Մատչելիության հղումներ

Երևանն ու Մոսկվան բանակցում են Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայնման շուրջ  


Պաշտոնական Երևանն ու Մոսկվան բանակցություններ են սկսել Հայաստանում ռուսական ռազմակայանի ընդլայանման շուրջ, և այդ նպատակով Ռուսաստանի մայրաքաղաք է մեկնել ներկայացուցչական պատվիրակություն՝ բաղկացած Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Զինված ուժերի Գլխավոր շտաբի, հայ-ռուսական միացյալ խմբավորման, ինչպես նաև Կադաստրի կոմիտեի բարձրաստիճան ներկայացուցիչներից։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այս հունիսի 23-ի որոշումից տեղեկանում ենք. «Հայաստանի տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստին մասնակցելու նպատակով 2021 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն»։

14 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում է Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետ, միջպետական հանձնաժողովի հայկական մասի նախագահ Արմեն Ավետիսյանը։

Հայաստանյան պատվիրակության կեսից ավելին հենց Պաշտպանության նախարարությունից են, սակայն լրացուցիչ տեղեկություն ստանալու նպատակով նախարարության լրատվական ծառայություն «Ազատության» հեռախոսազանգերը ամբողջ օրվա ընթացքում մնացին անպատասխան։

Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ, հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 13-րդ նիստը Մոսկվայում մեկնարկել է այսօր։

Մոտ մեկ ամիս առաջ՝ մայիսի 27-ին կառավարության նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզում շուրջ 3,5 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասեր անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ ФСБ-ի Հայաստանում տեղակայված սահմանապահ վարչությանը: Ռուս սահմանապահների օգտագործմանն են անցնում Կապան համայնքի Շիկահող գյուղից, Մեղրիի Շվինաձոր, Կարճևան, Նռնաձոր գյուղերից ու Տեղ համայնքից 7 միավոր հողակտոր։

Կառավարության հիմնավորմամբ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո անհրաժեշտ է ամրացնել Հայաստանի հարավ-արևելյան սահմանները, ինչի համար էլ անհրաժեշտ հողամասեր են առանձնացվել։ Ինչպես հայտնի է, 44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում հսկողություն են իրականացնում նաև ռուս սահմանապահները։

Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայանի ընդլայնման կամ նոր ռազմակայանի հիմնման մասին տեղեկությունները նոր չեն։ Հայտարարությունների մակարդակով այս մասին սկսեցին խոսել 44-օրյա պատերազմից գրեթե անմիջապես հետո, որի ընթացքում Մոսկվայի փաստացի անգործության պայմաններում Ադրբեջանն ու Թուրքիան կարողացան հայկական Զինված ուժերին գերազանցող ուժեր կենտրոնացնել և հաջողության հասնել Արցախի ուղղությամբ։

Այս մայիսի 3-ին ելույթ ունենալով Ազգային ժողովում՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ և՛ պատերազմից առաջ, և՛ հետո Հայաստանի արտաքին անվտանգության համակարգի հիմքում նախևառաջ ընկած է հայ-ռուսական համատեղ զորախումբը. - «Հարց հնչեց Սյունիքի անվտանգության, 102-րդ ռազմաբազայի վերաբերյալ: Կարծում եմ՝ դա գաղտնիք չէ, որ Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմական բազայի 2 նոր հենակետ է հիմնադրվել, և այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար»:

Թե հայ-ռուսական միացյալ զորախումբը և ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը որքանով է արդյունավետ պաշտպանում Հայաստանը, ոչ միայն ակնհայտ դարձավ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ադրբեջանական զինուժը բազմիցս հարվածներ հասցրեց նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ թուրքական օդուժն էլ, ըստ հայկական կողմի, Հայաստանի օդային տարածքում խոցեց հայկական օդուժի Су-25 կործանիչը, այլև պատերազմից հետո, օրինակ, երբ Փաշինյանի այս ելույթից ընդամենը ինը օր անց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություննեով ներխուժեց Հայաստանի տարածք և ցայսօր հրաժարվում է հեռանալ։

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանի խոսքով, 44-օրյա պատերազմից հետո հենց Ռուսաստանն է, որ ստացավ ամենից մեծ շահը՝ ռազմական ներկայություն հաստատելով Արցախում, ընդլայնելով իր ռազմական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում փաստորեն, պատերազմի հետևանքով թուլացած հայկական զինուժի փոխարեն։

Ըստ Քոչինյանի, այս փուլում Հայաստանն այլ տարբերակ չունի, քան համաձայնելու ռուսական ռազմական ներկայության ընդլայնմանը. - «Այո, եթե այսօր դա անհրաժեշտություն է և անայլընտրանք է։ Եթե այդպես է։ Ցավոք սրտի, բացի իշխանություններից, որևէ մեկը այդ տեղեկատվությանը չի տիրապետում և չի կարող վստահաբար դա ասել։ Բայց անգամ եթե մենք ելնում ենք էդ դա այպես է և դա անայլընտրանք է, ապա առնվազն երկարաժամկետ մեր պլանավորման և ընդհանրապես մեր մտածողության մեջ պետք է ֆիքսվի, որ դա նորմալ իրավիճակ չէ։ Եվ սա չի կարող լինել երկարաժամկետ կամ միջնաժամկետ լուծում։ Հայաստանի Հանրապետության անվտանգության համակարգը չի կարող այդչափ կախված լինել որևէ գործընկերոջից, լինի Ռուսաստանը, Միացյալ Նահանգները թե Ֆրանսիան»։

«Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» դեռ 1997թ. ստորագրված պայամանագրի 19-րդ հոդվածի համաձայն, ռուսաստանյան ռազմակայանի ծախսերի մի մասը հոգում է Հայաստանը։ Օրինակ, Ղազախստանում իր ռազմական հենակետերի համար, ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների, Կրեմլը յուրաքանչյուր տարի այդ երկրին վճարում է 200 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Ղրղըզստանում՝ 4,5 միլիոն դոլար։

Մեզ այսօր չհաջողվեց պարզել, թե արդյոք Հայաստանի տարածքում ռուսական նոր ռազմակայանների համար շարունակելու է վճարել հայաստանցին։ Ինչպես ասացի, պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն այսօր անապատասխան թողեց մեր հեռախոսազանգերը։

XS
SM
MD
LG