Մատչելիության հղումներ

Միրզոյանը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ ԳԱ նստաշրջանին, կհանդիպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է, նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի աշխատանքներին: Այս մասին երեկ տեղեկացրել է Արտգործնախարարությունը՝ նշելով, որ Միրզոյանը երկկողմ հանդիպումներ է ունենալու գործընկերների հետ, առանց մանրամասնելու, թե կոնկրետ ում։

ԱԳՆ հաղորդագրությունը նշում է նաև, որ Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Սա նախարարի պաշտոնում Միրզոյանի առաջին նման հանդիպումը կլինի, մինչ այդ ավելի վաղ նա Երևանում միայն առանձին հանդիպումներ է ունեցել Մինսկի խմբի ռուսաստանցի և ֆրանսիացի համանախագահների հետ։

Հանդիպմանը «դժվար թե վճռորոշ բովանդակություն քննարկվի»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ հանդիպումն աշխատանքային բնույթի է, և դժվար թե վճռորոշ բովանդակություն քննարկվի։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

«Չեմ պատկերացնում, որ որոշումներ կամ նախաորոշումային իրավիճակներ են սպասվում: Կարծում եմ՝ աշխատանքային հանդիպում է: Պետք է նաև նկատի ունենալ, որ արտգործնախարար Միրզոյանը արդեն հանդիպել է ռուսաստանցի նոր համանախագահին և ֆրանսիացի համանախագահին Երևանում, նրանք առանձին-առանձին եկել էին, և հիմա, փաստորեն, տեղի է ունենում հանդիպում երեք համանախագահների հետ միասին, և այդ իմաստով առաջին անգամ ամերիկացի համանախագահի հետ շփումը կլինի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բադալյանը:

Նա կարծիք հայտնեց, որ օրակարգը վերաբերելու է հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը վերականգնելուն. - «Եվ այստեղ, իհարկե, Երևանը սահմանում է իր առաջնահերթ օրակարգային հարցերը, Արցախի կարգավիճակի հարցը, և, կարծում եմ, այս տրամաբանության շրջանակում կլինի քննարկումը: Այստեղ հատկանշական է մի բան, որ մի քանի ամիս առաջ Մինսկի խմբի երեք համանախագահները տարածեցին համատեղ հայտարարություն, դա հաջորդել էր Գեղարքունիքում հայտնի մարտական գործողություններին՝ այդ լարվածության օրերին, որտեղ կոչ էին անում կողմերին՝ յուրաքանչյուրը իր առաջնահերթության և իր օրակարգի շրջանակում գալ, նստել սեղանի շուրջ և խոսել, և, կարծում եմ, այս տրամաբանությունը առաջ մղելու փորձ կանեն համանախագահները»:

«Ի վերջո Բաքուն էլ գալու է Մինսկի խմբի ձևաչափի շուրջ աշխատանքի դաշտ»

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 20-ին Նյու Յորք է մեկնել նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշվում է՝ Բայրամովը, բացի նիստերին մասնակցելուց, երկկողմ հանդիպումներ է ունենալու տարբեր պաշտոնյաների հետ, բայց ոչ մի խոսք չկա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասին։ Հակոբ Բադալյանը, սակայն, կարծում է, որ դա չի բացառում նման հանդիպումը։

«Ադրբեջանցիները, իհարկե, հնարավորինս քիչ են շահագրգռված ազդարարել, նախապես ազդարարել այդպիսի հանդիպումները, քանի որ Ադրբեջանը դրսևորում է հետևյալ մոտեցումը, որ հակամարտությունը լուծված է, և ինքը որևէ գործընթացի կարիք չունի: Բայց, կարծում եմ, ի վերջո Բաքուն էլ գալու է Մինսկի խմբի ձևաչափի շուրջ աշխատանքի դաշտ, և խնդիրը այստեղ ժամանակն է ու բովանդակությունը, թե ինչպիսի բովանդակության շրջանակում դա տեղի կունենա», - նշեց քաղաքական մեկնաբանը:

Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին ևս, ինչպես նախորդ տարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռավար ձեւաչափով կմասնակցի։ Նիստը, որի ընթացքում Փաշինյանը տեսաուղերձով հանդես կա, տեղի կունենա սեպտեմբերի 24-ին, հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG