Մատչելիության հղումներ

Կրեմլը հուսով է, որ Թուրքիան ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսևորի` փոխելու դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումներից, արխիվ

Պաշտոնական Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում Ղրիմում Պետդումայի ընտրությունները, քանի որ Ղրիմը Ռուսաստանի մաս չի համարում: Մոսկվան ասում է, թե սա վատ հայտարարություն է, բայց ռուս-թուրքական ակտիվ համագործակցությանը չի խանգարի:

Կրեմլին դուր չի եկել Ղրիմը Ուկրաինայի մաս ճանաչելու հերթական հայտարարությունը, սակայն Մոսկվան այնուամենայնիվ հայտարարում է, որ Անկարան իր գործընկերն է, և այն հարցերի առկայությունը, որոնց շուրջ տարաձայնություններ կան, խոչընդոտ չեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

«Մենք չենք ընդունում նման հայտարարությունները, և մենք այդ մասին բացահայտ խոսում ենք մեր թուրք գործընկերների հետ: Ղրիմի հարցը թեմա է, որի շուրջ մեր դիրքորոշումները տրամագծորեն տարբերվում են: Մենք ցավում ենք Թուրքիայի նման դիրքորոշման համար, բայց հուսով ենք, որ ժամանակի ընթացքում քաղաքական կամք կդրսևորվի, և Թուրքիան կփոխի իր այդ դիրքորոշումը` պարզապես տուրք տալով ճշմարտությանը և գործերի իրական վիճակին», - այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Մոսկվան «հետևություններ կանի»

Ռուսաստանի կողմից ևս մեկ արձագանք է եղել այս թեմային:

Մոսկվան հետևություններ կանի Թուրքիայի արտգործնախարարության՝ Ղրիմում Պետդումայի ընտրությունները չճանաչելու մասին հայտարարությունից, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, թե Թուրքիան շատ լավ գիտի, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության ինքնիշխան մասն է, և շատ լավ գիտի, որ նման հայտարարությունները ՌԴ-ն երբեք անուշադրության չի մատնում:

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա, արխիվ

«Եթե նրանք չեն հոգնել լսել Մոսկվայից համապատասխան հիշեցումներ, եթե չեն հոգնել, որ Մոսկվան նրանց պարբերաբար տեղն է դնում, ապա նրանք համբերատար են, բայց դա ոչ մի բանի չի հանգեցնում, բացի նրանից, որ մենք համապատասխան եզրակացություններ ենք անում, որոնք ակնհայտորեն երկկողմ հարաբերությունների զարգացման օգտին չեն», - ասել է Զախարովան «Սոլովյով Live»-ի եթերում:

Անկարան կրկին շեշտում է` անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների ամսվա վերջին կայանալիք հանդիպմանն ընդառաջ պաշտոնական Անկարան երեկ հայտարարել է, որ չի ճանաչում Ղրիմում անցկացված Պետդումայի ընտրությունները:

«Ղրիմում Պետդումայի ընտրությունները, որոնք անցկացվել են սեպտեմբերի 17-19-ը, Թուրքիայի համար որևէ իրավական ուժ չունեն», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։

Անկարան նաև հերթական անգամ շեշտել է, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և անօրինական է համարում Ղրիմի բռնակցումը։

Մոսկվայի և Անկարայի միջև առկա քաղաքական տարաձայնությունները, սակայն, որոշ առումով փոխհատուցվում են խորացող տնտեսական համագործակցությամբ։

Այսպես, 2021 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 19-ը «Գազպրոմ»-ը Թուրքիային մատակարարել է 23 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը ռեկորդային ցուցանիշ է այս ժամանակաշրջանի համար։ Երեկ այս մասին հայտնել է «Գազպրոմ»-ը՝ հավելելով, թե սա պատմական ռեկորդային ծավալ է այս ժամանակահատվածի համար և 153 տոկոսով ավելի է, քան մատակարարվել է 2020-ին։ Ընկերությունը նաև նշում է, որ Մոսկվան և Անկարան բարձր են գնահատում «Կապույտ հոսք» և «Թուրքական հոսք» գազատարների աշխատանքը, որոնք ռուսական գազը տեղափոխում են Սև ծովով։

Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի նախագահները և Բուլղարիայի վարչապետը Ստամբուլում «Թուրքական հոսք» նախագծի բացման արարողությանը, 8 հունվարի, 2020 թ.
Թուրքիայի, Ռուսաստանի, Սերբիայի նախագահները և Բուլղարիայի վարչապետը Ստամբուլում «Թուրքական հոսք» նախագծի բացման արարողությանը, 8 հունվարի, 2020 թ.

Անցած տարի ոլորտի փորձագետները գրում էին, որ Թուրքիան հրաժարվում է մեծ ծավալներով ռուսական գազ գնել։ Իրավիճակը փոխվել է այս տարվա սկզբին։

Երկու երկրների միջև համագործակցությունը առաջիկա օրերին Ռուսաստանում քննարկելու են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը։ Երեկ Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ պատրաստվում է Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան, հավելելով, թե սպասվող բանակցությունների օրակարգում կլինեն երկկողմ շատ հարցեր, ինչպես նաև Սիրիան և տարածաշրջանային այլ հակամարտություններ։

Անցած շաբաթ Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Էրդողանը սեպտեմբերին կժամանի Սոչի՝ Սիրիայում, մասնավորապես՝ Իդլիբի շրջանում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։

Օգոստոսի վերջին Էրդողանը հայտարարել էր նաև, որ Ռուսաստան կատարելիք այցի ընթացքում մտադիր է Պուտինի հետ քննարկել S-400 (C-400) զենիթահրթիռային համալիրների երկրորդ խմբաքանակը գնելու հարցը։

XS
SM
MD
LG