից հետո՝ հունիսի 20-ից հետո, երբ ձևավորվեց նոր Ազգային ժողով, նոր կառավարություն, կայունանում է իրավիճակը, ու ակնհայտ երևում է, որ քայլեր արվում են։ Օրինակ, մեկ քայլը ակնհայտ երևացող՝ ակտիվացումը միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Հայաստանը հիմա ավելի ակտիվ է աշխատում»։

Պատերազմի ավարտից օրեր անց՝ նոյեմբերի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակեց 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզ, ուր ի շարս այլ կետերի որպես կառավարության «ամենակարևոր անելիք» նշված էր նաև՝ «Զինված ուժերի բարեփոխումների ծրագրի հաստատում և բարեփոխումների մեկնարկ», որի իրականացման համար Փաշինյանը մինչև այս հունիս ժամանակ էր խնդրում։


Թեև ցայսօր հայտնի չէ՝ ընդունվե՞լ է արդյոք Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների ծրագիրը և, որն ավելի կարևոր է, ի՞նչ բովանդակություն ունի այն, սակայն նախորդ ամիս ընդունված կառավարության 2021-2026թթ. ծրագրում պնդում կա. - «Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային բարեփոխումների լայնածավալ գործընթացը»։

«Ռազմավարական առումով՝ Հայաստանի Հանրապետությունը աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։ Էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային զինծառայության կառուցվածքը։ Կարևոր ենք համարում նաև մեր բանակի տեխնոլոգիական արդիականացումը, ավտոմատացված կառավարման համակարգի ներդրումը», - հայտարարել էր վարչապետը։

Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով, իշխանությունների քայլերից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ նախորդ մեկ տարում Փաշինյանի կառավարությունը ոչ թե նպատակ ուներ հիմնարար բարեփոխումներ իրականացնել Զինված ուժերում, այլ ընդամենը կառավարել ի հայտ եկող ճգնաժամերը։

Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյան, արխիվ
Ռազմա-քաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյան, արխիվ


«Մենք այս պահի դրությամբ դեռ չենք սահմանել մեզ համար, թե մեր բանակը ինչ խնդիր պետք է լուծի։ Այսինքն՝ մենք գնում ենք, օրինակի համար, հավերժական նեյտրալիտետի ճանապարհով, մենք գնում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ճանապարհով, մենք գնում ենք ապագայում նոր կոնֆլիկտների պատրաստվելու ճանապարհով, և այլն, և այլն։ Այսինքն՝ մեզ ինչ տիպի բանակ է պետք, և այդ բանակը ինչ խնդիրներ ունի լուծելու», - ընդգծեց Քոչինյանը։

Սակայն, ըստ փորձագետի, առկա է նաև սուբյեկտիվ պատճառ, թե Փաշինյանի կառավարությունը նախորդ ամիսներին ինչու ձեռնպահ մնաց հիմնարար բարեփոխումներից բանակում․ - «Գործող կառավարությունը, ինչպես նաև իր նախկին կազմով, այնպես էլ՝ գործող կազմով, բազմիցս է ապացուցել, որ որևէ ոլորտում այն չունի անհրաժեշտ ինստիտուցիոնալ, ինտելեկտուալ, կազմակերպչական ռեսուրսները, որպեսզի կարողանա կազմակերպել լայնամասշտաբ բարեփոխումներ, որոնք կբերեն գործնականում փոփոխություններ»։

2018 թվականի մայիսից ի վեր՝ երեք տարի չորս ամսվա ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշանակել է պաշտպանության երեք նախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի չորս պետ։

XS
SM
MD
LG