Մատչելիության հղումներ

Իշխանական պատգամավորի կարծիքով` Մինսկի խումբը վերադառնում է ակտիվ աշխատանքի


Ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը հանդիպում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Երևան, 6-ը սեպտեմբերի, 2021թ.

Ռուս համանախագահը հանդիպել է Հայաստանի ու Արցախի ղեկավարների հետ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Խովաևին։

Հարությունյանն ընդգծել է, որ Արցախը շարունակում է հավատարիմ մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում բանակցային գործընթացը շարունակելու հանձնառությանը:

Երեկ Խովաևը հանդիպել էր նաև Հայաստանի վարչապետին, որի աշխատակազմը համառոտ հաղորդագրությունում նշել էր, որ ռուս համանախագահը Երևանում է ճանաչողական այցով:

«Մենք ևս պատրաստակամություն ենք հայտնել վերսկսելու բանակցությունները համանախագահության ներքո»

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Սարգիս Խանդանյանի խոսքով` և՛ ռուս համանախագահի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ, և՛ համանախագահող երկրների տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ Մինսկի խումբը վերադառանում է ակտիվ աշխատանքի։

«Եվ հստակ է այդ հայտարարություններից, որ Մինսկի խմբի համանախագահությունը շահագրգռված է օր առաջ սկսել կառուցողական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև և խաղաղ կարգավորման համար, նաև Հայաստանը` թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Արտգործնախարարությունը բարձր են գնահատել և ողջունել են Մինսկի խմբի այդ հայտարարությունները, և մենք ևս պատրաստակամություն ենք հայտնել վերսկսելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո», - ասում է իշխանական պատգամավորը:

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ռուսաստանցի համանախագահի հետ, 6-ը սեպտեմբերի, 2021թ.
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպում է ռուսաստանցի համանախագահի հետ, 6-ը սեպտեմբերի, 2021թ.

Արցախի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նաև նշվում է` «քննարկվել են ղարաբաղյան հակամարտությանն առնչվող տարբեր հարցեր, ինչպես նաև շեշտվել է համանախագահների՝ առաջիկայում տարածաշրջան կատարելիք այցի կարևորությունը»:

Ինչպե՞ս է գործելու Մինսկի խումբը, եթե Ադրբեջանից շարունակ հնչում են հայտարարություններ, թե ղարաբաղյան խնդիրն այլևս մնացել է անցյալում։

«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ներկա փուլի ձևաչափի շուրջ, կարծես թե, կա կոնսենսուս համանախագահ երկրների և Հայաստանի միջև, և այդ կոնսենսուսից բացակայում է Ադրբեջանը, և այս առումով կարծում եմ` Մինսկի խմբի համանախագահության նաև լրացուցիչ ջանքեր են անհրաժեշտ Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Ինչպես ճիշտ նշեցիք, այս ընթացքում Ադրբեջանը թե՛ հռետորաբանությամբ, թե՛ քայլերով փորձում է խուսափել այս ձևաչափից, այնուամենայնիվ մենք կարծում ենք, որ սա միակ ձևաչափն է, և այն սկզբունքներն ու տարրերը միակն են, որի շուրջ և որի հովանու ներքո պետք է անցկացվեն բանակցությունները», - նշում է Խանդանյանը:

Պատգամավորը հույս է հայտնում, ու Մինսկի խմբի շրջանակում մոտ ապագայում այնուամենայնիվ, կվերսկսվեն բանակցությունները, ինչին Հայաստանը պատրաստ է. «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը պետք է տեղի ունենա որպես ֆորմատ Մինսկի խմբի համանախագահության ներքո, և որպես բովանդակային սկզբունքներ կողմերի հայտնի սկզբունքներն ու տարրերն են, որոնց թվում է ինքնորոշման իրավունքը: Այս առումով ակհայտ է, որ համակարտությունը շարունակում է գոյություն ունենալ, և բազմաթիվ խնդիրներ կան` հումանիտար, քաղաքական և այլն, որոնք երկարատև լուծման անհրաժեշտություն են տեսնում»:

Ինչ-որ պահից Ադրբեջանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է, որ ադրբեջանական մամուլը հեղեղված է թեզերով ու պնդումներով, թե ղարաբաղյան հարց այլևս գոյություն չունի, սակայն նախկին պատգամավորը ևս վստահ է` քանի որ Մինսկի խմբին այլընտրանք չկա, բանակցությունները վերսկսվելու են։

«Ինչ-որ պահից Ադրբեջանը պետք է նստի բանակցային սեղանի շուրջ և խոսի համապարփակ կարգավորման մասին: Եթե հիշեք 2020 թվականի դեկտեմբեր և 2021-ի ապրիլի համատեղ հայտարարությունները Մինսկի խմբի համանախագահության հենց դրա անհրաժեշտության մասին են խոսում, որ կան հրատապ հումանիտար խնդիրներ, և կա քաղաքական լուծման անհրաժեշտություն կողմերին հայտնի տարրերի և սկզբունքների հիման վրա: Եվ դրանց կարևոր սկզբունքներից մեկը ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի սկզբունքի ամրագրումն է, ինչի հիման վրա էլ մենք խոսում ենք Արցախի հնարավոր կարգավիճակի մասին», - կարծում է նա:

Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, վերջերս հայտարարել էր Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը: Իր հերթին Հայրապետյանը նկատում է, որ վերջին շաբաթներին Ադրբեջանում սրված են հակառուսական տրամադրությունները, դժգոհություններ են հնչում խաղաղապահներից և այլն:

Այս պարագայում ինչպե՞ս պետք է Ադրբեջանը սկսի գործել կառուցողական դաշտում, հետաքրքրվեցինք նախկին պատգամավորից։

«Բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից յուրաքանչյուրը և իրենք միասնաբար ունեն համարժեք լծակներ նաև լրացուցիչ ճնշումներ գործադրելու Ադրբեջանի վրա` այս իրավիճակը փոխելու, ավելի կառուցողական, դիվանագիտական դաշտ տանելու համար: Ես վստահ եմ, որ այդ լծակներն առկա են, և անհրաժեշտության դեպքում, իսկ անհրաժեշտությունն, իհարկե, կա, ցանկության դեպքում, հստակ խնդիրների առկայության դեպքում դրանք պետք է գործի դրվեն», - պատասխանեց նա:

«Մեծ հաշվով բանակցության այլ ֆորմատ չկա»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ պարտադիր չէ, որ կողմերը բանակցային սեղանի շուրջ նստած լինեն համարելու, որ արդեն Մինսկի խումբը սկսել է ակտիվորեն գործել. «Այսինքն` դե ֆակտո ֆորմատը ինքը կարող է աշխուժանալ և էական աշխատանք սկսել, բայց դա չարտահայտվի հենց ուղիղ բանակցային գործընթաց սկսելու տեսքով: Ես կարծում եմ` բանակցային գործընթացի առումով կողմերի դիրքորոշումները, բավական իրարամերժ լինելով, մենք այդքան էլ մոտալուտ հեռանկարի մասին խոսել չենք կարող»:

Կարո՞ղ է արդյոք Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան նոյեմբերի 9-ի հայտարարության ֆորմատը փոխարինել Մինսկի խմբին, Բադալյանի կարծիքով՝ ոչ. «Մեծ հաշվով բանակցության այլ ֆորմատ չկա, այսինքն` մենք տեսնում ենք եռակողմ ձևաչափը, որտեղ, սակայն, ընդամենը շատ կոնկրետ հարցեր են քննարկվում հաղորդումների, ապաշրջափկման հետ կապված, նոյեմբերի 9-ի հայտարարության որոշակի կետերը, այդ թվում` ռազմագերիների վերադարձի, ընդ որում, այստեղ կարծես թե, մեծ քննարկումներ չկան, և Երևանը պարզապես պնդում է, որ այդ կետը պետք է իրագործվի»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին, թե ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են, Բադալյանի կարծիքով` եթե Արցախում ռազմական ներկայության հաստատման համար Մոսկվան պետք է պայմանավորվեր Բաքվի և Անկարայի հետ, ապա այժմ հստակ պատկերացնում է, որ ռազմական ներկայության միջազգային լեգիտիմությունը կախված է լինելու ԱՄՆ-ի հետ պայմանավորվածությունից:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG